Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 10,1998 00:00
Suren Azatyan

Երեկ էներգետիկայի բնագավառում սակագներ հաստատող անկախ հանձնաժողովն իր հերթական արտագնա նիստն անցկացրեց Հայկական ատոմային էլեկտրակայանում։ Նիստը նպատակ ուներ հաստատելու 1999 թ. ՀԱԷԿ-ի սակագինը։ Իսկ լրագրողները հրավիրված էին արձանագրելու հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանի՝ սակագների բարձրացման հիմնավորումները։

ՀԱԷԿ-ը 1989 թ. սառեցումից հետո վերագործարկվեց 1995 թ. նոյեմբերի 5-ին։ 1998 թ. սեպտեմբերի 25-ից կանգնած է տարեկան հերթական վերանորոգման, որը պետք է տեւեր 60 օր, սակայն կայանի տնօրեն Սուրեն Ազատյանի ամենալավատեսական կանխատեսումներով կվերագործարկվի դեկտեմբերի կեսերին։ Պատճառը վառելիքի եւ այլ անհրաժեշտ նյութերի ներկրման դժվարություններն են, որոնք հետեւանք են ռուսական ռուբլու արժեզրկման։

Պրն Ազատյանը տեղեկացրեց, որ մեկ շաբաթ բանակցություններ է վարել Մոսկվայում, որի նպատակը ռուս-հայկական պայմանագրի վերանայումն է։ Որպես կարեւոր ձեռքբերում Սուրեն Ազատյանը նշեց, որ հերթական վերանորոգումների միջեւ ընկած 10 ամիսների ընթացքում ՀԱԷԿ-ը չի կանգնել։ Լրագրողների այն հարցին, թե դեռեւս որքան կաշխատի ՀԱԷԿ-ը, պրն Ազատյանը սկզբում տվեց շատ մշուշոտ պատասխան. «Մինչեւ փոխարինող հզորությունների կառուցումը։ Մենք գազ եւ նավթ չունենք, ջրային ռեսուրսները սահմանափակ են, մնում է նոր ատոմակայանի կառուցումը։ Պետությունը շատ սիմվոլիկ գումար է նախատեսել նախագծային հաշվարկներ իրականացնելու համար։ Պետք է որոշել, թե ինչ հզորություն ենք ուզում ունենալ, արդյունաբերության որ ճյուղն է աշխատելու, ինչպիսի հզորությամբ»։ Պարզվում է, որ Հայաստանում կա էլեկտրաէներգիայի արտադրության մեծ ավելցուկ։ Այսինքն՝ արտադրողները ստիպված են հոսանք արտադրել, ըստ հանձնաժողովի քվոտաների։ Այսպես. 1998 թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին ՀԱԷԿ-ը արտադրել է 190 մեգավատ էլեկտրաէներգիա, մինչդեռ ձմռանը, պահանջարկի մեծացման հետ այդ թիվը կրկնապատկվում է։

«Այսօր ՀԱԷԿ-ը չի աշխատում, սակայն բնակչության էներգամատակարարումը դրանից չի տուժել։ Մի՞թե հնարավոր չէր 1991-94 թթ. եւս ապահովել անընդհատ էներգամատակարարում» հարցի պատասխանը եւս հստակ չէր. «Ես չեմ հասկանում այն ժամանակ իրականացված քաղաքականության նպատակը»։

Ատոմակայանի տարածքում կառուցվում է թափոնների պահեստարան, որտեղ ռադիոակտիվ նյութերը կպահպանվեն 50 տարի։ Կառավարության կողմից դեռեւս նման պահեստարանը արտոնագրված չէ, սակայն տնօրենը համոզված է, որ այն շատ շուտով կլինի, քանի որ կառուցված է ամերիկյան չափանիշներով։

