Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը համաձայնեց, որ Մաքսային միության անդամներից ոչ բոլորն են ուրախ մեզ տեսնել այնտեղ

Օգոստոս 23,2014 21:14

«Մաքսային միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երևի թե բոլորը ուրախ չեն: Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար»,- Aravot.am-ի հարցին՝ այնպիսի տպավորություն է, որ Մաքսային միությունում  ուրախ չեն մեզ տեսնել. որտեղի՞ց այդ տպավորությունը և արդյոք տեղի՞ն է այն, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե-2014» հավաքի փակման արարողությանը՝ Լրագրողների ջոկատի անդամ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Շարունակելով` նախագահը շեշտեց. «Մյուս կողմից էլ, այնպես չէ, որ Մաքսային միության բոլոր անդամները չեն ցանկանում: Եթե չցանկանային, ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և այն առաջ չէր շարժվի»:

Պարոն Սարգսյանը հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, իբր թե մեզ ստիպում են, որ գլխապտույտ արագությամբ դառնանք Մաքսային միության անդամ: Այնուհետև նախագահը մանրամասնեց. «Այն, ինչի համար մեր հասարակության մի մասը մեզ մեղադրում է, և ասում՝ ինչո՞ւ են մեզ տանում այնտեղ՝ մեզնով է պայմանավորված, և ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով: Այնպես որ, նորմալ է. դա էլ է մեր երկրի զարգացման համար կարևոր մի շրջափուլ: Շատ բան է մեր երկրում փոխվելու: Որևէ խնդիր չունեմ, ոչ այն մարդկանց հետ, որոնք քննադատում են, ոչ էլ նրանց հետ, ովքեր ամուր պաշտպանում են այդ գաղափարը: Ժամանակը ցույց կտա, և բոլորը կտեսնեն, թե ով է լինելու ճիշտը»:

Պատասխանը եզրափակելով՝ ՀՀ նախագահը որպես օրինակ բերեց ՀՀ անկախության հռչակագիրը՝ նշելով, թե «շատ մարդիկ կասկածներ ունեին, բայց քսանչորս տարի է անցել՝ չնայած բարդություններին և դժվարություններին, մեր երկրի ընթացքը հաստատուն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031