Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ եմ հորս, քանի որ նրա միջոցով եմ ծանոթացել Քշիշտոֆի հետ»

Փետրվար 15,2018 14:00

Հարցազրույց Էլժբետա Պենդերեցկայի հետ

– Տիկին Պենդերեցկա, դուք ոչ միայն եվրոպական երաժշտության դասականի՝ Քշիշտոֆ Պենդերեցկու տիկինն եք, այլեւ հայտնի եք որպես Լեհաստանի բեթհովենյան միության նախագահ, մի շարք ազգային եւ միջազգային փառատոների կազմակերպիչ: Դժվար չէ՞ արդեն ավելի քան կես դար լինել նման հանճարի կողքին:

– Բացարձակ դժվար չէ: Մանավանդ որ՝ ամուսինս ունի բնավորության հիանալի գծեր, այդ թվում՝ հումորի մեծ զգացում: Քշիշտոֆը նվիրված է ընտանիքին: Միակ բանը, որ նրան խանգարում է աշխատել, դա երաժշտությունն է (ժպտում է): Մենք մշտապես ունկնդրում ենք Բրամսի, Մոնտեվերդիի, Չայկովսկու, Ռախմանինովի, հատկապես Շոստակովիչի երաժշտությունը: Ընդ որում, ամուսինս շատ է ղեկավարել Շոստակովիչ: Նշեմ, որ 20-րդ եւ 21-րդ դարերի երաժշտություն տանը մենք համարյա չենք լսում (ժպտում է):

– Դուք մասնագիտությամբ երաժիշտ չեք, այնպես, ինչպես ձեր հայրը, որը տարիներ շարունակ հանդիսացել է Կրակովի ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահարների խմբի կոնցերտմայստերը, բայց…

– Ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, բայց մեծացել եմ երաժշտական միջավայրում: Այո, հայրս առաջին մասնագիտությամբ իրավաբան էր, բայց իրեն առաջին հերթին համարում էր երաժիշտ: Նա նաեւ Կրակովի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր էր եւ ես շնորհակալ եմ հորս, քանի որ նրա միջոցով եմ ծանոթացել Քշիշտոֆի հետ:

– Հիշո՞ւմ եք, արդյոք, ձեր առաջին երաժշտական ձեռնարկը:

– Իհարկե, Կրակովից ոչ հեռու, գեղատեսիլ մի վայրում 18-րդ դարի մի շինություն կա, որտեղ 1980 թվականից ամուսնուս հետ անցկացրինք կամերային երաժշտության առաջին փառատոները: Երազում էինք այն վերածել միջազգայինի: Որոշ ժամանակ անց Եվրոպական երաժշտական ինստիտուտը, որը Պենդերեցկու անունով է, այդ միտքը եւ առաջարկը ներկայացրեց մշակույթի նախարարություն եւ ստացավ համաձայնություն:

Առաջին շրջանում միջազգայինի անվան տակ հրավիրում էինք երաժիշտներ միայն ԽՍՀՄ-ից, հետո աշխարհագրությունը մեծացավ:

– Հայ երաժիշտներից ձեր հիմնած փառատոնին մինչ օրս մասնակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը…

– Նոյեմբերին կայանալիք փառատոնին հրավիրել ենք ոչ միայն Սերգեյ Սմբատյանին, այլեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին: Հենց նոյեմբերին Քշիշտոֆը դառնում է 85 տարեկան: Հայաստանցի դիրիժորները կղեկավարեն նրա սիմֆոնիաները:

Սալվադոր Դալին եւ Քշիշտոֆ Պենդերեցկին, 1970թ.

– Ասում են՝ Սալվադոր Դալին՝ ազդված Պենդերեցկու երաժշտությամբ, ստեղծել է կտավների շարք…

– Այո, դա այդպես է: Դալիի տանը մենք մի քանի անգամ ենք հյուրընկալվել: Տարիների ընթացքում ծանոթացել ենք 20-րդ դարի այլ հանճարների հետ նույնպես, այդ թվում՝ Ստրավինսկու, Շագալի, Պիկասոյի եւ այլն: Չխամրող հիշողություններ ունենք՝ կապված Ռոստրոպովիչի հետ, որի ընտանիքին ծանոթ ենք մի քանի տասնամյակ: Հիշում եմ՝ ես դեռ աղջնակ էի, երբ արդեն ճանաչված թավջութակահարը հյուրախաղերի եկավ Կրակով… Հիշում եմ նաեւ, որ երբ Ռոստրոպովիչը հեռացավ ԽՍՀՄ-ից, ամուսնուս հետ մենք ներկա գտնվեցինք Նյու Յորքում նրա առաջին մենահամերգին: Մեծ երաժիշտ էր, հումանիստ: Նա ոչ միայն մեր, այլեւ բոլոր երաժիշտների ընկերն էր: Հիշում եմ նաեւ, որ ամուսինս երբ 1959թ. առաջին անգամ հաղթեց կոմպոզիտորների ազգային մրցույթում, ստացավ 150 դոլար: Այն տարիներին դա հսկայական գումար էր, եւ նա իրեն թույլ տվեց մեկ շաբաթով մեկնել Իտալիա ու եվրոպական մեկ-երկու երկիր եւս, որտեղ կայացան նրա առաջին ծանոթությունները վերը նշված անվանի արվեստագետների հետ:

– Շրջագայությունների ժամանակ ձեզ ընդունում են նաեւ առաջին դեմքերը: Ասում են՝ մեկ-երկուսի հետ նույնիսկ պահպանում եք մտերիմ հարաբերություններ…

– Նման բան կա: Կոնկրետ Հայաստանի դեպքում՝ սա Քշիշտոֆի չորրորդ համերգաշարն է եւ անցկացվում է ձեր երկրի նախագահի տիկնոջ հովանու ներքո, ինչն արդեն բարեկամության նշան է:

 

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում` Էլժբետա Պենդերեցկան ամուսնու հետ:

«Առավոտ»

14.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728