Փաշինյանն այն անձնավորությունը չի, որի հետ կարելի է որեւէ հարցի շուրջ պայմանավորվել
ՔՊ ղեկավարն ասում է՝ «եթե ես ասեմ, որ հեռանում եմ եւ չհեռանամ, հեղափոխություն կլինի»: Բնականաբար, ինչպես միշտ, խաբում է: Նախ՝ ինչպես արդեն գրել եմ, նա ինքնակամ որեւէ պարագայում չի հեռանա: Նա չի հեռանա, անգամ եթե տապալվի 20 հանրաքվե կամ լրանա 20 ժամկետ: Ինչպես որ դա արել է իր ոգեշնչման աղբյուրը հանդիսացող Վլադիմիր Պուտինը (ի հեճուկս այն հանգամանքի, որ երբեմն ՔՊ-ականները ձեւեր են թափում, թե իբր «հակառուս» են), եթե անգամ որեւէ սահմանադրությամբ լրանա իր պաշտոնավարման ժամկետը, նա այդ նախորդ ժամկետները «կզրոյացնի»:
Ինչպես գրել է նիկոլական օգտատերերից մեկը (իմ մասին), «դու կսատկես, իսկ մեր Վարչապետը կմնա Վարչապետ»: Ճիշտն ասած՝ այդ տարբերակը միանգամայն իրատեսական եմ համարում: Կասկածում եմ անգամ, որ կտեսնեմ, թե ինչպես են կյանքից հեռանում Պուտինը, Լուկաշենկոն, Ալիեւը, Ռահմոնը, Բերդիմուհամեդովը: Իսկ այլ ձեւով նրանք պաշտոնից չեն հեռանա: Ինչպես եւ Փաշինյանը: Հավանաբար, բռնապետները ինչ-որ գաղտնի միջոցներ ունեն՝ իրենց ֆիզիկական գոյությունը երկարաձգելու համար: «Very strong leaders, tough and smart», – նման դեպքերում ասում է Դոնալդ Թրամփը: Նա էլ, եթե իր ձեռքը ճար լիներ, կիշխեր մինչեւ 100 տարին լրանալը, բայց ժողովրդավարական երկրի ավանդույթները, հասարակական կարծիքը (այսինքն՝ ոչ միայն սահմանադրությունը) դրա հնարավորությունը չեն տալիս:
Իսկ ինչու հեղափոխություն չի լինի, եթե գլխավոր ՔՊ-ականը ինչ-որ մի պայմանով հայտարարի հեռանալու մասին ու չհեռանա՝ չէ՞ որ նման հանգամանքներում տեղի է ունեցել 2018 թվականի իշխանափոխությունը: Այդ առիթով նախ հիշեցնեմ, որ այն սարսափելի, մահաբեր աղետները, որոնք բերել է Փաշինյանը, չեն կարող համեմատվել «խոստանալու եւ չանելու» հայտնի դեպքի հետ: Ընդհանրապես, այն սխալ գործողությունները, որոնք կատարել են ՀՀ նախորդ ղեկավարները, պարզապես մանր թերություններ են՝ Փաշինյանի խայտառակ, մեզ բոլորիս նվաստացնող ձախողումների համեմատ:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, այդ ձախողումները ոչ մի հեղափոխության չեն հանգեցրել: Եվ դրա պատճառները մի քանիսն են: Առաջինն այն է, որ Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների ուղեղները լվացած է նիկոլական քարոզչության՝ «նախկինների» եւ ռուսների մասին պատումներով: Դրանց կեսը սուտ է, իսկ մյուս կեսը, թեեւ ճիշտ է, բայց «ռելեվանտ չէ» իրականությանը, այսինքն՝ որեւէ «արդարացում» չի կարող հանդիսանալ ներկա տապալումների համար: Մյուս կողմից՝ կան Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք այս ամենի հանդեպ կատարելապես անտարբեր են եւ մտահոգված են բացառապես «լավ ապրելով»:
Բայց կա եւս մեկ, կարծում եմ՝ ավելի հիմնավոր պատճառ, թե ինչու այժմ հեղափոխությունը քիչ հավանական է: 2018 թվականի համեմատ ժողովրդավարությունը Հայաստանում խիստ հետընթաց է ապրել: 1991 թվականից ի վեր չի եղել այնպիսի իրավիճակ, երբ անազատության մեջ լինեն հիմնական երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները, ինչպես նաեւ քրեական հետապնդում իրականացվի բազմաթիվ այլ գործիչների, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ մի քանի եպիսկոպոսների դեմ: Իրավական «բեսպրեդելին» միանում է նաեւ բարոյական ահաբեկումը՝ «գործակալներով», «լրտեսներով», «ներքին թշնամիներով»:
Այս համատարած բռնաճնշումների պայմաններում հանրաքվե անցկացնելը պարզապես զավեշտ է: Բայց, եթե անգամ անցկացվի եւ (զուտ տեսականորեն ենթադրենք) հաղթի «ոչ»-ը, Փաշինյանը, միեւնույն է, չի հեռանա պաշտոնից: Նա, ավելի շուտ, փողոցային խժդժություններ կհրահրի, կամ էլի ինչ-որ մի բան կմոգոնի՝ իր աթոռին մնալու համար: Իսկ եթե «հաղթի» «այո»-ն՝ այնպես, ինչպես վերջին խորհրդարանական ընտրություններում «հաղթել է» ՔՊ-ն, ապա այդ կազմակերպության ղեկավարն առավել ես չի գնա՝ կուրծք ծեծելով, թե «ժողովուրդն ինձ սատարեց»:
Այս ամենը հաշվի առնելով, ծիծաղելի է, երբ Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը: Ինքնին գործարքի գաղափարն, իհարկե, ընդունելի է, բայց՝ ոչ այդ անձնավորության պարագայում:
Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթ
23.11.2026
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































