Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 19,1998 00:00
Bagrat Asatryan

Բագրատ Ասատրյանը 1990-95-ին խորհրդարանի պատգամավոր էր։ Ընտրվեց նաեւ այս ԱԺ-ի կազմում, սակայն հետո Միջազգային արժութային հիմնադրամի պահանջով՝ լիազորություններն ինքնակամ վայր դրեց։ Աշոտ Նավասարդյանի մահից հետո թափուր մնացած թիվ 3 ընտրատարածքում այժմ դարձյալ փորձում է պատգամավոր ընտրվել, որտեղ 8 մրցակից ունի։

-Մեր տեղեկություններով, ներկա իշխանություններին ամենախիստ դժգոհության տեղիք էր տվել հատկապես Ձեր հրաժարականը, քանի որ հարցականի տակ էին դրվում միջազգային տարբեր հաստատություններին արված այն բազմակի հավաստիացումները, թե ԿԲ նախագահը առնչություն չունի քաղաքականության հետ։ Իսկ Դուք, իբրեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին համերաշխ թիմակից՝ հեռացաք, ցույց տալով, որ դա, այնուամենայնիվ, քաղաքական պաշտոն է։

-Այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ուղղակի խնդրել էի թեթեւ մեկնաբանությունների ճանապարհով չգնալ եւ այս հարցը քաղաքական դաշտ չտեղափոխել։ Մանավանդ, որ բավական լուրջ, վաղուց ծագած այլ խնդիրներ կային, որոնց մասին ճիշտ չեմ համարում այսօր խոսել։ Կխոսեմ գուցե մեկ-երկու տարի հետո։ Ինքս էլ վերջին երեք տարիների ընթացքում (եթե ոչ ԿԲ-ի նախագահի պաշտոնը ստանձնելիս)՝ ամեն ինչ արել եմ, որ քաղաքական շղարշն ու ազդեցությունները այնտեղ գործոն չլինեին։ Ապացույցն այն է, որ կասեցրի ինչպես ՀՀՇ վարչությանն անդամակցությունս, այնպես էլ վայր դրեցի պատգամավորական լիազորություններս։

– Փաստորեն բանկային համակարգում ձեր դիրքը գերադասեցիք օրենսդիր մարմնում աշխատանքից։ Եվ հիմա նորից փորձում եք պատգամավո՞ր դառնալ։

– Առաջին փուլում պատգամավոր լինելս ուղղակի օժանդակեց ԿԲ նախագահի պարտավորությունների լիարժեք կատարմանը, անկախ ԿԲ-ի ձեւավորմանը եւ զարգացմանը։ Վկան բանկային գործունեության կանոնակարգման օրենքների շղթան է։ Եվ եթե անդամակցությունս չլիներ, կարծում եմ, որ օրենքների որակն ավելի վատը կլիներ։ Բայց մի պահ եկավ, երբ սկսեցին հակասություններ առաջանալ։ Կառավարությանն առնչվող ցանկացած հարց, որին իբրեւ պատգամավոր էի մոտենում՝ որոշակի խնդիրներ, անհամաձայնություններ էր առաջացնում ԿԲ-ի եւ կառավարության փոխհարաբերություններում։

-Իսկ Ձեր ներկա՝ բանկերի ասոցիացիայի նախագահի դիրքն առիթ չի՞ դառնա, որ ԱԺ-ում տեղ գրավելու դեպքում կառավարության հետ փոխհարաբերություններն էլի բարդանան։

-Անհանգստություններ, իհարկե, անհատական մակարդակով կարող են լինել, բայց խնդիր չեմ տեսնում։ Ներկա դիրքս որոշակի առանձնահատկություններ ունի՝ սա հասարակական կազմակերպություն է, որի թիվ մեկ խնդիրը լոբբիզմն է։ Եվ պատգամավոր լինելուս հանգամանքն ուղղակի պիտի նպաստի, որ այս կառույցի գործառույթներն ավելի արդյունավետ ու լիարժեք իրականացվեն։

-Այս խորհրդարանի կյանքը լավագույն դեպքում կձգվի եւս մեկ տարի։ Արժե՞ ջանքեր եւ գուցե միջոցներ ներդնել նման կարճ ժամկետով պատգամավոր ընտրվելու համար։

