Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետ Թուրքիայից. «Ես կուզեի, որ բոլոր փաստաթղթերը բացվեին» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2014 20:14

«Ես չկարողացա Հայաստան գալ, այնտեղի սահմանն իսկապես սահման էր»,- տարիներ առաջվա ցանկության մասին ինձ հետ զրույցում պատմում է Թուրքիայից եկած արվեստագետ Սերդար Յըլմազը: Նա եղել էր Արեւմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում Վանում, Կարսում եւ այլն, զարմացել հայկական մշակույթով, ցանկացել էր Հայաստան էլ գալ, բայց սահմանը փակ էր եղել: Ասում է՝ հիմա Իստամբուլում շատ հայ ընկերներ ունի, ցանկանում է , որ հաղորդակցությունը երկու երկրների ժողովուրդների միջեւ մշտապես լինի:

Նրա հետ խոսեցի «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մեկնարկն ազդարարող միջոցառումից առաջ: Հիշեցնեմ, որ նախագիծը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի» ծրագրի շրջանակներում «Հանրային լրագրության ակումբի» (Հայաստան) եւ «Անատոլու Քյուլթուրի» (Թուրքիա) կողմից:

Ստամբուլի Մարմարա համալսարանի դասախոս, դոցենտ, նկարիչ Սերդար Յըլմազը պատմում է, որ նախագծի մասին իրեն տեղեկացրել են «Անատոլու Քյուլթուրի» կազմակերպությունից, սիրով համաձայնվել է մասնակցել: Ընտրել է նախագծին մասնակցող 4 երիտասարդ համալսարանականների, կարեւորել է, որ նրանք լինեն տարբեր համալսարաններից, հասցրել է արդեն ծանոթանալ նրանց հետ: Երիտասարդների մասին ասում է. «Նրանք այդքան էլ լավ պատկերացում չունեն հայ-թուրքական հարաբերություններից: Իրենց համար այս ծրագիրը շատ հետաքրքիր է, նրանք նոր սերունդ են, միասին են ինչ-որ բան ստեղծելու: Նրանք արդեն սկսել են աշխատել միասին, արդեն միասին գնացել են թանգարան: Կարծում եմ՝ հիանալի հնարավորություն է մշակույթներն իրար հաղորդակցելու»:

Թուրքիայից եկած հայտնի նկարչին հիշեցրի, որ հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակն է: «Ես փորձել եմ ուսումնասիրել պատմությունը, շփվել շատերի հետ՝ հասկանալու համար ճշմարտությունը,- ասաց նա, միեւնույն ժամանակ նշելով, որ նա արվեստագետ է, մասնագետ չէ, որ ամբողջությամբ տիրապետի պատմության վերաբերող տեղեկատվությանը:

«Ես կուզեի, որ բոլոր փաստաթղթերը բացվեին, ամեն ինչ բաց լիներ, տեսնեինք մենք ամեն ինչ: Այնքան շատ մշակութային արժեքներ, շենքեր կան, որ հայկական են,- ասում է նա: Նշում է , որ պետք է պարզել պատմությունից եկած խնդիրները, նշում է, որ ակնհայտ է, որ հարյուր տարի առաջ հայերը լքեցին իրենց պատմական տարածքները:

«Մենք գիտենք, որ այդ ժամանակաշրջանը համընկավ առաջին աշխարհամարտի հետ, պատերազմ էր եւ այլն»,- ասում է նա եւ կարծում, պետք է պարզել պատմական խնդիրները:

Թուրքիայից եկած նկարիչը կարծում է, որ մենք պետք է տարատիպ միջոցառումների շրջանակներում հաղորդակցվենք միմյանց հետ, պետք է փոխանակենք մեր մտքերը: «Մենք կարիք ունենք հաղորդակցության , այդ ճանապարհով շատ բան ավելի թափանցիկ կլինի»,- ասում է նա:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս. Վարդանյան says:

    Նյութը վատ չէ, բայց չեն ասում ցեղասպանության 100-ամյակ, այլ 100-ամյա տարելից: Ուրախ բաներին են այդպես ամյակով ասում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930