Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Ղուկասյան. «Փակուղու մասին խոսելը վաղաժամ է»

Սեպտեմբեր 16,1995 15:28
Arkadi GHukasyan

Սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված ԵԱՀԿ Մինսկի խմբի  մոսկովյան բանակցությունների արդյունքներին: Արտգործնախարարը բանակցությունները կարեւորեց մի շարք առումներով, նաեւ այն հանգամանքով, որ դրանց մասնակցում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչները: Նշելով, որ Մոսկվայում երբեք այդքան լավ պայմաններ չէին ստեղծվել բանակցությունների հաջող ընթացքի համար, նա ափսոսանքով ավելացրեց, որ այդուհանդերձ ոչ մի էական առաջընթաց չի գրանցվել, քանի որ սկզբունքային բոլոր հարցերում հակամարտող կողմերի կարծիքները եղել եւ մնում են բեւեռային: Ա. Ղուկասյանը ուշագրավ համարեց նաեւ այն հանգամանքը, որ կողմերը տարակարծիք են բանակցությունների արդյունքների գնահատման հարցում։ Այսպես. ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը միանշանակորեն ոչ լավատեսական գնահատական են տվել դրանց. Հայաստանը արդյունքները բավարար է համարում, իսկ Մինսկի խմբի մյուս երկրները բանակցություններում ավելի շատ դրական, քան բացասական տարրեր են տեսնում։

ԼՂՀ արտգործնախարարը նշեց, որ խնդրո առարկաներն էին Քաղաքական մեծ համաձայնագիրը եւ ռազմատեխնիկական հարցերը, այդ թվում կրակի

դադարեցման ռեժիմի ամրապնդման հարցը։ Քննարկվող բոլոր հարցերում

(առավել եւս ԼՂՀ կարգավիճակի հարցում) Ադրբեջանը կոշտ դիրքորոշում է ունեցել՝ ի չիք դարձնելով փոխհամաձայնության բոլոր փորձերը եւ հերթական անգամ ցուցադրելով հանդիպական քայլեր անելու իր անպատրաստությունը։ Նշելով, որ առանցքային հարցերում բացարձակապես ոչ մի տեղաշարժ չի եղել եւ Քաղաքական մեծ համաձայնագրում տառացիորեն ոչինչ չի ավելացել, Ա. Ղուկասյանն, այնուամենայնիվ, վաղաժամ համարեց փակուղային վիճակի մասին խոսելը, քանի որ նվազ կարեւորություն ունեցող մի քանի հարցերում որոշակի փոխհամաձայնություն է եղել եւ, որ ամենակարեւորն է, բանակցությունները շարունակվելու են. այս անգամ Ֆինլանդիայում (ամենայն հավանականությամբ Ալանդյան կղզիներում) հոկտեմբերի 3-ին։

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ափսոսանքով նշեց, որ համաշխարհային հանրության պահպանողական վերաբերմունքը չնչին փոփոխության անգամ չի ենթարկվել։ «Մենք զգում ենք բոլոր երկրների շարունակվող բացասական վերաբերմունքը սահմանների փոփոխման եւ տարածքային ամբողջականության խախտման անխտիր բոլոր դեպքերի հանդեպ, ի հեճուկս Արցախի պարագայի յուրօրինակությունն ու բացառիկությունը ապացուցելու մեր փորձերի»,- ասաց նախարարը։

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930