Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՆԱԼԻՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Փետրվար 06,1999 00:00
patgamavor

Հաշված ժամանակ է մնացել Ազգային ժողովին։ Օգտվելով այդ հանգամանքից, փորձեցի պարզել՝ պատգամավորները երբ են հասկացել, ինչ ասել է պատգամավոր, դրա կարեւորությունն ու իմաստը։ Եվ, ընդհանրապես, փոքր ժամանակ նրանցից որեւէ մեկը երազե՞լ է պատգամավոր դառնալ։

Անցկացրածս հարցումից պարզվեց, որ թեպետ մեկ-երկուսը մանկուց գիտեին, ինչ ասել է ՃԽ եւ ընտրություններ, բայց նրանցից ոչ ոք չի երազել պատգամավոր դառնալ (խեղճ պատգամավորներ, փաստորեն, երազանքները անկատար են մնացել -Լ.Մ.) ու գրեթե բոլորը պատգամավորի իմաստը գիտակցել են 1990 թվականից։

Յուրի Բախշյան – Անկեղծ ասած, երբ սկսվեց Խորհրդային Միության Գերագույն խորհրդի նստաշրջանների հեռարձակումը եւ երբ հարցադրումներ էին արվում ու մեզ համար նորույթ էր դեռեւս՝ հետաքրքրություն առաջացավ ոչ միայն լսողի դերում հանդես գալ, այլեւ՝ գործողի։ Ես 1990 թվականից եմ կուսակցության մեջ (քաղաքականությունում ավելի շուտ), այդ թվին էլ դարձա քաղխորհրդի պատգամավոր, միաժամանակ կազմակերպիչն էի Աշոտ Նավասարդյանի նախընտրական արշավի։ Իսկ 1995 թվականին ինքս մասնակցեցի ընտրություններին։ Ես կարծում եմ, պատգամավոր լինելը չի կարող ինքնանպատակ լինել. պետք է ազդել որոշումների վրա՝ սա է խնդիրը։ Փոքր ժամանակ մտքովս չէր անցնում պատգամավոր լինել. երազում էի օդաչու դառնալ։

Արամ Մկրտչյան – Ես քաղաքական ակտիվ կյանք մտա 25 տարեկանում, այսինքն՝ շարժման առաջին տարում, երբ ընդամենը չորրորդ կուրսի ուսանող էի։ Եվ այդ ակտիվությամբ ես արդեն կուսակցության հիմնադիր անդամ էի, այդ ժամանակվանից ես ընդհանրապես պետական կյանքի, շինարարության առումով մոտեցումներ պատկերացնում էի։ Այսինքն՝ չեմ կարող ասել, թե ամեն ինչ միանգամից հստակ էր ինձ համար, բայց տարիների ընթացքում որոշակի աշխարհայացք ձեւավորվեց։ Եվ բնական է, այն սկզբունքներն ու դիրքորոշումը, որ այսօր ես հանդես եմ բերում, գուցե մի մասի համար ընդունելի էլ չէ, բայց, համենայնդեպս, ես այդ արժեքներն եմ որդեգրել։ Թե դրանք ինչպիսի հետեւանքներ կունենան՝ դժվարանում եմ ասել։

Փոքր հասակում չէի մտածում, որ պատգամավոր կդառնամ, սակայն երեւի թե չէի մտածում, որ ծնվել եմ մի այսպիսի բուռն ժամանակահատվածում: Երեւի թե այս երկրում ինչ եղել է՝ իր ժամանակի մեջ ապրել եւ ընկալել եմ, բայց չորս տարեկանում չէի երազել պատգամավոր դառնալ, այն էլ՝ Ազգային ժողովի։

Արամ Մկրտչյանին չկարողացա հավելյալ՝ «Բա 25 տարեկանում երիտասարդը կթողնի սիրուն աղջիկներին ու քաղաքականության հետեւից կգնա» հարցս չտալ, որին ի պատասխան հնչեց. «Իհարկե, դա դաժան վճիռ էր ինձ համար, ես զգում եմ, թե ինչպիսի գեղեցկություններից եւ հաճույքներից եմ զրկվել այդ քաղցր տարիներին, սակայն կարծում եմ, միշտ փոխհատուցել եմ իմ բացը այդ առումով եւ, փառք Աստծո, առայժմ չեմ նեղվում։

Խորեն Սարգսյան – Երեւի ամենաերիտասարդ պատգամավորը ես եղած լինեմ, այնպես որ, իմ երիտասարդ տարիքում էլ ես պատգամավոր եմ եղել։ Կոմունիստական կուսակցության մեջ մի լավ բան կար դրված. ընտրական փուլերի ժամանակ ամեն մի ընտանիք այդ տարիներին հրճվանքով էր ապրում այդ ընտրությունները։ Դեռ մանկուց էլ ես գիտեի ընտրությունների մասին։

Վարդան Խաչատրյան – Փոքր ժամանակ երազում էի ՃԽ-ի առաջին քարտուղար դառնալ, այսինքն՝ ամեն դեպքում քաղաքականությամբ ուզում էի զբաղվել, կամ ամենաքիչը՝ մարշալ։ Միշտ զբաղվել եմ քաղաքականությամբ, երեւի դրա վերջն էլ պատգամավոր լինելն էր՝ չեմ կարող ասել, համենայնդեպս, պատգամավոր լինելը ինքնանպատակ չի եղել, երեւի ակտիվ էմոցիաները կամ բաները օգտագործելու տեղ է դարձել։

