Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ «ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ» ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 29,1998 00:00
Gorcazurk

Աշխատանք փնտրելը հեշտ բան չի։ «Դռնեդուռ» ընկնել ու սեփական անձի լոբբինգն անել ամեն մեկը չի «բաշարում»։ Եւ՝ ոչ միայն ֆիզիկապես։ Ավելի շատ հոգեբանորեն է դժվար հավաքել որեւէ թերթում տպագրված հեռախոսահամարը ու կենսախինդ եւ անմիջական ձայնով հաստատել, թե շատ մարդամոտ ես, մինչեւ 30 տարեկան, որ ամենակարեւորն է՝ քչից-շատից երկարոտն։ Այդ պահին հոգ չէ, թե ժամանակից անց կպարզվի՝ ոտքերդ իրոք վզի՞ցդ են սկսում, թե՞ որտեղից որ ընդունված է բնության մեջ։ Աշխատանք փնտրելը հեշտ չի մանավանդ… աշխատանք ունեցողի համար (թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, սատանայի ականջը խուլ)։ Նման դեպքում անհրաժեշտ է առավելագույնս համոզիչ հանդես գալ հուսահատ եւ ձեռքը փրփուր ու ծղոտին գցող գործազուրկի դերում։ Նորից ենք կրկնում «թքելու» արարողությունը եւ առաջ անցնում։

Փորձը փորձանք չդառնա՞

Լրագրողներս հաճախ ենք փորձարկումներ նախաձեռնում ու «փոխում» սեփական մասնագիտությունը։ Նպատակը ուրիշ մասնագիտությունների ոչ այնքան հմայքը, որքան դժվարությունները ճաշակելն է։ Այս դեպքում լրագրողը «ուրանում» է իր աշխատանքի գոյությունն ընդհանրապես ու փորձում մտնել գործազուրկի մաշկի մեջ։ Միանգամից ասեմ, որ այն շատ «նեղ» է եւ «անհարմարավետ»։ Իրեն քիչ թե շատ հարգող գործազուրկը, եթե հասցրել է յուրացնել կինեմատոգրաֆի դասական նմուշները, աշխատանքի փնտրտուքն սկսում է թերթերի հայտարարություններից։ Հեքիաթային, ֆանտաստիկ աշխատավարձերի խոստումների ստվար տրցակից ընտրում եմ քիչ թե շատ «ռեալիստականը» ու «կախվում» հեռախոսից։ Ռուսախոս կնոջ ձայնը որոշակի ժամի հրավիրում է «իրենց մոտ»՝ անմիջական զրույցի։

Միությունների տան լաբիրինթոս միջանցքներում մի քանի անգամ մոլորվել-դուրս գալուց հետո ընկնում եմ մի սենյակ, որի ռուսալեզու (եւ ակնհայտորեն նաեւ ռուս) տերերը խիստ հետաքրքրվում են այն կազմակերպությամբ, որն ինձ էլ է հետաքրքրում։ Ավելին՝ այստեղ անմիջապես «ոտուձեռ են ընկնում», գտնում իմ հայտարարության սենյակը եւ առաջնորդում այնտեղ։ Սա, պարզվում է, որ երկուստեք օգտակար է։

Ե՞ս քեզ, թե՞ դու ինձ

Ուղեկիցս ծանոթանում է (ինչպես հետո է պարզվում) իր գործընկերոջ հետ եւ հաջողություն մաղթում «գործազուրկիս»։ Երիտասարդ, բարետես աղջիկը ժպտադեմ ներկայացավ՝ Գալինա։ Ու սկսեց հարցուփորձը՝ ով եմ, ինչ մասնագետ, ինչու չեմ աշխատում, եւ այլն, եւ այլն։ Համոզված լինելով, որ «գործատուն» տեղացի չէ եւ բռնվելու վտանգ կարծես թե չկա, ներկայացնում եմ կիսահորինովի կենսագրությունս։ Կամաց-կամաց սկսում է զայրացնել, որ Գալինան ինքն է անընդհատ հարցեր տալիս ու հմտորեն խուսափում իմ հարցերից։ Բայց դե ինձ գործազուրկ չիմանա՛. լրագրողի զինանոցից հանում եմ համառությունն ու պնդաճակատությունը եւ անցնում գրոհի։ Տեսնելով, որ մեծ գումարներ աշխատելու հեռանկարը այնքան էլ հեշտ չի գայթակղում, Գալինան շատ համբերատար սկսում է բավական հեռվից՝ ցանցային մարկետինգից։

