Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵԿԱՎ, ԻՍԿ ՀԱՐՑԵՐԸ ՄՆԱՑԻՆ

Օգոստոս 25,1998 00:00
Garegin A

Էջմիածնից ավելի քան 4-ամսյա բացակայությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը օգոստոսի 22-ի առավոտյան վերադարձավ Հայաստան։ Որքան էլ անսովոր էր, նախօրեին այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ոչ թե Մայր Աթոռի մամլո դիվանը, այլ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Հայտնեցին նաեւ, որ վերադարձի օրը լրագրողների համար նախատեսված մեքենաները կմեկնեն, նախ, օդանավակայան, այնուհետեւ՝ Էջմիածին։ Սրան հակառակ, եկեղեցական աղբյուրները պնդում էին, թե Վեհափառի հետ որեւէ հանդիպում չի նախատեսվում, ակնարկելով, որ այդպիսին է կաթողիկոսի կամքը, եւ անկեղծորեն տարակուսում կառավարության փութաջանության համար։ Բոլոր դեպքերում, 4 ամիսների ընթացքում բազմաթիվ անպատասխան հարցեր էին կուտակվել, եւ դրանց պատասխանները ստանալու հույսով վաղ առավոտյան եղանք պայմանավորված վայրում։

Կարգապահ պաշտոնյան եւ անկարգ լրագրողները

Առաջին անակնկալը մատուցեց կառավարության երիտասարդ, փողկապավոր պաշտոնյան։ Պարզվեց, որ 2 մեքենաներից մեկը գնալու է օդանավակայան, իսկ մյուսը՝ Էջմիածին։ Ընդ որում, օդանավակայանում կարող էին լինել միայն հեռուստաօպերատորները։ Մեր այն պատճառաբանությանը, թե լրագրողը միայն նկարահանելու կամ հարցեր տալու համար չէ եւ շատ ավելի կարեւոր է սեփական աչքերով տեսնելը, երիտասարդ պաշտոնյան կտրական շեշտով պատասխանեց, թե այդ քայլին են դիմում, «որպեսզի խուսափեն անհարկի միջադեպերից»։ Ի վերջո, հավաքված բոլոր լրագրողները, որոնք հրահրիչների ու սադրիչների տպավորություն էին թողել նորաթուխ պաշտոնյայի վրա, հայտնվեցին մեքենաներից մեկում, իսկ օդանավակայան գնացող «ՌԱՖ»-ը տրամադրվեց ակնհայտորեն շատ ավելի կարգապահ ու գիտակից «Լրաբեր»-ի թղթակիցներին։ Ճանապարհին լրագրողները որոշեցին հանուն Վեհափառի վերադարձի իրենց փոքրիկ բունտը չիրականացնել, բայց առաջին իսկ առիթով բողոքել այդ անհարկի տարբերակման դեմ։

Չեմ տեսել, չեմ կարող վկայել

Նրանք, ովքեր «Զվարթնոցում» դիմավորեցին Լոնդոն-Երեւան չվերթով վերադարձած Գարեգին Առաջինին, պնդում են, թե ինքնաթիռը վայրէջք կատարեց 7.45-ին։ Վարչապետ Արմեն Դարբինյանը չէր եկել կաթողիկոսին դիմավորելու՝ հավանաբար շատ ավելի կարեւոր գործերով զբաղված լինելու պատճառով։ Ասում են, որ օդանավակայանում էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը, մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Բարձրաստիճան հոգեւորականների, Գերագույն Հոգեւոր խորհրդի աշխարհիկ անդամների շարքում տեսել են նաեւ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի կնոջն ու դստերը։

Առաջ ընկնելով ասենք, որ թվարկված բարձրաստիճան պաշտոնյաներից եւ ոչ մեկը Էջմիածին չեկավ։ Պարզվեց նաեւ, որ օդանավակայանում չեն թույլատրվել նկարահանումները։

Հավուր պատշաճի

Իսկ մինչ այդ Մայր տաճարի բակում դիմավորման վերջին նախապատրաստություններն էին ընթանում՝ հիշեցնելով մայիսմեկյան շքերթների եռուզեռը։ Վեղարավոր հոգեւորականներից մեկը զինվորական հրահանգներ էր տալիս, որոնցից քչերն էին տեղ հասնում։ Ի վերջո, ռացիայից հմտորեն օգտվող կրոնավորներից մեկը տեղեկացրեց, որ շարասյունը մոտենում է։ Կաթողիկոսի «Մերսեդեսը» կանգ առավ Մայր տաճարի մուտքի մոտ։ Իրարանցումն այնպիսին էր, որ նույնիսկ գավազանակիրը մոռացավ իր բուն պարտականությունը, մինչեւ որ կոպտորեն չհուշեցին։ Աջհամբույրների շարանից հետո հանդիսավոր թափորը զանգերի ղողանջների եւ երգեցողության ներքո մտավ Մայր տաճար։

Կարճատեւ եկեղեցական արարողությունից հետո ողջույնի պաթետիկ խոսք ասաց Էջմիածնի դիվանապետ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը՝ չմոռանալով ընդգծել, թե «Դուք դժվարությամբ հաղթեցիք հիվանդությանը եւ կարողացաք հաղթական կերպով այսօր վերադառնալ Մայր Աթոռ ս. Էջմիածին»։ «Հաղթանակի» մասով իր պատասխան խոսքը դիվանապետին ուղղեց Վեհափառը՝ ճշտելով, որ թեեւ հիվանդությունը մեծ մասամբ հաղթահարվել է, սակայն հարկ կլինի առաջիկա մի քանի ամիսներում շարունակել ապաքինման ընթացքը։

Յուրայինների մեջ օտա՞ր

Կաթողիկոսի տեսքը արդեն իսկ հուշում էր, որ ինքնազգացողությունը հեռու է բավարար լինելուց։ Արարողության ավարտից հետո նա քայլեց դեպի Վեհարան, իսկ լրագրողներիս հայտնեցին, որ մենք այլեւս անելիք չունենք։ Օրվա հանդիսավորությունը տրամադրություն չդարձավ։ Շատերը նկատեցին, որ մի քանի հայտնի հոգեւորականներ առանձնապես ոգեւորված չէին Վեհափառի վերադարձով։ Հարկադիր պարտականություն կատարողի շտապողականությամբ նրանցից ոմանք արագ լքեցին Մայր տաճարը։ Իսկ երգչախմբի անդամներից մեկը, քայլելով դեպի մուտքը, հարեւանցիորեն մեզ նետեց. «Առավոտները երգել չի լինում»։ Մայթեզրին անփութորեն նետված ցուցապաստառին գրված էր. «Բարի գալուստ, Վեհափառ», եւ օրն էլ չափազանց նման էր այդ անփութությանը։ Էջմիածնում եւս մեզ զգուշացրին, որ Վեհափառը չի պատրաստվում պատասխանել լրագրողների որեւէ հարցի։

Իսկ այն մասին, թե ի վերջո ինչո՞ւ էր կառավարությունը ստանձնել մեր ներկայության ապահովումը, այլ ոչ թե եկեղեցին, մամլո դիվանի ներկայացուցիչներն անպատասխան թողեցին։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31