Վիկտոր Դալլաքյան – 1990 թվականից սկսած, երբ ձեւավորվեց առաջին անկախ պառլամենտը, այդ ժամանակ ես ռեալ կյանքում հասկացա, թե ինչ բան է պառլամենտ, հայկական պառլամենտ նկատի ունեմ։ Չնայած ես ունեի 1918-20 թթ. պատմության փորձը, եւ կարող եմ ասել, որ 1990-ի պառլամենտը շատ հետաքրքիր, տարբեր տեսակետներ ունեցող եւ քաղաքական տեսանկյունից բարձր մակարդակի պառլամենտ էր։ Պատգամավոր դառնալ չեմ երազել, պարզապես միշտ այնպիսի զգացողություն եմ ունեցել, որ կյանքում ամենահետաքրքիր եւ մնայուն բանը հրաշագործ լինելն է, ու միշտ երազել եմ Ձմեռ պապի դառնալ, որպեսզի հրաշքներ գործեմ։ Համարում եմ, որ պատգամավոր դառնալը հրաշագործ դառնալու հետ համեմատած՝ շատ փոքրիկ երեւույթ կարող է լինել, ուղղակի ամեն մարդ, ինձ թվում է, հրաշագործ է եւ ամեն մեկը փորձում է յուրովի հասնել այդ հրաշագործությանը։

Արտավազդ Սահակյան – Երբեք էլ չեմ երազել եւ հաջորդ ընտրություններին էլ չեմ առաջադրվի։ Երեւի 1990 թվականից հետո հասկացա պատգամավորների դերը, մինչ այդ շինծու էր։ (Երբ հարցս ուղղեցի պարոն Սահակյանին, այդ պահին ներկա իմ գործընկեր Աննա Իսրայելյանն ասաց. «Հիասթափվեցի, կարծում էի, պետք է հարցնես, թե որ տարիքում է տղամարդ դարձել» – Լ.Մ.)։

Մկրտիչ Գիմիշյան – Պատգամավոր լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր մարդու համար, որովհետեւ պատգամավորն այն անձն է, որին ժողովուրդն ընտրում է որպես իր ծառա։ Լինել ժողովրդի ծառա՝ դա ահռելի մեծ պատիվ է։ Ես կցանկանայի, որ ոչ մի պաշտոնյա երբեւէ չմոռանա, որ իրեն պատիվ է լինել ժողովրդին ծառա։ Երբ սա մեր գործիչները կընկալեն, մեր պետությունը մեծ քայլերով առաջ կգնա։ Երբեւէ մտքովս չէր անցնում դառնալ պատգամավոր, նույնիսկ 1990 թվականին, երբ ինձ առաջարկեցին, ես ասացի. «Ինչքան հաց ու պանիր պետք է ուտեմ, որ 260-ից մեկը լինելու իրավունքն ունենամ»։

Ռուբեն Հակոբյան – Այն ժամանակ, երբ հնարավոր եղավ Հայաստան պետության մեջ անձնական կարծիքին հասարակական հնչեղություն տալ եւ համառել, որ այդ անձնական կարծիքը դառնա հասարակական՝ ժողովրդի ինչ-որ հատվածում։

Խոսրով Հարությունյան – Հիմնականում՝ Գերագույն խորհրդում։ Փոքր ժամանակ երազել եմ ինժեներ դառնալ։

Կարապետ Ռուբինյան – Ընդհանրապես այդ տերմինը բովանդակությամբ անընդհատ լցվում է։ Դեռ խորհրդային տարիներին ինչ-որ պատկերացում ունեի, թե ինչ բան է խորհրդային պատգամավորը։ Հետո խորհրդային վերջին ընտրություններին մասնակցեց ՀՀՇ-ն, այդ թվում նաեւ՝ ես, եւ ինձ բախտ վիճակվեց տեսնել՝ ինչ է իրական խորհրդային ընտրությունները։ Հետո սեփական փորձով պատկերացում կազմեցի՝ ինչ է Գերագույն խորհրդի պատգամավորը։ Բոլորովին վերջերս, ենթադրենք, մեկ տարի առաջ, պատկերացրի, թե ինչպես պատգամավորները պաշտպանության նախարարի հրամանով խմբակցություններ կարող են փոխել… եւ այդպես շարունակական ինչ-որ բաներ պետք է մարմնավորի պատգամավոր ասվածը։ Փոքր ժամանակ չէի երազում պատգամավոր դառնալ։

Շահեն Պետրոսյան – Չեմ պատասխանի, որովհետեւ մինչեւ հիմա չեմ հասկանում։ (Հետաքրքիր է, դեռ քանի խորհրդարան պետք է փոխվի, որ Շ. Պետրոսյանը հասկանա կամ գոնե ձեւացնի, թե հասկանում է՝ ինչ ասել է պատգամավոր – Լ.Մ.)։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728