Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ապրիլյան հեղափոխությունը

Ապրիլ 07,2018 11:00

Թվում է՝ ապրիլի ընթացքում Հայաստանում սպասվող ֆորմալ իշխանափոխության արդյունքում երկրի իշխանական համակարգում մեծ տեղաշարժեր չեն գրանցվի: Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կշարունակի իրացնել ճիշտ այն իրավասությունները, որ ունի նախագահի պաշտոնում: Կարեն Կարապետյանն, իր հերթին, չփոխելով ոչ կաբինետը, և ըստ ամենայնի՝ նաև իրավասությունները տնտեսության ոլորտում, առաջին փոխվարչապետի կարգավիճակով կշարունակի լինել «հրապարակի նայողը»: Թեև օրենքն առանձնացնում է միայն առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն պրակտիկորեն կլինեն նաև երկրորդ և երրորդ փոխվարչապետեր:

Երկրորդ փոխվարչապետ կդառնա Արմեն Գևորգյանը, ով ըստ ամենայնի՝ կպահպանի ներկայիս գործառույթներից հիմնականներն ու գումարած այլ լիազորություններ: Դե, իսկ երրորդ փոխվարչապետ կլինի Վաչե Գաբրիելյանը, ով կունենա այն նույն գործառույթները, որ այսօր է իրականացնում, թեև այնքան էլ պարզ չէ, թե նա ինչ է անում: Եթե հաշվի առնենք, որ ուժային համակարգում էլ կադրային փոփոխություններ չեն սպասվում, կստացվի, որ մեծ հաշվով իշխանական համակարգը մնում է նույնը:

Անշուշտ, այս իրողությունը կմեկնաբանվի և արդեն իսկ մեկնաբանվում է այն կոնտեքստում, որ սահմանադրական բարեփոխումներն արված էին, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի իշխել: Արտաքուստ տրամաբանական թվացող այս պնդումն իրացվելի է պոպուլիստական քաղաքականության ու կենցաղային բանավեճերի մակարդակում, իսկ ահա մասնագիտական վերլուծության պարագայում այն քննադատության չի դիմանում: Այն պարզ պատճառով, որ իշխանությունը նվաճում են, և սկուտեղի վրա որևէ մեկը չի մատուցում: Իշխանության արտաքին ատրիբուտները՝ պաշտոնը, հեղինակությունը, կարգավիճակը, բնականաբար կարևոր են, բայց իշխելու երաշխիքներ չեն տալիս:

Չխորանալով մանրամասների մեջ, կարելի է պնդել, որ եթե Սերժ Սարգսյանի նպատակն ընդամենը իշխելն էր, ապա դա հանգիստ կարելի էր անել առանց վարչապետի պաշտոնը ստանձնելու: Օրինակները բազմաթիվ են: ԽՍՀՄ-ում գլխավոր քարտուղարները, որպես կանոն, պետական պաշտոն չէին զբաղեցնում, բայց իշխում էին: Եթե պատմական իրողություններից գանք մեր օրերը, կարելի է մատնանշել մեր հյուսիսային հարևանին, որտեղ Բիձինա Իվանիշվիլին որևէ պաշտոն չի զբաղեցնում, բայց բոլորը գիտեն, որ նա է երկրում դրության տերը: Կամ՝ բերենք ժողովրդավարական երկրի օրինակ. Լեհաստանում փաստացի առաջնորդը՝ Յարոսլավ Կաչինսկին, Սեյմի պատգամավոր է, սակայն բոլոր գործընկերները գիտեն, որ Լեհաստանի հետ խնդիրները լուծելու համար նախագահից ու վարչապետից բացի, պետք է հանդիպել նաև Կաչինսկու հետ, ում կարգավիճակն ընդամենը կառավարող կուսակցության առաջնորդ լինելն է: Մի խոսքով՝ վերադառնալով մեր իրականություն, կարելի է հանգիստ պնդել, որ Սերժ Սարգսյանը բոլոր հնարավորություններն ունի իշխելու՝ առանց որևէ պաշտոն զբաղեցնելու: Հետևաբար` նրա վարչապետ դառնալու մտադրության կամ որոշման մեջ պետք է այլ մոտիվներ փնտրել:

