Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրներ կան հասարակական, միջանձնային, պետական ապարատի եւ սպասարկման ոլորտներում»

Փետրվար 14,2018 12:30

Կարծում է Էթիկայի դպրոցի տնօրեն
Գեւորգ Մկրտչյանը

Քաղաքակիրթ հասարակությունը եղել ու մնում է ցանկացած պետության հիմնաքարերից մեկը: Կարեւոր լակմուս է նաեւ էթիկան:

«Առավոտը» զրույցի հրավիրեց Էթիկայի դպրոցի տնօրեն Գեւորգ Մկրտչյանին: «Մեր նպատակն է շաբաթական երկու անգամ եռամսյա դասընթացների միջոցով 15-ից բարձր տարիքի անձանց տրամադրել էթիկայի, էթիկետի, սպասարկման ու օգտվելու կանոնների, հռետորիկայի, բանավեճի, դիվանագիտության, արդյունավետ հաղորդակցման, ընտանեկան էթիկայի, բեմական խոսքի, բանակցությունների, իմիջի, անհատի առաջնորդական, կառավարման եւ մարքեթինգի հմտություններ, ձեւավորել սոցիալական կապիտալի եւ փոփոխության հարթակ եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը: Նշեց, որ դասընթացներին հրավիրում են բարձրակարգ մասնագետներ տարբեր ոլորտներից. «Օրինակ, հռետորիկա- բանավեճ դասաժամի համար հրավիրել ենք Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանին: Էթիկայի դերի մասին դասախոսությամբ հանդես է եկել Նարեկ Դուրյանը, հանրային սննդի սպասարկման մասնագետ Միհրդատ Հարությունյանը ուսուցանել է սպասարկման եւ օգտվելու էթիկա, իմիջի մասով հանդես է եկել մայր բուհի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը: Խորհրդանշանների թեմայով զրուցելու հրավիրել ենք մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանին եւ այլն»:


Գեւորգ Մկրտչյանը հավաստիացրեց, որ դպրոցի շուրջ յոթ տարիների գործունեության ընթացքում 600 շրջանավարտ են ունեցել, անցկացրել ավելի քան 5000 բաց դաս, իրականացրել են տարբեր կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստում, թեմատիկ քննարկումներ ճարտարապետության, երաժշտության, նկարչության եւ մշակույթի այլ ոլորտների հետ կապված եւս:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում վիճակը հանրապետությունում, էթիկան ո՞ր ոլորտում է վտանգված, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես վտանգված բառը չէի օգտագործի: Այդուհանդերձ, խնդիրներ կան հասարակական, միջանձնային, պետական ապարատի, սպասարկման ոլորտներում եւ այլ հասարակական բնագավառներում: Մեր իրականությունում տեղի են ունեցել արժեհամակարգային փոփոխություններ, ներմուծվել արժեքներ, հարաբերություններ, որոնք ինչպես մարտահրավերի տարրեր են պարունակում, այնպես էլ զարգացման հնարավորություն են տալիս: Այստեղ է, որ պետք է պահպանել ազգային առանձնահատկությունները, դրանք վերանայել ու զարգացնել՝ ստեղծելով նոր գաղափարներ ու տեղայնացնել մեր աշխահընկալմանն ու ապրելաձեւին համապատասխան»: Գեւորգ Մկրտչյանը գտնում է, որ պետք է ունենալ հստակ մշակված քաղաքականություն ինչպես պետական, այնպես էլ անհատական մակարդակներում:
Զրույցի ընթացքում խոսք գնաց նաեւ նոր ծրագրերի մասին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ նախատեսում են առաջիկայում մեկնարկել էթիկայի նոր փաթեթ փոքրերի համար:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

13.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728