«Արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» նշելու հարցը չի կարելի ներկայացնել որպես միջազգային չափորոշիչների պարտադիր պահանջ, որովհետև այդ պնդումը իրավական առումով հիմնավորված չէ։ Ըստ էության, պետության կողմից ընդունված իրավակարգավորման ընտրությունը ներկայացվում է որպես միջազգային պարտադրանք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պարզաբանմանը, թե ինչո՞ւ է արցախցիներին տրամադրվող կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրի դաշտում նշվում «Ադրբեջան»։
Փաստաբանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է հստակ տարանջատել ICAO-ի 9303 փաստաթղթով սահմանված տեխնիկական չափորոշիչները և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ ընդունված որոշումը։ ICAO-ի 9303 փաստաթղթի 3.7 կետի համաձայն՝ ծննդավայրի նշումը ճամփորդական փաստաթղթում պարտադիր չէ, իսկ եթե այն ներառվում է, կարող է նշվել քաղաքը, բնակավայրը, արվարձանը կամ պետությունը։ Հետևաբար, միջազգային ստանդարտը ոչ թե պարտադրում է ծննդավայրի դիմաց նշել պետությունը, այլ այդ հարցում թողնում է փաստաթուղթ տրամադրող պետության հայեցողությանը։
«ISO 3166-ն էլ, ըստ էության, պետությունների անվանումների և կոդերի ստանդարտ է, այլ ոչ թե ծննդավայրի դաշտում պետության անվանումը պարտադիր ներառելու իրավական հիմք։ Այսինքն՝ միջազգային չափորոշիչների վկայակոչումը չի կարող ինքնին արդարացնել «Ադրբեջան» գրառման պարտադիր կիրառումը, քանի որ նման պարտադիր պահանջը բխում է ՀՀ օրենսդրական կարգավորումից, մասնավորապես՝ 2026 թվականի մայիսին ընդունված փոփոխություններից, այլ ոչ թե ICAO-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը պարտադրված որևէ կանոնից»,- ասաց նա։
Ըստ Մարտիրոսյանի՝ իրավական տեսանկյունից առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ ծննդավայրի փաստական և պատմական իրողությունը նույնացվում է այդ տարածքի նկատմամբ տվյալ պահին առկա պետական իրավազորության կամ միջազգային քաղաքական ճանաչման հետ։ Ծննդավայրը մարդու կենսագրական, փաստական և անհատական տվյալ է։ Այն չի կարող վերածվել տարածքային պատկանելության վերաբերյալ քաղաքական հայտարարության, առավել ևս՝ այնպիսի հայտարարության, որը կարող է ընկալվել որպես տվյալ անձի ծննդավայրի նկատմամբ որևէ պետության ինքնիշխանության ճանաչում։
Կարդացեք նաև
«Անձնագրում «Ադրբեջան» նշելը իրավական առումով ինքնին չի կարող դիտարկվել որպես Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման միջազգային իրավական ակտ։ Չնայած այդպիսի դատողությունները հիմնավոր են քաղաքական գործընթացի շղթայի դատողությամբ, սակայն դրա քաղաքական, իրավական և խորհրդանշական ընկալումը, հատկապես արցախցիների բռնի տեղահանման, իրենց հայրենիքում ապրելու իրավունքի խախտման և իրենց պատմական ինքնության ժխտման համատեքստում, անտեսել չի կարելի։ Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը և ինքնության պահպանման իրավունքը, պետք է միջազգային տեխնիկական չափորոշիչների կիրառման ժամանակ առաջնորդվի ոչ միայն վարչական հարմարավետությամբ կամ սահմանային հնարավոր խնդիրներից խուսափելու նկատառումներով, այլ մարդու իրավունքների, համաչափության, իրավական որոշակիության և խտրականության բացառման սկզբունքներով»,- հավելեց նա։
Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ եթե միջազգային ստանդարտը թույլ է տալիս ծննդավայրի տարբեր ձևերով նշում, ապա պետությունը պարտավոր է քննարկել այնպիսի լուծումներ, որոնք միաժամանակ կապահովեն անձնագրի միջազգային կիրառելիությունը և չեն հանգեցնի մարդկանց պատմական ու փաստական ինքնության անտեսմանը։ Ավելին, եթե ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումը հակասում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը կամ հանգեցնում է նրանց արժանապատվության և ինքնության անհարկի սահմանափակման, ապա այն պետք է վերանայվի։
«Օրենքը չի կարող ինքնանպատակ լինել. այն պետք է ծառայի մարդուն, այլ ոչ թե մարդուն պարտադրի ընդունել իր կենսագրության վերաբերյալ այնպիսի ձևակերպում, որի ընտրությունը պայմանավորված է բացառապես վարչական մոտեցմամբ։ Արցախցու ծննդավայրը նրա հայրենի բնակավայրն է՝ Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը, Հադրութը կամ Արցախի որևէ այլ բնակավայր։ Այդ փաստը չի փոխվում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, բռնի տեղահանմամբ կամ անձնագրային գրառմամբ։ Իմ համոզմամբ՝ հարցը պետք է լուծվի ոչ թե միջազգային ստանդարտների թիկունքում թաքնվելով, այլ իրավական հիմնավորված, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան և արցախցիների արժանապատվությունը հարգող օրենսդրական լուծում գտնելով»,- ընդգծեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































