Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը պարտվելուց հետո հիշեց հաղորդման ենթակայության մասին

Հոկտեմբեր 01,2016 16:00

Գայանե Թումասյանն անցյալ տարի դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հանցագործության մասին հաղորդմամբ:

Ըստ այդ հաղորդման, Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետը՝ Հովհաննես Երիցյանը, խարդախության միջոցով տիրացել է իր անշարժ գույքին:

Գ. Թումասյանը դատական նիստերի ժամանակ պնդում էր, որ այդ խարդախության պատճառով իրենք հայտնվել են փողոցում:

Ի դեպ, նման հաղորդումներ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետի վերաբերյալ էլի էին եղել, եւ մենք լուսաբանել ենք ընթացած դատական նիստերը:

Սակայն գլխավոր դատախազությունը ընթացք չէր տվել հաղորդմանը:

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն առաջնորդվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով, որը, ըստ նրա, հավասար է բոլոր սուբյեկտների համար: Համաձայն նշյալ հոդվածի, «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.
1) քրեական գործ հարուցելու մասին,
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին,
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»:

Մինչդեռ, ըստ գործի նյութերի եւ ըստ Գայանե Թումասյանի փաստարկների, հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վահե Դոլմազյանը բողոքը ստանալուց հետո, 65-րդ օրը միայն նամակ էր ուղարկել՝ տեղեկացնելով, թե քաղաքացու ներկայացրած հաղորդումը ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն չի պարունակում:

Հետեւել էր Գայանե Թումասյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազության, որի քննությունը տեղի էր ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Ա. Բեկթաշյանի նախագահությամբ ընթացած բողոքի քննությունն ավարտվել էր քաղաքացու հաղթանակով, դատարանը ճանաչել էր դատախազության անգործությունը, բողոքը բավարարել էր և իր որոշմամբ դատախազությանը պարտավորեցրել էր քաղաքացու հաղորդման վերաբերյալ ընդունել օրենքով նախատեսված որոշում:

Գլխավոր դատախազությունը դիմել էր վերաքննիչ քրեական դատարան, բողոքարկելով Կենտրոնի դատարանի որոշումը:

Երկու օր առաջ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը, ինչը նշանակում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մտնում է օրինական ուժի մեջ:

Քաղաքացին ըստ էության հաղթեց գլխավոր դատախազությանը:

Բայց ինչ կատարվեց այս որոշումից հետո:

Հանկարծ գլխավոր դատախազությունը մտաբերեց, որ Գայանե Թումասյանի ներկայացրած հաղորդումը պետք է հանձնվի ըստ ենթակայության, եւ որոշում ընդունեց այն ուղարկելու ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ի դեպ, ինչպես մենք տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, դեռևս անցած տարի Գ. Թումասյանի հաղորդման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
Դատարանում Գ. Թումասյանի ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն «Առավոտին» ասաց, թե. «Հովհ. Երիցյանի գործով, որը հայտնի է «Վաշխառուների գործ» անվամբ, էլի հաղորդումներ են եղել, եւ դատախազությունը ընթացք չի տվել: Նրանցից մեկը՝ Զինաիդա Մելիքյանը, նույնպես առաջին ատյանի դատարանում հաղթել էր, դատախազությանը պարտավորեցվել էր ընթացք տալ հաղորդմանը, սակայն դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան»: Ի դեպ, դատախազության բողոքի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 5-ին:
Հիշեցնենք մեկ այլ գործի մասին էլ, ինչը բարձրաձայնել է «Առավոտը». ՌԴ քաղաքացի Դավիթ Ստեփանյանի, որին Երիցյանը տոկոսով տվել էր 900 000 եվրո գումար, ապա ստացել մեկ միլիոն 498 000 դոլար:

Ամսական նա Հովհ. Երիցյանին էր տվել տասնութ հազար եվրո տոկոս գումար: Իսկ երբ քաղաքացին բարձրաձայնել է խնդիրը, հետեւել էին սպառնալիքները:

ՀՀ գլխավոր դատախազ, նախկին Երեւանի դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ հարուցվեց քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի հատկանիշներով: Դատախազ Ա.Դավթյանն արձանագրել էր. «Հատկանշական է այն հանգամանքը, որ հետաքննության մարմինը առանց պատշաճ ստուգման եւ գնահատման ենթարկելու Հ. Երիցյանի կողմից հնչեցրած սպառնալիքների կոնկրետությունը, անհիմն եզրակացրել է, որ դրանք չեն կարող պարունակել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու բնույթ»: Իսկ Հ. Երիցյանն ո՞ւմ չէր սպառնացել մինչ օրս:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

30.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31