Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռանալիս՝ չանիծեց

Նոյեմբեր 18,1998 00:00
Garnik Nanagulyan

ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության՝ արդեն նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանը թերեւս այն միակն էր, որ կառավարությունը լքելուց հետո ոչ միայն նյարդային վիճակում չէր, այլեւ բավական առույգ ու աշխույժ էր։ Այնքան, որ որոշել էր հեռանալուց առաջ հրաժեշտ տալ լրագրողներին։ Բաժանման համար ոչ ոք արտասուք չթափեց։ Նույնիսկ այնպիսի տպավորություն էր, որ նախարարն իր 100 օրվա կապակցությամբ ասուլիս է տալիս։

Սիրտը թեթեւ տոնով պրն Նանագուլյանը նախ ներկայացրեց հետեւյալ թվերը. այս 9 ամսվա տվյալներով (97-ի հետ համեմատած)՝ համախառն ներքին արտադրանքի աճը 7 տոկոս է, արդյունաբերության ոլորտի զարգացման արտադրանքի աճը 1 տոկոս է, արտահանման աճը՝ 12,8 տոկոս, ներքին առեւտրի ծավալներն աճել են մոտ 5 տոկոսով, ծառայությունների աճը՝ 7,5 տոկոսով, սպառողական գների ինդեքսը՝ 12,5 տոկոսով։ Նախարարությունն ապահովել է մետալուրգիայի 125 տոկոս աճը թեթեւ արդյունաբերության 120 տոկոսը, շինանյութերի արտադրության 125 տոկոսը, «եւ այլն, եւ այլն»։ Սարքաշինության, քիմիական եւ ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունների անկումն էլ արձանագրեց պրն Նանագուլյանը։ Այս ընթացքում Գառնիկ Նանագուլյանի ձախ կողմում տեղ զբաղեցրեց փոխնախարար Ձավարյանը։ Այս մասին՝ քիչ հետո։

Հունվար-սեպտեմբերի ընթացքում նախարարության համակարգում արտադրվել է 41 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք։ Համակարգի 490 ձեռնարկություններից 202-ում գրանցվել է նախորդ տարվա համեմատ թողարկված արտադրանքի աճ։ Կաբելային արտադրությունը մոտ 420 տոկոս աճ է ունեցել։ Փոփոխական հոսանքով էլեկտրաշարժիչներինը՝ 130, շարժական էլեկտրակայաններինը՝ 140 տոկոս։ Թե՛ երկար ժամանակ լրագրողների երես չտեսնելու պարագան, թե՛ չասվածը ասելու ցանկությունը՝ պրն Նանագուլյանի 15-17 րոպեի ելույթը ձգեց մինչեւ 1 ժամ։ Այդ ժամանակահատվածում նա խոսեց համարյա թե Հայաստանի բոլոր շուկաների, «պրիարիտետային» գործարանների, ճյուղերի, ենթաճյուղերի մասին։ Ընդ որում՝ «տերեւ առ տերեւ»։

Լրագրողները թեեւ մի փոքր անհամբեր էին՝ րոպե առաջ տալու իրենց հետաքրքրող հարցերը, սակայն «գնացական» նախարարին սիրով էին լսում։ 9 ամսվա արդյունքներով արտաքին առեւտրի ապրանքաշրջանառության ծավալը 803 մլն ԱՄՆ դոլար է կազմել. արտահանումն աճել է 12,9 տոկոսով, ներմուծումը՝ 0,4 տոկոսով։ Կրճատվել է արտաքին առեւտրի բացասական մնացորդը, որի ծավալը 97 թվականին հասել էր արտաքին առեւտրի ընդհանուր ապրանքաշրջանառության գրեթե կեսին։ Արտահանման եւ ներմուծման առումով Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներն են Ռուսաստանը (19,7 տոկոս արտահանում), Իրանը (12,9 տոկոս) եւ Թուրքմենստանը (12,3 տոկոս)։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, առաջին տեղում դարձյալ Ռուսաստանն է (17,6 տոկոս), ԱՄՆ (12,1 տոկոս) եւ Իրանը (7,1 տոկոս)։ Հեռանալուց առաջ պրն Նանագուլյանը եւս մեկ անգամ խոսեց այն մասին, որ անկատար օրենքների պատճառով պետական չինովնիկների մի մասն իրենց օրենքից վեր են դասում եւ խառնվում գործարարների ներքին խոհանոցին՝ մեծացնելով ներքին եւ արտաքին ներդրողների ռիսկայնությունը։

Իսկ դու աշխատե՞լ ես ՀՀ կառավարությունում

Պրն Նանագուլյանը չթաքցրեց էլ («Առավոտն» այդ մասին գրել էր), որ 5 ամիս առաջ դիմում է ներկայացրել վարչապետին՝ խնդրելով ազատել իրեն աշխատանքից։ Գառնիկ Նանագուլյանը դժգոհ էր իր առողջական վիճակից, ինչպես նաեւ «ՀՀ կառավարությունում աշխատելը նշանակում է մոռանալ ընտանիքդ, որ կին, երեխա, ծնողներ ունես։ Պետք է աշխատես 24 ժամ»։ Լավագույն դեպքում, ինչպես պարզվեց, մեր կառավարության անդամները քնում են 7 ժամ, բայց վա՜յ էդ քնելուն. երազում էլ են մի գլուխ աշխատում։ Պրն Նանագուլյանը լռեց՝ իրեն նոր աշխատանքի առաջարկություն եղել է, թե ոչ հարցին։ Հավաստեց, որ Շուգարյանի տեղը զբաղեցնելու մասին խոսակցությունները մտացածին են։ Առայժմ նա պատրաստվում է զբաղվել իր առողջական խնդիրներով եւ, որքան հասկացա, առնել կարոտն իր ընտանիքից։

Քնկոտ Ձավարյանը

Հաշվի առնելով, որ առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Մովսես Ձավարյանը համալրում է վարչապետի ընկերական շրջապատը եւ այն լուրերը, թե նրա՛ թեկնածությունն է քննարկվել որպես ապագա նախարար, փորձեցի ճշտել հենց պրն Ձավարյանից։ Հիվանդության պատճառով ձայնս խռպոտել էր, ուստի քաղաքավարի ներողություն խնդրեցի ձայնիս համար։ Պրն Ձավարյանը միայն իրեն հատուկ մեծահոգությամբ նետեց, որ ներման արժանի է ոչ միայն ձայնս, այլեւ «Առավոտն»՝ առհասարակ։ Իսկ նախարար դառնալու համար պրն Ձավարյանը դեռ այնքան էլ պատրաստ չէ. չի կարող բավարարվել միայն 7 ժամ քնելով։ Իսկ արդեն նոր նախարարը՝ Հայկ Գեւորգի Գեւորգյանը, դեռ մեկ շաբաթ կաշխատի պրն Նանագուլյանի հետ։ Նրան տեսնելու բախտ չունեցանք. կառավարությունում էր։ Իսկ դռան վրայի ցուցանակն արդեն առավոտվանից ազդարարում էր, որ ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարն այլեւս Գառնիկ Նանագուլյանը չէ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30