Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐ ՄԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԻՍՏԻՑ

Սեպտեմբեր 17,1998 00:00
harc

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախորդ նիստում որոշվել էր հաջորդ նիստին հրավիրել պաշտպանության նախարարության, զինվորական դատախազության ներկայացուցիչներին եւ նրանց հետ միասին քննարկել հանձնաժողովում առկա այն 14 դիմումները, որոնց հեղինակները համոզված էին, թե բանակում ինքնասպան եղած իրենց զավակներն իրականում խոշտանգված եւ սպանված են եղել։ Երեկ այդ քննարկումը կայացավ լրագրողների համար փակ դռների ետեւում։

Զորամասերում կատարված «իրավախախտումներ»

«Գաղտնիությանը դեմ ենք եղել, դեմ ենք ու դեմ էլ կլինենք։ Մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր հարցերը միայն բաց ժողովներում ենք քննելու։ Բայց որոշ դեպքերում գերատեսչական խնդիրներ կան, եւ պարտավոր ենք այդ գերատեսչությունների կարծիքը հաշվի առնել»,- այսպես պատճառաբանեց Պարույր Հայրիկյանը քննարկման գաղտնիությունը։ Նա նշեց, թե դեռ չեն կարող վերջնական գնահատական տալ, որ զինվորների խոշտանգումներն ու սպանությունները զանգվածային բնույթ են կրում։ Հանձնաժողովը երեկ որոշել էր փաստական որոշակի տվյալներ պահանջել վերջին տարիների ընթացքում այդ բնույթի հանցագործությունների որակական եւ քանակական շարքի վերաբերյալ։ «Մեզ ամենայն պատասխանատվությամբ հավաստիացրին, որ բանակում տարեցտարի կամ ամսեամիս վիճակը բարելավվում է։ Որոշակի թվեր նշվեցին, թե անցյալ տարվա համեմատ 30 %-ով կրճատվել է նման դրսեւորումների քանակը։ Բայց հանձնաժողովը դեռեւս վերջնական եզրակացության չի եկել»,- վերապատմեց Պարույր Հայրիկյանը։

Փախստականներ

Լրագրողների ներկայությունը թույլատրված էր փախստականների մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ։ Վարդան Հարությունյանը, որ այդ նախագծի հիմնական հեղինակն է, փախստականների համար, իբրեւ հրատապ լուծման արժանի, որոշ հարցեր էր առանձնացրել։ Դրանցից մեջբերում ենք մի քանիսը միայն.

ա) փախստականներին պիտի տրվի էլեկտրաէներգիայի վարձը զեղչով վճարելու եւ տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք,

բ) պիտի ուսումնասիրվեն եւ պարզվեն փախստականներին բանակ զորակոչելու դեպքերը եւ միջոցներ ձեռնարկվեն բացառելու օրենսդրության նման խախտումները,

գ) հնարավորություն գտնել լուծելու նրանց բնակարանային խնդիրները։

Աղասի Արշակյանն ընդվզեց՝ առաջարկեց գնալ ու նայել Բյուրեղավանում տեղավորված որոշ փախստականների տները։ Հաստատ համոզված էր, որ հանձնաժողովի անդամների զգալի մասը նման լավ պայմաններում չի բնակվում։ «Իբր տեղացի ժողովուրդը չտեսնված լավ պայմաններո՞ւմ է ապրում։ Եթե դժվարություն կա, թող մեզ հետ այդ դժվարությունները կիսեն, այս երկրի դառնությունը տեսնեն։ Հետո, երբ այս երկիրը կքաղցրանա, միասին քաղցր հայրենիք կունենանք։ Հիմա դառն է այս հայրենիքը։ Սա է։ Ով որ չի ուզում, թող գնա էստեղից»,- ասաց արդարադատության փոխնախարար Մանուկ Թոփուզյանը։ Նա նախապես էր զգուշացրել, որ իր խոսքը մի քիչ զգայական է լինելու։

Ինչեւէ, Վարդան Հարությունյանի նախագիծը «ոչ ավարտուն» եւ «հում» որակումների արժանացավ, այնուամենայնիվ՝ որոշվեց այն հիմք ընդունել եւ փախստականների խնդիրների լուծմանն առնչվող այլ առաջարկներ եւս մշակել։

Երիտասարդներին ճամփա տվեք

«Հայաստանի երիտասարդության եւ ուսանողության դաշինքը» դիմել էր նախագահի աշխատակազմին եւ ցանկություն հայտնել իր ներկայացուցիչն ունենալ այդ հանձնաժողովում՝ հաշվի առնելով, որ երիտասարդական կազմակերպություններն այստեղ ներկայացված չեն։ «Իսկ ինչո՞ւ հենց նրանք պիտի երիտասարդությանը ներկայացնեն»,- զարմացավ Սուրեն Զոլյանը։ Ի դեպ, գրեթե բոլոր ներկաներին այս կազմակերպության անունը ոչինչ չէր ասում, հայտնի չէր։ «Մենք էլ պակաս երիտասարդ չենք»,- լավատեսորեն նկատեց Վարդան Հարությունյանը։

Իսկ Աղասի Արշակյանը մտավախություն ուներ, որ շուտով թոշակառուների ավագանու կամ միայնակ մայրերի ներկայացուցիչներն էլ կուզենան այս հանձնաժողովում ներկայացված լինել. «Թող էդ ջահելները գնան Վահան Հովհաննիսյանի մոտ»։

Ի վերջո, այս կազմակերպությանը խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկեցին հանձնաժողովում։

Նախագահը կդիմի՞ ՍԴ

Հանձնաժողովը երեկ նաեւ որոշեց Ռոբերտ Քոչարյանին առաջարկել, որ նա ՍԴ դիմի «Բաժնետիրական ընկերությունների մասին» եւ «ԱԺ-ի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքների որոշ դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու համար։ Նաեւ պարզաբանում պիտի տրվի այն հարցին, թե մեծամասնական ու համամասնական ընտրահամակարգերի ինչպիսի հարաբերակցությունն է Սահմանադրությանը համապատասխան։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ.Գ. Հանձնաժողովի անդամները մտադիր են այցելել այն զորամասերը, որոնց վերաբերյալ ահազանգ կա։ Պարույր Հայրիկյանը խոստացավ, որ իրենց հետ են տանելու այն թղթակիցներին, որոնց անաչառության վերաբերյալ ոչ մեկը կասկած չի հայտնել։ «Ուրեմն, Հայաստանի լրագրողներից ոչ մեկին չենք տանելու»,- հոռետեսորեն նկատեց Վարդան Հարությունյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930