Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Հանրայինի աշխատակիցը երբեք կասկածի առիթ չի տվել

Նոյեմբեր 26,2015 20:40

Երեկ ՀՀ  Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից Նորք Մարաշի առանձնատներից մեկում բացահայտված հանցավոր խմբի անդամներից մեկը՝ հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանն ընդամենը 10 ամիս էր, ինչ աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյանը: Նրա խոսքերով՝ Արման Հայրապետյանը արբանյակային հեռարձակման համակարգողն է եղել, ոչ թե թողարկիչը, ինչպես նշել էին լրատվամիջոցները:

Արուսյակ Զախարյանի ներկայացմամբ՝ Հայրապետյանը հերթափոխային ռեժիմով է աշխատել՝ շաբաթվա ընթացքում՝ մեկ օր. «Այսինքն` նրա պարտականությունները արբանյակով հեռարձակվող հաղորդումների դասակարգումն էր, որը ստուգվում էր, ապա թողարկիչն էլ թողարկում էր»:

Զախարյանն ասաց, որ հիմա այժմ Հանրային հեռուստաընկերությունը հետեւում է իրավական գործընթացներին, բոլոր հանգամանքներին եւ դրանց առնչությանը Արման Հայրապետյանի հետ:

Aravot.am-ի այն հարցին՝ երբեւէ նկատե՞լ են որեւէ տարօրինակ, կասկածելի վարք Հայրապետյանի կողմից, կամ ագրեսիվ դրսեւորում, որը կարող էր սպառնալիք լիներ հանրային հեռուստաընկերությանը, Արուսյակ Զախարյանն ասաց. «Քանի որ Հանրային հեռուստաընկերությունը ռազմավարական կարեւորության օբյեկտ է, ուստի մեզ մոտ վերահսկողությունն անվտանգության նկատառումներով շատ ուժեղ է:  Անցագրային կետում բոլորը ստուգվում են հատուկ սարքավորումներով, տեսախցիկներ կան, անվտանգությունը բարձր մակարդակի վրա է: Տվյալ աշխատակիցը որեւէ կասկածի առիթ չի տվել, գոնե նախնականով: Գուցե քննությունն այլ բան պարզի: Հայրապետյանը Հանրային հեռուստաընկերության բնականոն գործունեության մասով որեւէ խնդիր չի առաջացրել»:

Բացահայտված հանցավոր խմբի մյուս անդամներից մեկը՝ Նելլի Մինասյանը, ինչպես երեկ հայտնի է դարձել, Բաղրամյան պողոտայի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ակտիվ մասնակիցներից էր:

Նկարում ձախից չորրորդը` Նելլի Մինասյանը:

Նկարում ձախից չորրորդը` Նելլի Մինասյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանն Aravot.am-ին ասաց, որ Նելլի Մինասյանը Բաղրամյանի ակցիաների ժամանակ  ոչ մի արտառոց վարք չի դրսեւորել. «Մեր կողմից պահանն է եղել դրված, որ որեւէ սադրիչ կամ անօրինական գործողություն չլինի, ուստի մենք շատ զգոն ենք եղել, եւ նման բաներ նկատելիս դիմում էինք ոստիկաններին: Նելլին առաջին իսկ օրվանից մասնակցել է ակցիային, համակարգող խմբում չի եղել, բայց այլ գործողություններին՝ իրազեկման ակցիաներին եւ նման այլ գործողություններին մասնակցել է»:

Մեր այն հարցին՝ նկատե՞լ են, որ Նելլին հակաիշխանական, իշխանափոխության, բռնության կոչեր անի Բաղրամյանի ակցիաների ժամանակ, կամ ագրեսիվ վարք դրսեւորի, Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Մենք մոտ չենք եղել, չեմ կարող ասել ագրեսիվ  վարքի մասին: Այնպիսի հարաբերությունների դաշտում չենք եղել, որ հասկանայինք՝ ինքը կարո՞ղ էր նման քայլերի դիմել, թե՝ ոչ: Նման կոչերը մեր կողմից խստիվ արգելված են եղել, մենք հորդորել ենք՝ կամ նման կոչեր չանել, կամ հեռանալ: Նելլիի կողմից չեմ նկատել արտառոց նմանատիպ արձագանքներ: Բազմության մեջ ինչ-որ կոչեր եղել են՝ «Սերժիկ, հեռացիր» եւ այլն, բայց մենք մոտեցել ենք ու վերջ տվել դրան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    “Հանցավոր խումբ”??? Հանցավորը Սերժիկի ռեժիմն է

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30