Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը պատասխանելով հարցին, թե որն է գործակցի փոփոխության վերջնանպատակը՝ ասաց. «Այսօր Երեւանի ավագանին հաստատեց գործակիցներ, ինչը մինչ այս պահը կար կառավարությունում, պետական համակարգում։ Ի՞նչ է գործակիցը։ Գործակիցն այն թիվն է, որով բազմապատկվելու է բազային աշխատավարձը։ Որքա՞ն է կազմում բազային աշխատավարձը, օրենսդրությամբ դա ունի որոշակի սահմանաչափեր՝ նվազագույն աշխատավարձի 80-ապատիկից մինչեւ 120-ապատիկի չափով։ Այսինքն, Երեւան քաղաքի բյուջեով է հաստատվելու այն բազային աշխատավարձի թիվը, որով բազմապատկելու են գործակիցները։ Հետեւաբար, մենք այսօր գործակիցներ հաստատելով ոչ թե աշխատավարձերն ենք բարձրացրել, այլ պարզապես սահմանել ենք գործակիցները, որով հետագայում բազմապատկվելու են»,-ասաց իշխանական ավագանին։
Արմեն Գալջյանը տեղի ունեցողը ոչ մի կերպ չհամարեց աշխատավարձերի բարձրացում։ Նրա խոսքով դա ընդամենը աշխատավարձերի վերանայումն է։ «Այո, ես չեմ թաքցնում դա։ Ես նաեւ հրապարակային գրել էի, որ պետական համակարգում դա տեղի է ունենում, մարզերում դա տեղի է ունենալու։ Երեւան քաղաքում, բուն կենտրոնական ապարատում եւ վարչական շրջաններում վերջին անգամ վերանայում տեղի է ունեցել հինգ տարի առաջ։ Իսկ հինգ տարվա ընթացքում վերանայվել են մանկապարտեզների, ավտոբուսի վարորդների, գրադարանների, կանաչապատման բնագավառի մեր բանվորների եւ բուժաշխատողների, մեր բոլոր հնարավոր ենթակա կառույցների աշխատողների աշխատավարձերը, որոնք հազարավոր մարդիկ են, եւ վերջում նոր եկել, հասել ենք կենտրոնական ապարատին»,-ասաց Գալջյանը։
Հարցին, թե ինչու է այդ հարցը չզեկուցվող եղել, ու ըստ էության, մերժվել է ընդդիմության առաջարկը՝ դարձնել զեկուցվող, նա պատասխանեց. «Ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում այդ հարցը շատ կարճ է քննարկվել, որովհետեւ այդ հարցի մեջ, ըստ էության, բովանդակություն չկա։ Ընդամենը տեխնիկական թվեր են, որոնցով պետք է բազմապատկվեն։ Եվ ես չեմ հասկանում, թե այսօր մենք ինչ պետք է քննարկեինք»։
Արմեն Գալջյանը նշեց, որ իրենք այս պահին ունեն աշխատավարձ եւ պարգեւավճար տեսակները։ Եվ իրենք պլանավորում են պարգեւավճար ասվածը դարձնել աշխատավարձի մաս։ «Եվ եթե դա դիտարկենք աշխատակիցների կամ պաշտոնյաների դեպքերով, կտեսնենք, որ հանրագումարային այն հարաբերակցությունը, որ իրենք ստանում էին աշխատավարձ+պարգեւավճարով հանրագումարի արդյունքում ավելի ցածր թիվ է լինելու, քան մինչեւ այս իրենք ստանում էին փաստացի»,-ասաց ՔՊ-ականը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