-Իմ թիվ մեկ հետաքրքրությունն, իհարկե, տնտեսական ոլորտն է, իսկ դրա վերաբերյալ, ըստ էության, խորհրդարանն ամեն օր որոշումներ է կայացնում։ Չի բացառվում, որ առաջիկա մեկ ամսում տնտեսական կյանքի ավելի սկզբունքային խնդիրներ քննարկվեն, քան հաջորդ հինգ տարիների ընթացքում։ Մանավանդ որ, վտանգ եմ տեսնում, թե միտումներ կան շեղվելու տնտեսական քաղաքականության այն գծից, որը կարող է հաջողությունների նախադրյալ դառնալ, եթե հետեւողականություն դրսեւորվի։

-Կարծեմ միայն Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, թե Ձեր թեկնածությունն էլ է իր համար ընդունելի, բայց ՀՀՇ-ն ընդհանրապես ձեռնպահ է մնում այդօրինակ հայտարարություններից։ Պատճառը ո՞րն է։

-Մի քիչ բարդ փոխհարաբերություններ են։ ՀՀՇ շարքային անդամ եմ եւ ընտրությունների ժամանակ որպես այդպիսին էլ հանդես եմ գալու։ Բայց ՀՀՇ ներկա վարչության հետ՝ գործելակերպի իմաստով որոշ խնդիրներ, տարաձայնություններ ունեմ։ Թեկնածությունս առաջադրելուց առաջ, իհարկե, հանդիպեցի վարչության ներկա նախագահ Վանո Սիրադեղյանին։ Ներկայացրի իմ մոտեցումները եւ հայտարարեցի, որ այս պայքարի մեջ մտնելով՝ քաղաքական որեւէ պարտավորություն չեմ ստանձնում եւ, այդ իմաստով, ՀՀՇ վարչությունը որեւէ ակնկալիք չպետք է ունենա։

-Կարելի է կարծել, թե այսօր ՀՀՇ-ում առկա երկու թեւերից՝ Վանո Սիրադեղյան եւ Բաբկեն Արարքցյան, Ձեր համակրությունները երկրորդի՞ կողմն են։

-ՀՀՇ-ում թեւեր դեռ ձեւավորված չեն։ Ուղղակի կողմնակիցներ կամ ընդդիմախոսներ չկան՝ ամենօրյա խոսակցություններ են միայն, որոնք հստակ դիրքորոշման տեսք դեռ չեն ստացել։ Իմ անհանգստությունն առավել ընդհանուր բնույթի է։ Ռոմանտիզմից մտնում ենք պրագմատիկ փուլ. քաղաքական բոլոր ուժերը եւ նախեւառաջ ՀՀՇ-ն պետք է դիրքորոշումները հստակեցնեն։ Ցավոք, կազմակերպության այսօրվա խոսնակները դեռ որեւէ դիրքորոշում չեն հայտնել։ Սա էապես հարվածում է հենց ՀՀՇ-ին. շարքերը նոսրանում են, անորոշության մեջ են ե՛ւ շարքայինները, ե՛ւ անգամ վարչության անդամները։ ՀՀՇ-ն, սակայն, շարունակում է լռություն պահպանել առանցքային հարցերի, ասենք՝ նախագահական ընտրությունների, կառավարության ծրագրի վերաբերյալ։

– Սակայն ԱԺ-ում ծրագրի վերաբերյալ ներկայացվեց «Հանրապետություն» խմբակցության դիրքորոշումը։

-Դե գիտեք, քաղաքական այս անցուդարձերի ու տեղաշարժերի ներքո, դժվարանում եմ գնահատել, թե ինչքանով է «Հանրապետությունը» ՀՀՇ կարծիքն արտահայտում։

-Եթե ընտրվեք, «Հանրապետություն» խմբակցությանը կանդամագրվե՞ք։

-Չկեղծելով ինքս ինձ, հայտարարեցի, որ խնդիրս ֆինանսական, բանկային եւ տնտեսական հարցերն եմ համարում, բայց քաղաքական կյանքից էլ հեռու չեմ լինի։ Ուղղակի ինձ համար դեռ անորոշ է խորհրդարանական որեւէ միավորման մաս կազմելու հարցը։ Դրա մասին հայտնել եմ «Հանրապետության» ղեկավար Բ. Արարքցյանին եւ ՀՀՇ վարչության նախագահին, որ ընտրվելուս դեպքում եւս չպետք է ակնկալիքներ ունենան։

-Ձեր մրցակիցների մեծ մասը, կարծեմ, դատաիրավական ոլորտին այս կամ այն կերպ առնչվող անձինք են։