Ամենահետաքրքիրը, սակայն, հանձնաժողովի նիստն էր։ 1998 թ. ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 12,37 դրամ էր։ Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը, մեջբերելով իրենց հաշվարկները, ասաց, որ իրենց հանձնաժողովը որոշել է 1999 թ. սակագինը սահմանել 13,68 դրամ։ Նման բարձրացման համար հիմք է ծառայում օգտագործված թափոնների պահպանման, ատոմակայանը շահագործումից հանելու եւ ապահովագրական գումարներ հատկացնելու անհրաժեշտությունը։

Պրն Ազատյանը, ներկայացնելով իրենց պահանջները, նշեց, որ ՀԱԷԿ-ը չի ստանում իր առաքած էլեկտրաէներգիայի վճարը, եւ իրենց այսօր պարտք են 26 մլրդ դրամ։ Պահանջեց, որ իրենց հնարավորություն տրվի անմիջականորեն պայմանագիր կնքել սպառողների հետ, օրինակ՝ ՀԱԷԿ-«Նաիրիտ», որի արդյունքում կշահեն երկու կողմերը։ Այլապես ՋԷԿ-երն իրենց բարձր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիայով բարձրացնում են էլեկտրաէներգիայի սակագներն ընդհանրապես։ «Եթե չեն կարողանա դիմանալ մրցակցությանը, թող չաշխատեն։ Այլապես տուժում են թե՛ էժան արտադրողները եւ թե՛ սպառողները։ Հայաստանում մարդու իրավունքները չեն համապատասխանում նրանց պարտականություններին։ Մեկին տրված են միայն իրավունքներ, մյուսին՝ պարտականություններ»։

աՊարոն Մովսիսյանը բացատրեց, որ իրենք դեռեւս չեն գտել էլեկտրաէներգիան անմիջապես սպառողին հասցնելու հարցի լուծումը եւ խնդրեց, որ պրն Ազատյանը բացատրի, թե որքան բարձր կլիներ սակագինը, եթե չլինեին միջազգային օգնությունները։ Սակայն պրն Ազատյանն այս անգամ էլ հակառակն ապացուցեց. «Օգնությունը տրվում է առավելապես անվտանգության համակարգերին, որոնք հետագայում ներդրում չեն պահանջում։ Եթե խոսքը TACIS-ի 10 մլն էքյուի մասին է, ապա այդ կազմակերպությունը խիստ քաղաքականացված է, իսկ նշված գումարն ավելի շատ թղթի վրա է, քան գործի մեջ։ 1997-ին 7 մլն դոլար են տրամադրել ամերիկացիները եւ խոստացել 4 մլն էլ տալ այս տարի»։

Այստեղ անհաջողություն ունենալով, պրն Մովսիսյանը խնդրեց, որ Սուրեն Ազատյանը բացատրի, թե սակագները որքան բարձր կլինեին, եթե էկոլոգիական, սեյսմիկ եւ այլ չափանիշները համապատասխանեցվեին միջազգայինին։ Պրն Ազատյանի պատասխանն այս դեպքում եւս բացասական էր. «Դուք սխալվում եք, բոլոր առումներով, մեր չափանիշները համապատասխանում են ամերիկյանին։ Այս տարի Ճապոնիայում շահագործումից հանվում է 1962 թվականից օգտագործվող մի ատոմակայան, որը բոլոր չափանիշներով հետ է ՀԱԷԿ-ից, սակայն մինչեւ այժմ որեւէ մեկը չի պահանջել, որ այն փակվի»։ Հանձնաժողովին այլ հարցեր էլ տրվեցին, զորօրինակ. «Ո՞ւմ է ձեռնտու սակագների բարձրացումը։ Ինչո՞ւ է գազը վերածվում թանկ էլեկտրաէներգիայի, երբ էլեկտրական ջեռուցումը 5-6 անգամ թանկ է ջերմաջեռուցումից։ Առանց այն էլ սպառման մակարդակը ցածր է, իսկ սպառողը անվճարունակ»։ Սակայն անկախ այս հարցերից, եւ դրանց տրված պատասխաններից, որոնք որեւէ կերպ չեն բացատրում հարցը, հանձնաժողովի 5 անդամներ միաձայն որոշեցին ՀԱԷԿ-ում սակագինը դարձնել 13,68 դրամ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30