Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանի մրցույթի մասնակից. «Շատ ուրախ եմ բացահայտել Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիան. այն չափազանց խորը ստեղծագործություն է»

Հունիս 09,2018 17:15

Մոն-Պուո Լինը Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի այն 7 թավջութակահարներից է, որոնք հաղթել են առաջին փուլը և անցել երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլ։ Նա երկրորդ փուլում առաջինն է կատարումներով ներկայացել ժյուրիի և հանդիսատեսի առջև։ Մոն-Պուո Լինը ներկայացնում է Իսպանիան և Թայվանը։ Ինքը ծնվել է Իսպանիայում, ծնողները Թայվանից են։ Երաժշտական կրթությունը ստացել է նախ Մադրիդում, իսկ այժմ արդեն սովորում է Բեռլինում։ Խոստովանում է, որ մի քիչ դժվար էր առավոտյան շուտ ելույթ ունենալը։ Աշխատել է ամեն ինչ անել՝ երաժշտության, կատարման վրա կենտրոնանալու համար։

Նշենք, որ Խաչատրյանի մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պարտադիր պետք է կատարեն Արամ Խաչատրյանի մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան։ Մոն-Պուո Լինը նշում է, որ այն նախկինում նվագել է մենահամերգի ընթացքում և Խաչատրյանի մրցույթի համար հատուկ է պատրաստվել՝ ներկայացնելու այն։ Ասում է, որ ինքը շատ է սիրում խաչատրյանական այս ստեղծագործությունը. «Նախևառաջ շատ եմ սիրում թավջութակի համար գրված մենանվագները։ Ես շատ ուրախ եմ բացահայտել Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիան, քանի որ այն իրոք չափազանց խորը ստեղծագործություն է և իր մեջ ներառում է ազգային տարրեր»։

Մոն-Պուո Լինն այս օրերին լսել է իր մրցակիցներին և խոստովանում է, որ նրանց կատարողական մակարդակը բավականին բարձր է։ Ինչ վերաբերում է մրցույթում հաղթելուն, ապա ասում է, որ դրա մասին չի մտածում, քանի որ մրցույթը համարում է կատարելագործման հնարավորություն. «Մրցույթը մի մարտահրավեր է, որ պետք է հաղթահարես, իսկ եթե մրցանակ էլ ստանաս, ապա պարզապես հիասքանչ կլինի։ Բայց առավել կարևոր է մրցույթին նախապատրաստվելու փուլը»։

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում ընթանում է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս ստուգատեսը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930