Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴ ԻՆՔՆԱԹԻՌՆ ԸՆԿՆԵԼՈՒ Է ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Հունիս 20,1998 00:00

ԱՅԴ ԻՆՔՆԱԹԻՌՆ ԸՆԿՆԵԼՈՒ Է ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբի նախագահ Արմեն Պողոսյանը, բացելով ակումբի հերթական նիստն, ասաց, որ իրենք ԳիԱրՔՄի-ի հետ անցկացնում են սեմինար-քննարկում՝ «Հայկական ավիաուղիները՝ որպես տնտեսության լոկոմոտիվ, հեռանկարներ եւ խոչընդոտներ» թեմայով։ Ըստ պարոն Պողոսյանի՝ մամուլը չի բարձրացնում ավիատրանսպորտին վերաբերող հարցեր, այնինչ Հայաստանում կան բոլոր նախադրյալները, որ ավիացիան դառնա այդ լոկոմոտիվը։ Սակայն կան նաեւ խանգարող հանգամանքներ, որոնցից է, ըստ պրն Պողոսյանի, «բանիմաց մասնագետների շարունակաբար դուրս մղումն ասպարեզից եւ նրանց փոխարեն՝ լավ տղաների, կռվող տղաների կամ աչքի ընկնողների» ի հայտ գալը։ ԳիԱրՔՄի-ի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը նախ պարզաբանեց իր կապը ավիատորների հետ, եւ ասաց, թե ինչո՞ւ է այդպես շահագրգռված. «Ես խորացել եմ այդ գործի մեջ»։ Այնուհետեւ մի թեթեւ խոսվեց պրն Ադբաշյանի աղմուկ հանած գործի մասին, սակայն ասվեց, որ չեն ուզում խորանալ, քանի որ այդ նպատակով չեն մեզ հրավիրել։ Նպատակը այն «արտառոց երեւույթն է, որ «Հայկական ավիաուղիներում» տեղի է ունենում»։ Մի երկու շաբաթ առաջ Տուլուզում կնքվել է մի պայմանագիր, A 310 ինքնաթիռի վարձակալության մասին, որը, ըստ պարոն Արշակյանի, մեծ վնաս է հասցնելու հայկական ավիացիային։ Մեկ շաբաթ առաջ պրն Արշակյանի «ձեռքն է ընկել փաստաթղթերի մի փաթեթ», որին անդրադառնալով Արշակյանը նպատակ ուներ «պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսի կործանարար հետեւանքներ է ունենալու այդ պայմանագիրը մեր տնտեսության եւ մեր հանրապետության համար»։ Ինքնաթիռի վարձակալման նախապատմությունը, ըստ պրն Արշակյանի, հետեւյալն է. նախագահական ընտրությունների երկու փուլերի արանքում, մարտի 20-ի ամսաթվով պրն Շահեն Կարամանուկյանին է հասցեագրվում ավիացիայի գլխավոր վարչության այսօրվա պետի անունից մի նամակ («այդ նամակն այստեղ ցուցադրված է»), որին օպերատիվությամբ պատասխանելով, արագացվել է ինքնաթիռի վարձակալման աշխատանքը։ Աղասի Արշակյանի պնդմամբ՝ Ֆրանսիայում կնքված այդ պայմանագրում, հայկական կողմը, չգիտես ինչու, ներկայացված է Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան առաջին քարտուղար Ն. Կարամանուկյանի միջոցով։ Եթե ֆիրման ֆրանսիական է եւ գործարքը Ֆրանսիայում է կատարվել, ինչո՞ւ այդ գործի մեջ չի ներառվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան քարտուղարը կամ դեսպանը։ (Խմբ.