Այստեղ մեծ հայտնագործություն անելու կարիք չկա: Այն, ինչ հայտարարվում է պաշտոնապես, ճիշտ է: Իշխանական համակարգում ստատուս-քվոյի պահպանումը թելադրված է անվտանգային մարտահրավերներով: Ճիշտ է՝ իշխանության ներկայացուցիչները վստահության քիչ պաշար ունեն, և հասարակությունը հակված չէ հավատալու այս հիմնավորմանը, մյուս կողմից էլ՝ ընդդիմախոսները շահարկում են ներկայացված փաստարկների իսկությունը, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Փաստ է, որ 2014թ.-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հավակնությունների բացակայության մասին (ինչն այսօր ամենաշատն է քննարկվում), երկրում և նրա շուրջ իրավիճակն էական փոփոխություն է կրել:

Առաջինը, որ պետք է մատնանշել, ապրիլյան պատերազմն ու դրա ընկալումն է: 2016թ.-ին փաստացի լայն հանրությունը գիտակցեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. ամեն պահ առկա է նոր ռազմական էսկալացիայի վտանգ: Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից, բացի Արցախը, նաև Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին հայտարարությունները, այս ամենին միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը և Ալիևի քաղաքականության անկանխատեսելիությունը կտրուկ փոխում են արտաքին սպառնալիքների բնույթը: Ըստ որում՝ կարճաժամկետ հատվածում:

Եթե այս պատկերը տեղադրենք Մերձավոր Արևելք կոչված մեծ խճանկարի վրա, որտեղ մեր օրերում կրքերը եռում են ու ամեն պահի հնարավոր է անկայունության ներթափանցում Հարավային Կովկաս, ու նաև Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը, որը գնալով վեր է ածվում «սառը պատերազմի» (ինչն ուղղակի մեծացնում է երրորդ երկրներում բացահայտ բախումների հավանականությունը), կստացվի, որ Հայաստանը խնդիր ունի ուժերի գերլարմամբ պատրաստ լինել ամեն տեսակ անակնկալների: Պատրաստ լինել՝ նշանակում է փոքր երկրի պայմաններում մեծ բանակ, պատրաստ լինել՝ նշանակում է բանակի մարտունակության մշտական բարձրացում, բանակում հետևողական բարեփոխումներ և այլն, ու այս ամենի հետ մեկտեղ՝ բանակի հավասարակշռված ներկայություն երկրի սոցիալ-քաղաքական կյանքում այնպես, որ մի կողմից՝ բանակի տիրապետած ռեսուրսները նվազ չլինեն, քան իր առջև դրված խնդիրներն են, իսկ մյուս կողմից՝ ռեսուսրների գերկենտրոնացումը չդառնա երկրի կյանքում (այդ թվում՝ քաղաքական գործընթացներում) բանակի չափից շատ ներկայության պատճառ: Այս համատեքստում, երբ վերլուծում ենք առկա իրողությունները, ստացվում է, որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում պետք է ունենանք մարդու, ով իր փորձով, հեղինակությամբ ու ազդեցությամբ ի վիճակի է լուծել մեր երկրի ու հասարակության առջև ծառացած այս խնդիրները: Բնականաբար, կարելի է պնդել, որ ամեն երկրորդը կարող է դա անել, բայց իրողություններն այնպիսին են, որ այսօր Հայաստանում այս խնդիրը կարող է լուծել մեկ մարդ: Եվ դա հասկանում են նույնիսկ նրա ընդդիմախոսները:

Երկրորդ իրողությունը, որին բախվեց մեր երկիրն ու հասարակությունը, անվտանգային ներքին խնդիրներն են: Տարատեսակ զինված խմբերն ու դրանց մտադրություններն այլևս գաղտնիք չեն: Պատերազմող ու սոցիալական խնդիրներ ունեցող երկրներում, որտեղ մի կողմից առկա է հասանելիություն զենքին, իսկ մյուս կողմից՝ խնդիրներն «այստեղ ու հիմա» լուծելու արկածախնդիր մոտեցումներ, ծայրահեղ գործողությունները նույնիսկ օրինաչափ են: Թվում էր, որ Հայաստանը հեռու է դրանից, սակայն ՊՊԾ գնդի դեպքը ցույց տվեց, որ այստեղ էլ պետությունը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ: Բնականաբար, չի կարելի պնդել, որ Հայաստանում կառավարումն արդյունավետ է, արդարադատության համակարգում չկան թերություններ, իսկ քաղաքական գործընթացներն էլ լիովին ծավալվում են հռչակված կանոնների շրջանակներում: Ամենևին ոչ: Մեր երկիրը հսկայական ճանապարհ ունի անցնելու՝ մինչև այդ նպատակները: Բայց սա ամենևին չի նշանակում, որ բացը լրացնելու համար պետք է զենքով դուրս գալ պետության դեմ: Ընդհակառակը, իրեն հաշիվ տվող յուրաքանչյուր մեկը հասկանում է, որ նման նախադեպերը ծնելու են նոր արկածախնդրություններ, ինչի արդյունքը պետության կորուստն է լինելու: Հեռու գնալ պետք չէ: Մեր աչքի առաջ ընդամենը մի քանի տասնամյակում Լիբանանի նման ծաղկուն երկիրը վերածվեց անկայուն մի համակարգի, որտեղ տարիներով չեն կարողանում նույնիսկ նախագահ ընտրել, իսկ տնտեսությունը գնալով զիջում է հարևաններին: Եվ այս ամենն այն պատճառով, որ այդ երկրում ոմանք որոշել էին, որ սոցիալ-քաղաքական գործընթացներում լավագույն փաստարկը զենքն է, իսկ հասարակությունն էլ հավատացել էր դրան: Ցավոք սրտի, մեզ մոտ էլ «խփեմ-ջարդեմ» մոտեցումը դոմինանտ է (ինչը հստակ երևում է սոցիալական ցանցերում կատարվող գրառումներից): Եվ որպեսզի այս պայմաններում Հայաստանը չվերածվի Լիբանանի (նամանավանդ որ, այսօր այդ գործընթացը փաստորեն գլխավորում է Լիբանանում ծնված և այդ գործում մասնագիտացած Ժիրայր Սեֆիլյանը), անհրաժեշտ է, որ երկրի լիդերը ցուցաբերի կամք և իր հերթին տեղիք չտա բռնության պաշտամունքին, այլ նախընտրի  հավասարակշռված, խոհեմ մոտեցումը, հասարակության ներդաշնակության ապահովումը, համագործակցության պատրաստակամությունը ամենատարբեր շահերի խմբերի հետ՝ նույնիսկ ծայրահեղ տրամադրված:

Երբ այս համատեքստում նայում ենք Հայաստանի ներկայիս բազմազանությանը՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական սուբյեկտներին ու դրանց շահերին, պարզ է դառնում, որ չկա այնպիսի մեկը, ով իր ազդեցությամբ կկարողանա կայուն պահել այն հավասարակշռությունը, որ ձևավորվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Այս պահին ով էլ փոխարինի նրան «արբիտրի» դերում, լինելու են դժգոհողներ, քանի որ նույնիսկ քաղաքակիրթ տրամադրված սուբյեկտները դեռևս չեն հաղթահարել նախկին նեղացվածությունը, իսկ համակարգի ինստիտուցիոնալացման ցածր մակարդակը երաշխիքներ չի տալիս, որ հաջորդ «արբիտրը» չի գնա պատերի կառուցման ճանապարհով: Իսկ պատերը Լիբանան դառնալու կարճ ուղին են, որը թույլ տալ չի կարելի:

