Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԻՐԵՆՑ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբեր 17,1998 00:00
tnoren

Միշտ չէ, որ տրված հարցերը դիմացինի համար հարմար ու սրտամոտ են լինում։ Դա զգում ես պատասխաններից, դիմացինի վերաբերմունքից եւ դեմքի արտահայտությունից։ Եվ երբեմն ներքուստ փոշմանում ես հարցերի համար։ Այս անգամ որոշեցինք դիմել դպրոցների տնօրեններին առանց հարցի՝ ակնկալելով, որ իրենք խոսեն այդ պահին իրենց հուզող հարցի մասին։

Չնայած Երեւանի թիվ 87 միջն. դպրոցի տնօրեն Գեղամ Հայրապետյանը «Կրթության օրենքի» նախագծի տպավորության տակ էր, այնուամենայնիվ, իր խոսքը սկսեց եղանակից։ Աշնան վերջին ամիսն է եւ ոչ արեւկող դասասենյակներում եղանակը գնալով ցրտում է։ Երեխաները սկսել են մրսել։ Ինչքան էլ լավ օրենք ու նախագիծ լինի եւ ուսուցիչն էլ փորձի նպատակային օգտագործել իր 45 րոպեն, համենայնդեպս, առաջին կիսամյակում սովորածը հունվարյան երկարատեւ արձակուրդի ընթացքում մոռացվելու է, որովհետեւ, ուզես թե չուզես, այդ արձակուրդին նախորդելու եւ հաջորդելու են կիսատ-պռատ, ոչինչ չտվող «կարճամետրաժ» ժամերը։ -Այսօր դեռեւս փետրվար-մարտ ամիսների էլեկտրաէներգիայի պարտքն էլ չենք վճարել,- հայտնեց տնօրենը,- թե ինչպես է լինելու, չգիտենք։

Ավանի տարածքը գազիֆիկացնում են, եթե դպրոցն էլ ներգրավեն, լավ կլինի։ Սրանք հոգսեր են, որոնք շատ են խանգարում ուսուցման պրոցեսին։ Ձմեռնամուտին այս էր տնօրենի հոգսը։ Չգիտես ինչու, վերջին տարիներին ավանդույթ է դարձել համարյա բոլոր առարկաների ուսուցիչներին անակնկալներ մատուցել՝ հրամցնելով նոր դասագրքեր։ Իբր թե նորացում է, պայմանների լավացում։ Իրականում դասագիրքը, ծրագիրը անծանոթ են ուսուցչին։ Վերջինս իր ձեռքի տակ չունի նաեւ մեթոդական ձեռնարկներ։ Սեմինարներն էլ մոռացության են մատնված։

Շիրակի մարզի Անիի տարածքի Մարալիկի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Հովհաննիսյանը իր ասածը ավելի հիմնավորելու համար նշեց՝ հայոց լեզվի, գրականության, իսկ 9-րդ դասարանում այս տարվա սեպտեմբերին նոր մտած «Բնօգտագործման եւ բնապահպանության հիմունքներ» առարկայի ո՛չ դասագիրքն են տեսել եւ ո՛չ էլ ծրագրերն ունեն։ Սրանք տնօրենի մտահոգություններն են։ Բայց ոչ բոլորը։ – Հետո էլ ինչ է նշանակում,- շարունակեց նա,- որ 8-10-րդ դասարաններում ուսուցումը կազմակերպվում է մաթեմատիկայի դասագրքով, իսկ քննությունը հանձնում են այդ առարկայի օժանդակ ձեռնարկով։ Իսկ պահանջվում է նաեւ առնվազն 12-14 խնդիր-վարժություն լուծել։ Ե՞րբ, ինչպե՞ս։ Ուսուցիչը չի տեղավորվում 45 րոպեի մեջ, որովհետեւ ժամաքանակն էլ քիչ է։ Եթե հարմար են գտնում, թող այդ մեթոդը կիրառեն բուհում, բուհում դա հնարավոր չէ։

Տնօրենը դժգոհեց նաեւ պատմության դասագրքերից, ծրագրերից։ Առարկան խիստ ծավալուն է, դասավանդվում է սկսած 5-րդ դասարանից մինչեւ 10-րդ։ Այդ ամենի յուրացումը եւ դրա ստուգումն ավարտել մեկ քննությամբ, դժվար է, անիմաստ եւ ոչ նպատակահարմար։ Յուրաքանչյուր դասարանում 2-3 երեխա կարող է յուրացնել, իսկ մյուսնե՞րը… Նա կարծում է, որ առարկան կարելի է մասնատել եւ 8-րդ դասարանում նույնպես քննություն մտցնել։ Դա ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ – Թե չէ դրել են 100 կիլոգրամ բեռը եւ ասում են՝ անպայման պետք է բարձրացնես։ Ուժս չի պատում, ի՞նչ եք ուզում,- վերջում այսպիսի բառերով ավարտեց իր միտքը տնօրենը։ Իր խոսքը Արթիկ քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրեն Կամո Աբրահամյանը սկսեց այն մտքից, որ մարզային կառույցները համարեց միջանկյալ օղակներ, որոնք ավելի են երկարացրել «դպրոցի ճամփան»։

Ըստ պետական ուսումնական հաստատության կանոնադրության, դպրոցի տնօրենը համարվում է վարկի կարգադրիչ, ասել է թե՝ իրավաբանական անձ։ Առաջին հայացքից թվում է, թե դպրոցին ինքնավարություն է տրված։ Բայց դա միայն թվում է։ – Դհոլը տվել են մեր ձեռքը, չոմախը իրենց ձեռքին է, ինչպես ուզում են, խփում են, ինչ ուզում են, նվագում են,- այսպես համեմեց այդ ինքնավարությունը տնօրենը։ Եվ որպես ապացույց իր ասածի, ավելացրեց, որ երբ անցյալ տարի ֆինանսական բալանս էին փակում, աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումար կար, որով կարող էին պարգեւատրել ուսուցիչներին, սակայն արգելեցին։ Եվ մենք միասին հիշեցինք, որ առաջ նման գումարի սկզբնական շրջանում 0,1, այնուհետեւ 1, հետո էլ 1,5 տոկոսը ադմինիստրացիան, դպրոցի արհմիության հետ համատեղ, ըստ գործող կանոնադրության, տրամադրում էր աշխատողների պարգեւատրմանը։ Ուսուցիչը տեսնում էր, որ իր նկատմամբ ուշադրություն կա եւ ոգեւորվում էր դրանից։

Ուզում ենք մեջբերել ՀՀ վարչապետի այս տարվա հուլիսի 27-ի թիվ 454 որոշումը, որի 2-րդ կետով իրավունք է վերապահվում բյուջետային հիմնարկներում պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում՝

ա) սահմանել աշխատողների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանից բարձր աշխատավարձ,

բ) տնտեսված գումարներն ուղղել աշխատողների խրախուսմանը։

Թե ա՞յս անգամ ինչ կասեն, տնօրենը չգիտի։ Կարծում էի, թե հենց այստեղ էլ կավարտվի մեր զրույցը։ Բայց պարզվեց, որ տնօրենը ուրիշ ասելիք էլ ուներ։ Դպրոցը չունի տնտեսական գումար եւ անգամ կավիճ ու ավել չի կարող գնել, չի տրամադրվում անգամ մեկ լումա։ Խոսեց նաեւ ուսուցիչների սոցիալական ծանր վիճակի մասին՝ առաջարկելով, որ վերջապես պետությունը հայացքով պետք է դառնա դեպի դպրոցն ու ուսուցիչը, թե չէ ուշ կլինի։ Գուցե պետությունը ուշացել է արդեն։ – Երեք ուսուցիչը կամ էլ երկու տնօրենը հազիվ մեկ հավաքարար արժեն,- դառը ժպիտով ավելացրեց նա։ Չգիտեմ ուրիշ որտեղ, բայց իրենց կապի հանգույցում հավաքարարի աշխատավարձը 20 հազար է։ Դպրոցի մեկ տնօրեն գումարած էլի դպրոցի մեկ տնօրեն՝ հավասար է կապի հանգույցի մեկ հավաքարարի։ Մեր օրերում թվաբանության մեջ էլ նորություններ են լինում։ Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, բայց… պակասում է։

Քանի որ մեր զրույցը կարծես թե մոտենում էր ավարտին, որպես Գյումրվա մարզի բնակիչ հումորով ավելացրեց՝ հենց որ մի սիրուն բան են տեսնում… Կոնկրետացնելով խոսքն ասաց, որ Գերմանիայում 3-4-րդ դասարանների համար տպագրել են օժանդակ լրացուցիչ ձեռնարկ եւ ուզում են դպրոցներում իրացնել։ Այն եւ ավելորդ է, եւ՝ անհնար։Վերջում էլ ավելացրեց, որ վերադասը հաճախ է իրենց դնում վատ վիճակի մեջ։ Մեկ ասացին, որ «Այբբենարանը» անվճար է, հետո էլ թե՝ հովանավոր չեն գտել, պետք է վճարեն 1300 դրամ, հետո էլ թե՝ իզուր եք հավաքել։ Եվ ծնողը դրանից սկսում է կասկածել։ Ասենք, որոշ «շուստրի» տնօրենների համար այս հաստատումն ու ժխտումը, այս անորոշությունը շատ ձեռնտու է։ Եվ պատահական չէ, որ շատ դպրոցներում բազարա-շուկայական այլանդակությունները խոր արմատներ են գցել։ Ծնողների հիմնավոր բողոքներով ամրագրված օրինակներ շատ կան։

ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30