Ճանաչողական զրույց

Ամենեւին կարիք չկա ներկայացնելու տնտեսագիտական դասախոսությունն այստեղ։ Այն էր նշանակալի, որ այդ «դասախոսությունը» արվեց շատ կիրթ, համբերատար, մանրամասն եւ որ խիստ կարեւոր է՝ հանրամատչելի։ Պարզվեց, որ այդ կազմակերպությունը ռուսաստանյան է եւ Հայաստանում վերջերս է իր մասնաճյուղը բացել։ Իր մասնաճյուղերն ունի ԱՊՀ որոշ երկրներում, Իտալիայում։ Ելնելով շուկայական տնտեսության պահանջներից՝ կապող օղակ են արտադրողի եւ սպառողի միջեւ։ Իրենց կարծիքով, մարդն առաջին հերթին կարիք ունի առողջության եւ մտահոգված է հենց դրանով։ Այդ պատճառով էլ այս կազմակերպությունը զբաղվում է դեղամիջոցների (բացառապես բուսական) իրացմամբ։ (Մեր կարծիքով, ռուս գործարարները հայկական շուկան կամ առնվազն մենթալիտետն այնքան էլ լավ չեն ուսումնասիրել։ Հայերս իրենց առողջության մասին հոգ են տանում ամենավերջում, երբ դանակը ոսկորին է հասնում (կամ էլ անցած է լինում)։ Այնպես որ, համոզված չենք, թե հայտնի ֆիտո դեղամիջոցները այստեղ հաջողությամբ կիրացվեն)։

Գալինան չմոռացավ հայտնել, որ հիմա միջնորդական գործունեության վարկը բավական ընկած է, շնորհիվ որոշ նմանատիպ կազմակերպությունների, հատկապես հանրահայտ «Հերբալայֆի»։ Իրենք այդպիսին չեն, գրանցումն ու ողջ գործունեությունը օրինական են։ Նույնիսկ փաստաթղթերի պատճենները ցույց տվեց։ Եթե մինչեւ այս պահը ամեն ինչ ավելի շատ արժանահավատ էր, քան հակառակը, հաջորդ պահից սկսվեց հակառակը։

Ոսկե սարեր, արծաթե լեռներ…

Կոնկրետ ինձ, ֆիրման առաջարկում է երկու աշխատանք՝ նույն բնույթի։ Պայմանագիր է կնքվում կազմակերպության հետ (բլանկն արժե 1 ԱՄՆ դոլար)։ Եվ «բջիջների մակարդակով մարդու օրգանիզմը մաքրող եւ վերականգնող» (ինչպես ներկայացվեց) դեղամիջոցի մեկ կոմպլեկտը 40 տոկոս զեղչ գնով վաճառվում է գործակալին, որը կարող է այս ձեւով հոգալ իր բջիջների մաքրման եւ վերականգնման մասին՝ ուրախանալով, որ պայմանագիր չկնքելու դեպքում իր բջիջները կեղտոտ ու կիսատ-պռատ կմնային կամ կխնամվեին շատ ավելի թանկ գնով։ Սրանից աշխատանքի հոտ այնքան էլ չէր գալիս, եւ Գալինան ներկայացրեց գործունեության ավելի լայն դաշտ ենթադրող երկրորդ տարբերակը։

Պայմանագիրը կնքելուց հետո գործակալին տրամադրվում է 5 կոմպլեկտ դեղամիջոց՝ յուրաքանչյուրը 5 տոկոս զեղչով։ Սակայն գործակալը պարտավորվում է ոչ միայն դրանք իրացնել, այլեւ եւս 5 հոգու ներգրավել, որոնք իրենց հերթին ամեն մեկը երկու հոգու է ներգրավում՝ այդ ընթացքում չմոռանալով նրանց վաճառել 5 տոկոս զեղչով իրենց գնած դեղորայքները։ Երրորդ սերունդը կոմպլեկտները ստանում է 10 տոկոս զեղչով՝ պարտավորվելով, որ յուրաքանչյուրը եւս երկուսին ներգրավի։ Յոթերորդ սերունդ ունենալու դեպքում գործակալը, երբ հաջողեցնում է ներգրավել 160 հոգու, յուրաքանչյուր կոմպլեկտից ստանում է մինչեւ 6 տոկոս շահույթ, ինչը, ըստ Գալինայի, արդեն մեծ փողեր ու մեծ կարիերա է։ Այս ամենը գծել ու գրելուց հետո Գալինան խորհուրդ չտվեց որեւէ մեկին ցույց տալ իր սխեման, առավել եւս՝ որեւէ մեկից խորհուրդ հարցնել։

Այս թվերից ու գործողություններից գլուխ չհանելու դեպքում կարող եմ ուրիշներին թյուրիմացության մեջ գցել եւ այդպիսով ազդել նրանց վարկի վրա։ Բացասաբար՝ բնականաբար։ Պարզվեց, որ իմ պես անտեղյակների համար դասընթացներ են կազմակերպվում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել արդեն աշխատող տեղացիների եւ նրանցից կարծիք հարցնել։ Առաջիկայում անպայման կմասնակցեմ նման մի դասընթացի. գուցեեւ իսկապե՞ս առեւտրական կարիերա սկսեմ, հը՞։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ռուսական կամպանիայի անունը չենք գրում գովազդ կամ հակագովազդ չանելու նպատակով, Գալինայի անունն էլ փոխված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031