-Բարդ կազմ է, հնչեղություն ունեցող անուններ չկան։ Նախորդ երկու անգամ խիստ ճանաչված անձանց հետ եմ մրցապայքարի մեջ մտել։ Ինձ անհանգստացնում է, որ սրանք ամենադժվար ընտրություններն են լինելու։ Դատաիրավական բնորոշումն այնքան էլ չէի ընդունի։ Իմ գնահատականով, հիմնական մրցակիցներս տեղի բնակիչ «հեղինակություններն» են։ Թաղի գործոնն է խիստ ազդեցիկ ընտրազանգվածի այն դիրքորոշումների կամ սոցիալական բնութագրի ներքո, որով այս տարածքն է առանձնանում։

-Այս ընտրությունները նաեւ այն պատճառո՞վ չեք ամենադժվարը համարում, որ այլեւս պատգամավոր դառնալու համար իշխանությունների նախկին աջակցությունը, օժանդակությունը չեք ստանալու։

-Գուցե, բայց միայն որոշ չափով։ Գոնե ես գիտեմ այն դժվարությունները, որ իշխանությունները նախկինում ունեցել են այս ընտրատարածքում իրենց ձայնը տեղ հասցնելու առումով։ Այստեղ հիմնականում իրենց աշխատատեղերը կորցրած մարդիկ են։ Կամ էլ ունեն աշխատանք, բայց չնչին վարձատրություն են ստանում։ Ասենք, շատ մեծ է «Նաիրիտի» բանվորների կամ էլ նախկինում խոշոր մի շարք ձեռնարկությունների աշխատակիցների քանակը։ Մարդիկ աչքերիդ մեջ նայելով ասում են. «Գիտես, չէ՞, ինչ ենք հարցնելու»։

Շատ լավ գիտեմ, որ հիմնական հարցն է, թե ինչպես կարելի է 3 հազար դրամով 5 հոգանոց ընտանիք պահել։ Ես նրանց ասում եմ, որ ոչ ես, ոչ էլ որեւէ մեկն այս հարցի պատասխանն այսօր չունի։ Ի վերջո, բոլորն ընդունում են, որ անհնար է սոցիալական հարցերը շտկել առանց գործարաններն աշխատեցնելու, աշխատատեղեր ստեղծելու, տնտեսությունը զարգացնելու։ Այս ընտրատարածքը միշտ պասիվությամբ է բնութագրվել։ Նախորդ ընտրություններին մասնակիցների թիվն այստեղ բավական փոքր էր։ Սա էլ լրացուցիչ դժվարություն է։ Թիվ մեկ խնդիրն այստեղ թերեւս այն է, թե արդյոք մարդիկ կգա՞ն ընտրությունների։ Մարդիկ ընտրություններին չեն հավատում։ Բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ընտրողների հետ եւ առաջին հարցն, այնուամենայնիվ, ոչ սոցիալական վիճակի մասին է. «Մի անգամ գնացինք-ընտրեցինք՝ ի՞նչ ստացվեց»։

1996-ի մասին արդեն մոռացել են։ Երեւի այս վերջին ընտրություններին ավելի մեծ հույսերով ու պահանջներով էին գնացել։ Սպասում էի, որ պետական նախկին պաշտոնյային ավելի մեծ դժկամությամբ պիտի ընդունեին։ Անկեղծ ասած, մարդիկ ինձ զարմացրին իրենց բարյացակամ վերաբերմունքով։ Դեպք է եղել, երբ սկզբում իմ հասցեին հայհոյանք եմ լսել, բայց 15-20 րոպե հետո շատ մարդկային, նորմալ եւ շահագրգիռ զրույց ենք ունեցել։ Տարածքը նաեւ նրանով է բնութագրվում, որ մի զգալի հատված ուղղակի աննկարագրելի չքավորության մեջ է։ Եվ եթե անգամ գլուխները շրջեին եւ անիծեին՝ շատ էլ պատասխանելու բան չէի ունենա, որովհետեւ մարդիկ իսկապես ծանրագույն վիճակում են։ Բայց նրանք հույսը չեն կորցրել եւ տեղ-տեղ անգամ դրական գնահատականներ են տալիս։ Եվ ես համոզված եմ, որ եթե ընտրողները գան ընտրությունների, ապա արդյունքը դրական կլինիե եւ ես հնարավորություն կստանամ շարունակելու իմ օրենսդրական աշխատանքը։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031