Լրահոս
Օրվա լրահոսը

«Վռամշապուհը լիներ, Վռամշապուհից կվերցնեի մեդալը, բայց որ Սերժ Սարգսյանն է, իրենից եմ վերցնում»

Մարտ 30,2018 13:30

Լեւոն Ջավախյանի հերթական` «Ծնկան ծերին» գիրքն ընթերցողի սեղանին է: Ջավախյանն ինչպես միշտ, առաջնորդվում է Էքզյուպերիի սկզբունքով` «Ամենակարեւորն աչքով չես տեսնի» եւ գրում է զուտ ամենակարեւորի մասին: Չի սիրում աջ ու ձախ հարցազրույցներ տալ, մեր հարցազրույցն էլ էքսպրոմտ էր, չնախատեսված ու ինքնաբուխ:
Ուղղակի հանդիպեցինք սիրելի գրողին Վերնիսաժում` արծաթյա զարդերի իր վաճառասեղանի առաջ, խոսեցինք դեսից-դենից, խնդրեցինք այդ պահին ծնված մի քանի հարցի պատասխանել:

– Այսօր արդեն պահանջված գրող ես, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր գրել…

– Երկու բան օգնեց դրան` մեկը Հրանտ Մաթեւոսյանի «Ծառեր» ստեղծագործությունը, որ կարդացի ու ոնց որ քնած մարդու մեջ գրող արթնացներ: Բայց այն ժամանակ դեռ գրելու մասին չէի մտածում: Իրականում ես գրող դարձա պարապությունից: Պարապ էի, չգիտեի` ինչ անեի, աշխատում էի Լենինյան գործկոմում` անչափահասների հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն էի: Մարդիկ ժիր ու ժրաջան ղես ու դեն էին գնում, սեղանի վրա թղթեր դաստում, ամեն մի թուղթ մի գործ էր, փող էր, ես էլ փող աշխատելու ձեւերը չգիտեի, ու քանի որ չգիտեի, թե ինչով զբաղվեմ, սեղանս էլ ոնց որ ավլած կալ լիներ, կարող էի էդ սեղանի վրա սոթ տալ, ստիպված թուղթը վերցրի ու սկսեցի գրել, էդպես պարապությունից գրող դարձա:

– Լավ, ո՞նց պատահեց, որ լավ գրող դարձար…

– Լավ գրող դառնալու համար մի բանը քիչ է, մենակ տաղանդը քիչ է, տասը եւ ավելի բան է պետք` որտեղ ես ծնվել, ինչ ծնողներից ես ծնվել, ինչ շրջապատում ու բնության մեջ ես մեծացել, ինչ գրքեր ես կարդացել, ոնց ես սովորել….Շատ բաներից է կախված: Բայց, միեւնույն է, Ալավերդիում, որտեղ ես եմ ծնվել, մեծ գրող չէի կարող դառնալ, որովհետեւ մեծ ձկները մեծ ջրերում են լինում, ես չեմ ասի, թե մեծ ձուկ եմ, էդ թող ընթերցողն ասի… Օրինակ, մեր Սեւանա լճում, ինչքան էլ տրաքենք, Կետ ձուկ չի կարող լինել, փոքր ձկներ են միայն… Լավ գրող դառնալու համար շփում է պետք, մտավորական շրջանակ եւ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ես Երեւան տեղափոխվեցի, եւ այդ գործում մինչեւ հիմա գլուխ է գովում կինս: Մի օր ջղայնացա, կնոջս հետ կռվեցի, դե ի՞նչ մարդ ու կնիկ, որ կռիվ չանեն, ինքն ասաց, որ ես քեզ քաղաք չբերեի, դու ո՞վ էիր լինելու: Իսկապես ես շահեցի էդ առումով: Բայց էն գլխից իմ ոտքի տակ ասֆալտ է եղել, որ ինձ օգնել է: Ճիշտ է, որոշակի ավանդապահությամբ գյուղացի մնացի, բայց հոգով քաղաքացի եղա: Երեւանում ինձ ազատ ու անկախ եմ զգում: Շատ հաճախ գրական շրջանակում ես ավելի շատ կորցնում եմ, քան շահում, ինձ ասում են` գեղցի ես, գեղցի, ես էլ ասում եմ՝ քանի ձեր նման քաղաքացիներ իմ կողքին քաղաքացի դարձան…

Ես անում եմ մի բան, որ ոչ ոք չի անում: Իմ ստեղծագործությունը նման է մեղվի աշխատանքին, այսինքն, ես կյանքից անընդհատ վերցնում եմ նեկտարը…Մի բան չկա, որ իր մեջ գեղարվեստ պարունակի, ու ես մեղվի նման չբերեմ ու փեթակս դրանով հարստացնեմ: Շատերն ասում են` Լեւոն, ինչից է, որ քիչ ես գրում…Ես նոր ջոկել եմ, թե ի՞նչն է պատճառը: Էդ խոսքերը, բառ ու բանը շաղ տված չի գետնին: Ոնց որ մարգարիտը, ոսկին, ադամանդը, դրանք թափված չեն, պիտի դրանք տեսնես, փնտրես, գտնես….Ինչ-որ տեղ իմ արածը էդ առումով բանահավաքչություն է, իսկ ո՞նց է դա իմ ներքին ենթագիտակցության մեջ խմորվում եւ գրչիցս արտաբերվում, դա արդեն ինձ է հայտնի…
Ուրիշներն իմ գրածը կարդալով կկարծեն, թե սա սուպերռեալիզմ է, սուպերլուսանկարչություն, բայց դա թվացյալ է…Ես իրականում տեսնում եմ ամենակարեւորը, այսինքն, Էքզյուպերիի ասած` ամենակարեւորն եմ տեսնում եւ բերում եմ գրականություն:

– Իսկ ո՞րն է ամենակարեւորը:

– Ամենակարեւորը ոչ աչքով կարող ես տեսնել, ոչ խոսքով արտաբերել, ամենակարեւորը իմ պատմվածքներն են…Ցանկացած կենդանի օրգանիզմ մինչեւ արարվելը սաղմնային վիճակում է լինում, հետո էդ սաղմը մարմին է դառնում, շնչավոր է դառնում: Իմ տեսած ամենակարեւորը էդ սաղմի հյուլեական վիճակն է, որը ընթերցողը կկարդա եւ կբեղմնավորվի, կարող է հետո «հղիանա» ինձանով: Հրանտ Մաթեւոսյանը մի շատ գեղեցիկ ու տարօրինակ տող ունի, ասում էր, որ ստեղծագործողը իգանում է, այսինքն՝ ծննդկան է դառնում, ծննդաբերում է…Այ, հենց էդտեղից է սկսվում իմ գրականությունը եւ ավարտվում է ընթերցողով, սակայն էնքան էլ չի ավարտվում, իմ գրվածքներում բազմակետերն ավելի շատ են, քան վերջակետները…. Հետեւաբար ընթերցողին անելու շատ բան է մնում, լոռեցիք ասում են` թամամ խոսքը էշին կասեն…Հիմա իմ խոսքն էլ թամամ խոսք չի, իմ խոսքը շարունակական խոսք է, որը գնում է դեպի ընթերցողը:

– Քո «Մովսես Խորենացի» մեդալը շատ շահարկվեց, բայց քո գրքի շապկին հենց այդ մեդալով լուսանկարն ես դրել…

– Ես բախտավոր մարդ եմ` Խորենացին բախտ չունեցավ իմ պատկերն իր կրծքին կրելու, ես բախտ ունեցա իր պատկերն իմ կրծքին ունենալու: Խորենացին ինձ համար պաշտամունք է, նա ծննդյան վկայականն է մեր ժողովրդի, եթե էս աշխարհից գնալիս լինեմ կամ քոչելիս լինեմ մի ուրիշ աշխարհ, ինձ ասեն՝ մի գիրք վերցրու հետդ, ես Խորենացու «Հայոց պատմությունը» կվերցնեմ: Էդ առումով բախտս բերեց ու «Խորենացի» ստացա… Վռամշապուհը լիներ, Վռամշապուհից կվերցնեի մեդալը, բայց որ Սերժ Սարգսյանն է, իրենից եմ վերցնում…Ի՞նչ է` էս աշխարհում իմ երկրից փայ չկա՞, էդ սուտ է, որ ասում են, թե իբր արվեստագետները փառք չեն սիրում, դա նույնն է, որ արտիստը բեմ բարձրանա, եւ նրա համար միեւնույն լինեն ծափահարությունները…Եթե ես այնքան ուժեղ լինեի, ինչպես Հիսուս Քրիստոսը, Մուհամեդը կամ ասենք՝ Հոմերոսը, որոնք իրենց ասելիքը գիր չեն դարձրել, այլ խոսք են ասել, չէի գրի, մինչդեռ ես իջել եմ թղթի մակարդակի հանուն փառքի, որ ընթերցողը կարդա ու ինձ ծափ տա, մի ձեւ էլ էդ մեդալն է: Այդ առումով ինձ շատ հայհոյեցին: Ի հեճուկս հայհոյողների` հենց այդ մեդալով նկարն էլ գրքիս շապկին է:

– Իսկ ինչո՞ւ «Ծնկան ծերին»…

-Որովհետեւ իմ գրականությունը ծնկան ծերի գրականություն է, մուսան որտեղ բռնացնում ա, էնտեղ չոքացնում ա: Գիտեք` ես արծաթ եմ վաճառում, ու էդ ժամանակ միտքս երկու-երեք տեղով գնում ա, ու ինչքան էլ վաճառեմ-չվաճառեմ, միտքս ինձ հետ է, մարդու ազատությունը, նաեւ ստեղծագործելու ազատությունը ներսում է…Մարդու ազատությունը դրսում չի լինում, եւ իզուր մեր քաղաքական գործիչները այն դրսում են ման գալիս: Հենց այդ ազատ միջակայքում մուսան գալիս կոկորդիցս բռնում է, եւ ես խոնարհվում եմ նրա առաջ գրելուց: Իսկ էդ հանդիպումը ծնկան ծերին է տեղի ունենում:

– Ավելի շատ հիասթափությո՞ւնը, թե՞ ոգեւորությունն է գրելու ազդակ դառնում:

– Երկուսն էլ…Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, ինձ համար հիմնական ազդակը, արվեստի շեմը զարմանքն է: Եթե երբեւէ դադարեմ զարմանալ, էդ օրվանից սկսած էլ չեմ գրի: Ու քանի դեռ ես երեխայի նման կարողանում եմ զարմանալ, դեռ կգրեմ: Չկա մի իրավիճակ, որ հոգեկան ցնցում առաջացնի քո մեջ, ու դա չարտահայտվի գեղարվեստական պարպումով: Օրինակ, ինձ համար նորություն էր նախագահական միջավայրը, մեդալ ստանալը…Այդ ամենի արդյունքում էլ գրեցի «Ծանր է Խորենացու մեդալը»: Մի խոսքով, իմ կյանքում ինչ փոթորկուն, զարմանահրաշ իրադարձություն է տեղի ունենում, անպայման գրի է վերածվում…

Զրույցը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Լուսանկարը՝ հեղինակի:

Հ.Գ. «Ծնկան ծերին» ժողովածուի մասին` առանձին հոդվածով:

«Առավոտ»

29.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031