Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին». Դանիել Երաժիշտ

Նոյեմբեր 22,2017 13:29

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հերթական կամերային համերգը նախատեսված է նոյեմբերի 28-ին` Հայաստանի ազգային պատկերասրահում: Առաջին անգամ հանդիսատեսին կներկայացվի «Արքայական համերգ» խորագրով ծրագիրը, որը ներառում է տարբեր ժամանակների տարբեր արքաների  ստեղծագործություններ: Փառատոնային համերգին ընդառաջ զրուցեցինք ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտի հետ:

-Մաեստրո, հայ ունկնդիրը նոյեմբերի 28-ին հնարավորություն կունենա մասնակիցը լինել  «Արքայական համերգի»: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

-Այս համերգին հնչում են թագավորների, կան նաև առաջին հայացքից ոչ թագավորների գործեր, օրինակ՝ Բախ է հնչելու: Բախը երաժշտության «արքայության» թագավորն է: Բախը գրել է իր մեծակերտ շարքը՝ «Երաժշտական ընծա» Ֆրիդրիխ թագավորի տված թեմայով: Այդ ստեղծագործության մեջ զգացվում է երկու թագավորների շունչը: Դա ինձ համար շատ կարևոր է:

-Կա՞ն հայ արքաների ստեղծագործություններ:

-Հայ արքաներից ինձ հայտնի չէ որևէ ստեղծագործող: Բայց քանի որ հայերը և՛ աշխարհագրորեն, և՛ պատմականորեն յուրահատուկ իրավիճակում են, մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, եկեղեցին ստանձնել է ղեկավարի դերը, և մեր կաթողիկոսները եղել են առաջնորդներ: Պարտադիր չէ, որ անունը թագավոր լինի: Օրնակ՝ Կոմիտաս կաթողիկոսը, Ներսես Շնորհալին, Աշոտ Պատրիկ Բագրատունին ևս գործեր են հեղինակել:  Պատրիկ նշանակում է իշխան, նա միակ աշխարհիկ մարդն է, որի շարականը եկեղեցին ընդունեց և կանոնացրեց, ու այն տեղ գտավ շարակնոցում:

«Արքայական համերգ» նախագիծը հանդիսատեսին է ներկայացվում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում…

-Ես շատ շնորհակալ եմ իմ հարազատ, սիրելի Երիտասարդական նվագախմբին: Նրանք պայծառացնում են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պատիվը, քանի որ հաստատում են, թե ինչպիսի՜ դասեր են ստացել: Այս արդյունքը կոնսերվատորիայի տված դասերն են: Արդյունքը պայծառացնում է ոչ միայն Հայաստանը, այլև արտերկիրը շնորհիվ համակրելի, տաղանդավոր, լուսակիր մաեստրո Սերգեյ Սմբատյանի: Շնորհակալ եմ, որ հնարավորություն տրվեց իրենց տիեզերական սիմֆոնիայում դառնալ մեկ հնչյուն:

-Կարծում եմ՝ դժվար կլինի ամբողջացնել, այնուամենայնիվ` ի՞նչ է երաժշտությունն ընդհանրապես, ու ի՞նչ ունի այս համերգը փոխանցելու հանդիսատեսին:

-Երաժշտությունն Աստծո հետ խոսելու լեզու է, ապրելակերպ է ինձ համար, քանի որ ֆիզիկական ու նյութական կյանքը պատվանդան է, սևագրություն, նախանվագ նախքան մահը, անմահությունը: Կյանքը պատվանդան է, արձանը երաժշտությունն է: Եվ, իրոք, երաժշտությունը մեզ տանում է դեպի երկինք, ի տարբերություն նյութական կյանքի՝ այնտեղ կա ներդաշնակություն, խաղաղություն, հաշտություն: Միջնադարյան պոետ Առաքել Սյունեցին հրեղեն խոսքեր է ուղղղել Նարեկացուն՝ «Չարին հաղթեմ քո երգով, քաղցրանվագ քո դեղով»: Այո, երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին։

 

Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` hetq.am-ից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930