- Վերոհիշյալ հարցով դիմեցինք Շահեն Կարամանուկյանին։ Վերջինս պատասխանեց, որ Ն. Կարամանուկյանն իր եղբայրն է, եւ հավանաբար, նա լիազորված է եղել այդ գործարքը կնքելու)։ Այդ ինքնաթիռը 15 տարեկան է, հիմնականում աշխատել է Աֆրիկայում «էսպես ասած՝ չլվել է» եւ այդպես «չլված» է բերվում Հայաստան։ Ինքնաթիռի համար կնքված է ամսական 235 հազար դոլար վարձակալման գումար, բացի դրանից հստակեցված են որոշ հավելավճարներ։ Ստացվում է, որ A 310 ինքնաթիռը ամսական հնարավոր թռիչքների հաշվարկով երկրի տնտեսության վրա կնստի 525-600 հազար դոլար։ Թեպետ պայմանագրում նշված է, որ ինքնաթիռն իբրեւ թե մեծ եկամուտներ է բերելու Հայաստանին։ Վարձակալության պայմանագիրը կնքված է 5 տարով, որից հետո հայկական կողմը իրավունք է ստանում 17 մլն դոլարով գնել այդ ինքնաթիռը։ Ինքնաթիռը «բերելով պլանավորվում է. այս տարվա հուլիսի 1-ից մինչեւ տարեվերջ 600 հազար դոլարի ուղղակի վնաս, եւ 2 մլն 36 հազարի ուղղակի վնաս՝ մյուս տարի»։ Ի դեպ, ինքնաթիռի ապահովագրական գումարը մի սարսափելի թիվ է՝ 680 մլն դոլար։ «Ուզում եմ հիմա անել մի համարձակ կանխատեսում եւ կոչ անել մեր հասարակությանը, եւ մեր լրագրողներին. այդ ինքնաթիռն ընկնելու է եւ ընկնելու է ժամանակից շուտ»։ Պրն Արշակյանի պնդումից եւ կրկնօրինակված փաստաթղթերից իմացանք, որ վարձակալող կողմը («Հայկական ավիաուղիները») մեկ մլն դոլար պետք է վճարի այդ գործարքի միջնորդին, որն արդեն արված է, եւ այդ գումարից որոշ մարդիկ, ըստ պրն Արշակյանի, արդեն տոկոսներ են ստանում։ Իր կարծիքով, կանխատեսելով լրագրողների հարցը, պրն Արշակյանն ինքն իրեն հարց տվեց եւ պատասխանեց։ «Դուք կարող եք հարցնել, բայց չէ՞ որ Տեր-Պետրոսյանի իշխանությունը հեռացել է, նոր նախագահ կա, ձեր շրջապատից մարդիկ այսօր խորհրդական են նոր նախագահին, ինչո՞ւ էս ձեւով»։ Այնուհետեւ ինքն իրեն պատասխանելով, ասաց. «Բոլոր մակարդակներում մեզ տվել են խոստումներ, բայց, ցավոք սրտի, սայլը տեղից չի շարժվում, եւ մենք չենք ուզում կրկնվի կոնյակի գործարանի պատմությունը, երբ հասարակությունից թաքուն սեփականաշնորհվեց, իսկ ամենատարրական հաշվարկներով մասնագետներն ասում են, որ կուտակված միայն սպիրտի պաշարներն ավելի քան 150 մլն դոլարի արժեք ունեն»։ «Հայկական ավիաուղիների» եւ մասնավորապես վարձույթով վերցված A 310 ինքնաթիռի շուրջը ԳիԱրՔՄի-ի եւ ՍԻՄ-ի անհանգստությունը միայն մի նպատակ ունի՝ ապահովել հրապարակայնությունը եւ թույլ չտալ, որ ավիաուղիներն արժանանան «կոնյակի» ճակատագրին։ Պատասխանելով «Առավոտի» հարցին, պրն Արշակյանն ասաց. «Ուզում եմ լրագրողները ճիշտ գնահատեն, մենք ոչ թե մեր կողմից ընտրված նախագահի հետ կամուրջ ենք վառում, ոչ թե ուզում ենք դուրս գալ հրապարակ եւ աղմուկ հանել, այլ ուզում ենք մեր հասարակությունը տեղյակ լինի, որովհետեւ վստահ ենք՝ «Հայկական ավիաուղիների» շուրջ աղմուկը, եթե թաքցվի, ապա «Հայկական ավիաուղիները» կհասցվեն բանկրոտի, եւ կսեփականաշնորհվեն։ Այդ դեպքում հասարակության վրդովմունքը կլինի անկանխատեսելի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել