Օրեր առաջ՝ նոյեմբերի 13-ին, լրացավ Վանո Սիրադեղյանի ծննդյան 80-ամյակը:
Եվ այդ առթիվ հաջորդ օրը Երևանից նրա ընտանիքի անդամներ ու հարազատներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, գրչակից ընկերներ, ուսուցիչներ, ինչպես նաև դպրոցականներ այցելեցին նրա հայրենի գյուղ՝ Կոթի՝ հարգանքի տուրք մատուցելու անսահման սիրով իր երկիրը սիրող գրողի, պետական գործչի հիշատակին, մարդու, որ ստիպված կյանքի մի ժամանակահատվածն ապրեց հայրենիքից հեռու…
Աշնան տաք ու պայծառ օրն ասես գարնան օր լիներ. երկնքի բաց-կապույտ անսահմանության մեջ ամպի երկու փոքրիկ ծվենը, կանա՜չ-կանաչ բարձունքի վրա Նրա համեստ տապանաքարը՝ ծածկված թավշե մուգ կարմիր վարդերով, սիրելի ու թանկ մի հուշ արթնացրեց վաղո՜ւց անցած-գնացած օրվա…
1996 թ. նոյեմբերի 13-ին էր, օրը չորեքշաբթի էր, աշնան նույնպես տաք ու պայծառ օր էր…
Կարդացեք նաև
Վանոյի ծննդյան օրն էր: Լրանում էր հիսունը:
Ժամը 12-ի կողմն էր, երբ տեղյակ պահեցին, որ Հրանտ Մաթևոսյանի կողմից նրան պետք է շնորհավորանքի խոսք և ծաղիկներ տանեմ:
– Շատ գեղեցիկ, ընտիր վարդեր գնիր մի 25–30 հատ, – պատվիրեց՝ գումարը տալով, – տեքստը տվել եմ՝ մեքենագրեն: Արի զանգեմ տեսնեմ՝ տեղո՞ւմ է, գնացեք:
Օրեր առաջ Վանոն դարձել էր Երևանի քաղաքապետ:
Ժամը 3-անց էր, երբ Տիգրանի հետ գնացինք: Իր ասած «գեղեցիկ, ընտիր վարդերը» երկար ցողուններով էին, մոմակերտ խոշոր թերթիկներով, քիչ բացված, թավշե մուգ կարմիր: Հետո ճանապարհին՝ մեքենայում, կարդացի իր շնորհավորանքի խոսքն ու… այնքան ափսոսացի. արտագրելու համար ոչ թուղթ կար մոտներս, ոչ էլ գրիչ. աննկարագրելի գեղեցիկ խոսք էր՝ մաթևոսյանական գրչի շքեղ ու շռայլ փայլատակում՝ լի անչափ սիրով առ Վանոն: Առաջին անգամ էի տեսնում Մաթևոսյանի ձեռագիրը՝ մարգարտաշար մանր տառերով:
Քաղաքապետի սենյակը չորրորդ հարկում էր: Երկար-երկար միջանցքով գնում էինք, աշխատակիցներից մեկը ճանաչեց մեզ և առաջնորդեց ընդունարան:
Վանոն զբաղված էր. զանգեր էին. անընդհատ աշխատակիցներ էին ներսուդուրս անում:
Ներս մտնելիս բաց դռնից երևաց՝ ինչպես է այն անցած օրերի պես Վանոն ժպտադեմ ընդառաջ գալիս: Չգիտես ինչու, հուզվում էի:
– Ո՞ւմ կողմից ես եկել՝ քո՞, թե՞ միության:
– Ե՛վ միության, և՛ իմ: Շնորհավորում եմ:
Ինձ թվաց՝ ինքն էլ է հուզվում: Նստեցինք:
Եվ նորից, ինչպես այն օրերին, հարցուփորձ է անում միությունից, բայց ավելի շատ՝ Հրանտ Մաթևոսյանից, թե իսկապե՞ս միությունում լավ է զգում իրեն, ուշադի՞ր ենք իր նկատմամբ, սիրո՞վ ենք շրջապատել, օգնո՞ւմ ենք, հո շատ չի՞ նեղվում այցելուներից, հատկապես գրողներից, երկա՞ր է մնում միությունում, օրվա ավարտին հո շատ չի՞ հոգնում…
Հետո հիշում է իր այցերը գրողների տան մեր հարկաբաժին (առաջին հարկում), որի երկու սենյակները ժամանակին զբաղեցնում էր «Ղարաբաղ» կոմիտեն, հարցնում մեր սենյակի աշխատակիցներից՝ ով որտեղ է, ինչ են անում:
Օգտվելով առիթից (էլ որտե՞ղ պետք է տեսնեմ իրեն) շնորհակալություն հայտնեցի, որ ինձ Ուկրաինա՝ Լվով, ուղարկեց (Վանո Սիրադեղյանի առաջարկությամբ և Ուկրաինայի ՌՈՒԽ–ի համակարգող Մարիա Բազիլյուկի օգնությամբ Երևանում ուկրաինական համայնքի և Երևանից ու Էջմիածնից Արցախում զոհված ազատամարտիկների երեխաներ (60 հոգի՝ 4–16 տարեկան) 1994 թվականի ցուրտ ձմեռն (հունվարից ապրիլ) անցկացրին Ուկրաինայի Տեռնոպոլի մարզի Կոռոպեց հյուրընկալ գյուղում, ինչպես նաև մի քանի օր եղան Լվովում: Էջմիածնից շուրջ 30-ը տեղավորվեց մեկ այլ գյուղում՝ իրենց ղեկավար ուսուցչուհու հետ: Կոռոպեցում երեխաները սովորում էին տեղի գիշերօթիկ դպրոցի համապատասխան դասարաններում, որտեղ նրանց հետ հայոց լեզու և գրականություն էի պարապում: Գյուղի հյուրընկալ բնակչությունը սիրով ու հոգատարությամբ էր շրջապատել մեզ):
– Ես այդպես էլ այդ հրաշք քաղաքը տեսնել չկարողացա, – ասաց, – իրո՞ք հրաշք է:
– Շա՜տ գեղեցիկ է… հավանաբար մի օր կտեսնես:
Գիտեմ՝ իր օրը շատ բազմազբաղ է: Հրաժեշտին պատվիրեց.
