Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ «ՄԻՍՍ ՀԱՅՈՒՀՈՒ»

Նոյեմբեր 04,1998 00:00
tag

Դեռ չէինք հասցրել մի կարգին «մարսել» «Միսս Հայաստան» մրցույթը, հանկարծ պարզվեց, որ հիմա էլ անցկացվելու է նրբագեղության եւ գեղեցկության «Միսս Հայուհի» մրցույթը։ Ու եթե առաջին մրցույթի դեպքում գեղեցկուհի ընտրվեց ընդամենը Հայաստանի տարածքից, ապա երկրորդի դեպքում ընտրվելու է համայն հայության գեղեցկուհի։ Մրցույթի կազմակերպիչն էլ նույն Կամերային թատրոնն էր, որն էլ հայտարարեց, թե «Միսս Հայուհի» մրցույթն անցկացվելու է Ստեփանակերտում։ Եվ ինչպես միշտ, այս դեպքում եւս ասեկոսեներն ավելի արագ տարածվեցին, քան կկայանար մրցույթը։

Ասեկոսե թիվ 1.

Չար լեզուներն ասում են, թե Կամերային թատրոնի ղեկավար Արա Երնջակյանը ստիպված է եղել նախաձեռնել «Միսս Հայուհի» մրցույթը, քանի որ նախորդ՝ «Միսս Հայաստան» մրցույթի ժամանակ չի կատարվել Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյայի պահանջը, համաձայն որի՝ «Միսս Հայաստան» տիտղոսին պետք է արժանանար Արցախի ներկայացուցիչը։ Ահա թե ինչու նույն չար լեզուների պնդմամբ, Արա Երնջակյանը ստիպված է եղել «երկնել» «Միսս Հայուհի» մրցույթը, որն էլ պետք է անցկացվեր Ստեփանակերտում, որտեղ էլ պետք է համայն հայության գեղեցկուհին ընտրվեր Արցախից։

«Շաբաթն ուրբաթից շուտ եկավ»

«Միսս Հայուհի» մրցույթը պետք է անցկացվեր հոկտեմբերի 17-ին՝ Ստեփանակերտում։ Այն այդպես էլ չկայացավ, ինչպես հայտնեց Արա Երնջակյանը, մրցույթը հետաձգվել է անորոշ ժամկետով՝ ղարաբաղյան կողմի պահանջով, իսկ մրցույթի տնօրեն Ռուբեն Թորոյանի պնդմամբ՝ մրցույթի ուշացման պատճառները ֆինանսական են։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմին, Ստեփանակերտի մեր թղթակցին ԼՂՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Շավարշ Սարգսյանը տեղեկացրեց, որ մրցույթը հետաձգվել է, որպեսզի հայտ ներկայացրած բոլոր երկրները հասցնեն իրենց երկրներում անցկացնել գեղեցկության մրցույթներ եւ ընտրված գեղեցկուհուն «գործուղել» «Միսս Հայուհի» մրցույթին։ Ու թեպետ Շ. Սարգսյանը ստույգ չի նշել մրցույթի անցկացման ժամկետը, բայց հավաստիացրել է, որ այն անպայման կանցկացվի։ Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 30 երկրներից, ըստ Շ. Սարգսյանի, միայն 7-ում են անցկացվել մրցույթներ եւ ընտրվել գեղեցկուհիներ։ Ի պատասխան իմ այն հարցին, թե ինչու է մրցույթի անցկացման վայրն ընտրվել Ստեփանակերտը, պարոն Թորոյանը պատասխանեց, որ այն պայմանավորված է Արցախյան շարժման 10-ամյակի հանգամանքով եւ Ստեփանակերտում անցկացնելը կնպաստի հայության համախմբմանը։

Ասեկոսե թիվ 2.

Նույն չար լեզուներն ասում են, թե իբր այս անգամ էլ հայտնվել է սփյուռքահայ մի մեծ բարերար եւ պահանջել, որպեսզի «Միսս Հայուհի» տիտղոսին «արժանանա» իր մատնանշած գեղեցկուհին, հակառակ դեպքում, ֆինանսական օժանդակություն չի հատկացնի։ Հիմա «խեղճ» Արա Երնջակյանը, չար լեզուների պնդմամբ, երկու քարի արանքում է. մի կողմից Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա, մյուս կողմից՝ սփյուռքահայ մեծ բարերար։ Դրա համար էլ միակ ելքը մնացել է անորոշ ժամանակով մրցույթը հետաձգելու տարբերակը։

«Մինչ սրանք մեկ, երկու, երեք, չորս, ուրիշները՝ մեկ-երկու, մեկ-երկու»

Մինչ կշարունակվի «Միսս Հայուհի» մրցույթի հետաձգման գործընթացը, «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողները հաջողությամբ մասնակցում են միջազգային մրցույթների։ Ռուբեն Թորոյանը հայտնեց, որ «Միսս Հայաստան» մրցույթի երրորդ մրցանակակիր Իսկուհի Ազարյանը այս ընթացքում մասնակցել է Ղազախստանում կայացած «Միսս Տուրիզմ» մրցույթին։ Մասնակից 38 երկրների գեղեցկուհիների շարքում Իսկուհի Ազարյանը գրավել է չորրորդ տեղը։

Մեկ ուրիշ գեղեցկուհի՝ Տիգրանուհի Գալստյանը (նա Հայաստանում 12-րդ տեղն է գրավել, այս մրցույթին մասնակցել է, քանի որ, ըստ պրն Թորոյանի, նրա տարիքն է բավարարել մրցույթի պահանջներին) Հունաստանում մասնակցել է «Միսս Գլոբա» մրցույթին։ Իսկ «Միսս Հայաստան» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը պետք է մասնակցի «Միսս Եվրոպա» մրցույթին, որն էլ այս տարի Ռուսաստանում տիրող իրավիճակի պատճառով հետաձգվում է։ Քանի որ եղած մրցույթները հետաձգվում են, ես էլ մտածեցի մրցույթի կազմակերպիչներին ինչո՞ւ չառաջարկել անցկացնել «Միսս Բանտարկյալուհի» մրցույթ (մանավանդ որ, մեր հարեւան Վրաստանը նմանատիպ մրցույթ անցկացրել է), որին պրն Թորոյանը պատասխանեց ծիծաղով. «Չեմ կարծում, թե Հայաստանում բավականաչափ բանտարկյալ կա, ուր մնաց թե՝ միսս բանտարկյալ»։

Մեզ էլ մնում է անորոշ ժամանակով սպասել, պարզելու համար, թե որքանով էին իրազեկ չար լեզուները։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30