Լրահոս
Օրվա լրահոսը

«Չակերտավոր մանկավարժները կործանում են երեխայի ապագան, նրանք մարդասպանից ոչնչով չեն տարբերվում»

Դեկտեմբեր 18,2017 12:30

Ժողովրդական երաժշտարվեստում ավելի քան երկու տասնամյակ բեմական
եւ մանկավարժական գործունեություն ծավալած մասնագետի դիտարկումները

«Առավոտի» տեղեկություններով՝ Եվրոպայի տարբեր երկրներում ավանդաբար անցկացվող «Հարազատ ձայն» միջազգային մրցույթին, որն այս տարի կայացել է Իսպանիայի Լլորետ դե Մար քաղաքում, առաջին անգամ մասնակցել է Հայաստանը: «Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիան ներկայացնող պատանի կատարողներ Յուրի Սարգսյանը (16 տարեկան) եւ Գրիգոր Գրիգորյանը (18 տարեկան) արժանացել են առաջին մրցանակի, որոնք ուսանում են ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ճանաչված երաժիշտ Մխիթար Քեթցյանի դասարանում: Այս տարի Հայաստանի ժողովրդական նվագարանների պետական նվագախմբի (ղեկավար՝ Նորայր Դավթյան) ընկերակցությամբ կայացավ նաեւ Քեթցյանի սան, 13-ամյա երգիչ Գրիշա Ասատրյանի մենահամերգը: Նկատենք, որ այս հաջողությունները շուրջ երեք տարի գործող ստուդիայի համար մեծ ձեռքբերում են:

Մխիթար Քեթցյանը շուրջ 25 տարի «Սայաթ -Նովա» աշուղական անսամբլում էր (ղեկավար՝ Թովմաս Պողոսյան) որպես քամանահար ու երգիչ, բայց նրան լայն ճանաչում բերեց «Շանթ» հեռուստաընկերության 2007թ.-ից 4 եթերաշրջան անցկացվող «Ժողովրդական երգիչ» նախագիծը, որի գեղարվեստական ղեկավարն էր:
Մեզ հետ զրույցում Մխիթար Քեթցյանը պարզաբանեց, որ շուրջ 20 տարի վարում է նաեւ մանկավարժական գործունեություն: Խոսելով ստուդիայի սաների մասին, ասաց, թե իր դասարան են հաճախում 8 եւ բարձր տարիքի 12 պատանի: Նշեց, որ հայկական ժողովրդական ու աշուղական երգի հանդեպ ունեցած սերը նույնիսկ ռուսաստանաբնակ 45-ամյա մի ջավախեցու է բերել, որն այսօր ուսանում է իր ստուդիայում:

Մինչ «Շանթի» «Ժողովրդական երգիչ» նախագիծը, այս ոլորտում վակուում էր առաջացել եւ հենց նախագիծը հայտնաբերեց շնորհալի երիտասարդների: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց, որ նախագծի շրջանակներում պարապել է մոտ 150 երիտասարդի հետ ու առանձնացրեց արդեն իրենց լսարանն ունեցող սիրված երգիչների անուններ՝ Եվա Թաշչյան, Եվա Եգանյան, Հայկուհի Բաբախանյան, Սեւակ Ամրոյան, Մավր Մկրտչյան եւ այլք:

«Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցները՝ անվանի երգիչների հետ:

Դիտարկմանը, թե հարյուրավոր ստուդիաներ կան, որտեղ կասկածելի կրթությամբ մանկավարժներ են դասավանդում ժողովրդական երգ, Մխիթար Քեթցյանը նեղսրտեց, որ պատահել են դեպքեր, երբ ծնողն իր տասը տարեկան երեխային բերել է լսելու ու պարզվել է, որ մանկավարժը պարզապես մանկան ճակատագրի հետ է խաղացել. «Եթե փոքր-ինչ ուշացումով երեխան գար ինձ մոտ, համոզված եմ, որ ժամանակ անց ոչ թե երգել չէր կարողանա, այլ գուցե խոսելու խնդիր էլ ունենար՝ ձայնի հետ կապված: Նման չակերտավոր մանկավարժները կործանում են երեխայի ապագան, նրանք մարդասպանից ոչնչով չեն տարբերվում… Ի՞նչ է նշանակում 10 տարեկան երեխայի ձայնը մշակել: Կա հատուկ մեթոդ՝ ձայնի արտաբերման կուլտուրա, ինչին պետք է նախ դասատուն տիրապետի…»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ մերօրյա շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների կողմից գուսանական, աշուղական երգերի իսկապես խայտառակ մեկնաբանմանը: Մխիթար Քեթցյանը համակարծիք լինելով հայտնեց, թե նման բան, իհարկե, կա, բայց շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ թեեւ աստղեր են, բայց մեծամիտ չեն, գալիս են իր մոտ խորհրդի. «Մի բան պետք է նշեմ. այս ամենում լավ բան էլ կա՝ այդ աստղերը անդրադառնում են ազգային երգին»:

Մխիթար Քեթցյանն իր «Հայրենի երգ» ստուդիայի սաների հետ:

2000-ականների սկզբներին Տերյանի խոսքերով Մխիթար Խեթցյանի «Երբ կհոգնես…» երգը սեփական մեկնաբանմամբ «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությանն արժանացավ առաջին մրցանակի: Հետաքրքրվեցինք՝ շարունակո՞ւմ է երգահանի գործունեությունը, ինչպե՞ս է վերաբերվում մերօրյա աշուղներին, աշուղ ձեռնադրվելու մտադրություն չունի՞: Արվեստագետը պատասխանեց. «Ունեմ աշուղական տաղաչափության շրջանակներում, նաեւ Չարենցի, Համո Սահյանի եւ մյուս դասականների ու ժամանակակից պոետների բանաստեղծություններով հեղինակած երգեր, բայց չեմ կարող այնքա՜ն մեծամիտ գտնվել ու անունս դասել Սայաթ-Նովայի, Ջիվանու եւ մյուս անվանի աշուղների շարքում»:
Թեեւ շուրջ քառորդ դար Մխիթար Քեթցյանը «Սայաթ-Նովա» անսամբլում հանդես է եկել նաեւ որպես երգիչ, բայց հանդիսատեսը վերջին տարիներին է իր համար հայտնաբերել այս կատարողին: Պատճառը պարզ է. մի բան է երգել անսամբլում (նկատի ունենք «Սայաթ-Նովան», որն ունի 12 երգիչ), թեեւ ժամանակ առ ժամանակ երգիչներն էլ հանդես են գալիս որպես մենակատար, բայց դա բավարար չէ ճանաչման արժանանալու համար, մի այլ բան՝ հանդես գալ որպես մենակատար: Այսօր, երբ իր մենակատար երգչի գործունեությամբ սիրված անուն է Մխիթար Քեթցյանը, հարցրինք՝ չի՞ պատրաստվում մենահամերգ ունենալ, նա պատասխանեց. «Հայաստանում մենահամերգ չեմ ունեցել, բայց շուրջ 4 տարի առաջ, երբ հրավիրված էի Թեհրան իբրեւ վոկալի մասնագետ, այնտեղ ունեցա իմ առաջին մենահամերգը: Երեւանում պատրաստվում եմ դրան: Այն հավանաբար կկայանա 2018-ի աշնանը: Ինչ վերաբերում է համերգային գործունեությանս, եւ «Սայաթ-Նովա» անսամբլի, եւ «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցների հետ շատ եմ շրջագայել. միայն 13 անգամ եղել եմ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա եւ այլն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031