– Ուշադի՛ր եղեք Հրանտի հանդեպ, որ շատ չհոգնի: Ուրախ եմ, որ հենց դու եկար, շնորհակալ եմ,–և ուղեկցեց մինչև դուռը: –Ապրես, ծլես, ծաղկես, զորանաս…
Իր սիրած խոսքն է, որ ինձ ծանոթ էր այն օրերից, երբ կատարում էի «Ղարաբաղ» կոմիտեի՝ իր հերթական հանձնարարությունը:
Սենյակն էլ երկար-երկար էր. ասես նոր միայն նկատեցի:
Միության բակում Ֆելիքս Մելոյանին տեսանք, ասաց՝ Մաթևոսյանն անհանգիստ է. շատ ենք ուշացել:
Արագ վերև բարձրացանք. ընդունարանի դռների մեջ Հրանտ Մաթևոսյանը ժպտալով ընդառաջ եկավ.
– Դե՛, պատմի՛ր, ծաղիկները գեղեցի՞կ էին…
– Ընտիր վարդեր էին:
– Քանի՞ հատ վերցրիր:
– 25 հատ…
– Հետո՞, դե՛, ասա՛, իսկ գո՞ւյնը:
– Թավշե մուգ կարմիր՝ խոշոր, քիչ բացված, երկար ցողուններով…
Ցույց է տալիս հագի մուգ կարմիր սվիտերը.
– Ա՞յս գույն, թե՞…
– Քիչ ավելի մուգ…
– Հետո՞, – շարունակում է ժպտալով, – սենյակը մե՞ծ էր:
– Մեծ էր:
– Հուզվո՞ւմ էիր…
– Հուզվում էի…
– Մինչև հասար իրեն, սիրտդ խփո՞ւմ էր:
– Խփում էր, – անհնար է հարցերից չժպտալ:
– Վանոն ընդառաջ եկա՞վ, ուրա՞խ էր…
– Ընդառաջ եկավ, ուրախ էր…
– Թե՞ հոգնած էր շատ…
– Շատ զբաղված էր:
Որտեղի՞ց գիտեր:
Պարզվեց՝ մեր ուշացման համար զանգել է Վանոյին, և նա ասել է, որ արդեն դուրս ենք եկել:
Հետո գտանք իր ձեռագիր խոսքի կտրտված մասերը, ամրացրինք մեծ թղթի վրա, և տեքստն ամբողջությամբ վերականգնվեց.
«Գրողական քո հայրական հին տունը, անսահմանորեն սիրելի Վանո, պայծառամիտ տղա, քո բազում քույրերն ու եղբայրները, Անառակ իրենց որդու և եղբոր քո վերադարձին չեն սպասում, զի Ավետարանը վկայում է, թե վերադառնում են հորենական եռանդն ու ոսկին մսխելուց հետո, իսկ գրողական ընտանիքդ քո ո՛չ այդ օրն է բաղձում, այլ վերելքդ, անընդհատ ու շքեղ վերելքդ, ինչին արդեն քոյիդ ներքևներում թողած մեր խրճիթից հետևում ենք անատամ բաց բերաններով, խամրած աչքերի հիացումով և իհարկե վերջապես ինքնաճանաչմամբ՝ թե բանաստեղծի մեր խորքերում վանոներ ենք ունեցել:
Գրողների քո հին ընտանիք
13 նոյեմբերի 96 թ.»:
Հետգրություն: Վանոն Հրանտ Մաթևոսյանին ասել էր, որ իր ծննդյան օրը ստացած բոլոր նվերներից առանձնահատուկը եղել է նրա շնորհավորանքի խոսքն ու վարդերը…
1985 թվականի դեկտեմբերի 5–ին Հրանտ Մաթևոսյանը Վանո Սիրադեղյանին է նվիրել իր «Երկերի» առաջին հատորը՝ մակագրությամբ.
«Սիրելի Վանո Սիրադեղյանին՝
Իմ հույսուհավանին,
Իմ չմարած պարտքերի բեռնակրին,
միայն մի ցանկությամբ՝ ինքը իր հաջորդի համար
որքան հնարավոր է քիչ բեռ թողնի:
Եղբայրաբար Հր. Մաթևոսյան
- XII 85»:
2002 թ. նոյեմբերի 24–ին Վանո Սիրադեղյանի քույրը՝ երգչուհի Սուսաննա Սիրադեղյանն այցելում է Հրանտ Մաթևոսյանին, որ արդեն վատառողջ էր: Մաթևոսյանը նրան է նվիրել վիպակների իր գիրքը՝ մակագրությամբ.
«Համահասկանալի, անփոփոխ միակ պատճառով շատ սիրելի Սուսան Սիրադեղյանին՝ հարատևող եղբայրական սիրով:
Հրանտ Մաթևոսյան.
Քո և իմ շնորհքը թող շատ ծաղկի, բայց մեր կրտսեր ավագին մենք չենք հասնելու:
Հրանտ
24 նոյ. 2002– Երևան»:
Կարինե Մեսրոպյան
Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատու, թարգմանչուհի
«Առավոտ» օրաթերթ
25.11.2026



















































