Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանի եւ նրա վստահորդի գործերն ինչո՞ւ են այսքան նման, երբ քննիչները տարբեր են

Հոկտեմբեր 12,2015 13:00

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց քննվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի, նրա սանիկի՝ Վահե Վարդանյանի ապօրինի գործողություններից տուժած Գայանե Թումասյանի բողոքի քննությունը:

Գայանե Թումասյանը վիճարկում է Ավան եւ Նոր Նորք համայնքների քննչական կոմիտեի քննիչ Սպարտակ Պողոսյանի կայացրած քրեական գործի կարճման որոշումը: Հիշեցնենք, որ նույն դատարանը, դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Ս. Ուզունյանի նախագահությամբ կայացրել էր մի որոշում, որով ամբողջությամբ բավարարել էր Գայանե Թումասյանի բողոքը քննչական կոմիտեի քննիչ Սպարտակ Պողոսյանի կայացրած քրեական գործի կարճման որոշման դեմ: Այնպես, ինչպես «Վելես» հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինե Պողոսյանի գործով էր, այս դեպքում Ավան եւ Նոր Նորքի դատարանն իր որոշման մեջ նշել էր մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ, որոնք ենթակա էին կատարման նախաքննության մարմնի կողմից:

Դատարանն արձանագրել էր, որ խախտվել են Գայանե Թումասյանի իրավունքները:
Ի դեպ, ինչպես իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով էր, Գայանե Թումասյանի գործով էլ դատարանի որոշումը մտել էր օրինական ուժի մեջ:

Dat_Hovhanne4s_Ericyan-2

Սակայն, եթե Մարինա Պողոսյանի օրինական ուժի մեջ մտած որոշման դեմ վերաքննիչ բողոքը շնչակտուր բերել է քննչական բաժնի մեկ այլ ավագ քննիչ՝ Պարույր Աղաբաբայանը, այս դեպքում քննչականը որոշում է կայացրել թիվ 17112714 քրեական գործի կարճված վարույթը վերսկսելու մասին: Ավան եւ Նոր Նորք համայնքների քննչական կոմիտեի քննիչ Սպարտակ Պողոսյանը, սակայն, «վերսկսելով»՝ այս տարվա մայիսի 11-ի որոշմամբ նորից կարճել է թիվ 17112714 քրեական գործի վարույթը, ինչն էլ առիթ էր դարձել, որպեսզի Գ. Թումասյանը բողոքարկի:

Մարինա Պողոսյանի գործով դատարանն արձանագրել էր, որ Հովհաննես Երիցյանը «կեղծ, արհեստական ապացույցներ է տրամադրել» նախաքննությանը՝ գոյություն չունեցող հանցագործության մեջ մեղադրելով Մարինա Պողոսյանին:

Ըստ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշման՝ արձանագրվել է. «Հիմնական պատճառը հանդիսացել է այն, որ Կենտրոն քննչական բաժնում քննիչ Կարապետյանի վարույթում ներկայումս քննվել է Զինա Մելիքյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը, որում Զինա Մելիքյանը մեղադրել է Հովհաննես Երիցյանին վաշխառության մեջ: Խարդախությամբ իր մոր՝ Թումանյան փողոցի վրա գտնվող առեւտրային տարածքին տիրանալու մեջ, ինչպես նաեւ Նորքի քննչական բաժնում քննության է առնվել մեկ այլ քրեական գործ, որը հարուցվել է Գայանե Թումասյանի հաղորդման հիման վրա: Թումասյանը կրկին մեղադրել է Հովհաննես Երիցյանին, նրա սանիկ Վ. Վարդանյանին՝ վաշխառության միջոցով խարդախությամբ իր համասեփականություն հանդիսացող առանձնատանը տիրանալու համար: Այս գործով նրա շահերը պաշտպանել է «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը, որի նախագահն էր Մարինա Պողոսյանը»:
Դատարանը գնահատելով Երիցյանի գործողությունները, որոնք, չգիտես ինչու, հիմք չեն հանդիսացել քննիչի կողմից քրեական գործ հարուցելու համար, նշել էր, որ «Երիցյանը, որպեսզի ազդի հասարակական կազմակերպության վրա, եւ ստիպի նրանց հետ կանգնելու իրենց իրավապաշտպան գործունեությունից, դիմել էր արհեստական ապացույցների միջոցով Կենտրոն քննչական մարմնին, կեղծ տեղեկատվություն տրամադրելու տարբերակին»:

Երկու գործով էլ դատարաններն ակնարկել են սուտ մատնության մասին, սակայն, չգիտես ինչու, այս գործերը չեն միացվել իրար, եւ քննիչներն ըստ էության կատարել են նույնանման գործողություններ, առանձին-առանձին՝ խախտելով դիմումատուների իրավունքները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031