Ի մի բերելով ասվածը, կարելի է պնդել, որ՝ այո, Սերժ Սարգսյանի ներկայությունն իշխանական համակարգում մեր օրերում անվտանգային նկատառումներից ելնելով անհրաժեշտ պայման է: Բնականաբար, հարց է առաջանում, իսկ ինչ էր լինելու, եթե Սերժ Սարգսյանը չլիներ, կամ՝ հավակնությունից բացի, նաև ցանկություն չունենար զբաղեցնելու վարչապետի պաշտոնը: Օդում կախված այս հարցին, կարծես, հենց Սերժ Սարգսյանն էլ պատասխանել է իր վերջին հարցազրույցում՝ նշելով, որ ավելի շատ ժամանակ է հատկացնելու «երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»։ «Քաղաքական նոր առաջնորդների թրծման» հարցը որակելով չափազանց կարևոր՝ Սերժ Սարգսյանը փաստացի հռչակել է այլընտրանք կամ այլընտրանքներ ստեղծելու մտադրության մասին:

Մնում է հասկանալ, թե ում նկատի ունի նա: Առնվազն այս փուլում, կարելի է ենթադրել, որ նոր առաջնորդի հավակնորդների ցանկը գլխավորում է Կարեն Կարապետյանը, և հենց նա պետք է ջանքեր ներդնի երկրի երևացող ու չերևացող փորձը յուրացնելու գործում: Բնականաբար, այս ցանկում է նաև Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև Դավիթ Տոնոյանը, Արփինե Հովհաննիսյանը և էլի ուրիշներ: Կարեն Կարապետյանը, Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը, ովքեր նախորդ տարի հաջողությամբ գլխավորելով ՀՀԿ քարոզարշավը, փաստացի քաղաքական պրոցեսից դուրս թողեցին հանրապետական նախկին ու գործող օդիոզ ֆիգուրներին:

Դժվար է անշուշտ հավատալ, որ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և մյուսները մեր երկրի գլխավոր նժդեհականներն են, բայց նրանք այսօր խորհրդանշում են փոփոխություններն էլիտայում: Դեռ միայն խորհրդանշում են: Նրանց ժամանակ է պետք թրծվելու և իշխանությունը լիարժեք վերցնելու համար: Իսկ այդ ընթացքում անհրաժեշտ է, որ իշխանությունը չմնա փողոցում ու դառնա զենքով ու բռնությամբ նվաճվող մրցանակ:  Ասել է թե՝ փոփոխությունները քանի դեռ լիարժեք չեն, իշխանական համակարգի տեղաշարժերը վտանգավոր են երկրի ու հասարակության համար: Հետևաբար՝ Սերժ Սարգսյանին այլընտրանք չլինելը փաստ է ու ընդդիմությունը պետք է ռեսուրսները մսխի ոչ թե այդ փաստի դեմ անօգուտ պայքարի վրա, այլ «տեղավորվի» փորձը յուրացնելու գործընթացում ու լավագույնս նախապատրաստվի հաջորդ ընտրություններին:

Ամփոփելով՝ անհրաժեշտ է նշել, որ առաջիկա փոփոխությունները որքան էլ արտաքուստ ֆորմալ են, քանզի փոխվում են պաշտոնները, իսկ անձիք ու աստիճանակարգությունը մնում են նույնը, ճիշտ այդքան էլ իրական են, որովհետև փոխվել է իշխանության նպատակը: Այն ձևակերպվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ երկու խնդիրների սահմանմամբ. բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր (ինչն անհնար է առանց պետության արդիականացման) և 4 միլիոնանոց Հայաստանի տեսլական: Երկու թիրախներն էլ հասանելի են միայն այն դեպքում, եթե լինի հեղափոխություն: Այսօրվա պայմաններում այդ հեղափոխության իրականացումն ստանձնել է միայն Սերժ Սարգսյանը:

Իսկ եթե վարչապետ Սարգսյանին հաջողվի այս խնդիրներում հասնել նպատակին, ածանցյալ դրական էֆեկտը շոշափելի է լինելու ոչ միայն պետության առջև ծառացած, թերևս, ամենագլխավոր խնդրի՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, այլև սոցիալ-տնտեսական զարգացումների և այլ ոլորտների վրա՝ հանգեցնելով երկրի թռիչքաձև զարգացման:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30