Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Փետրվար 16,1999 00:00
dataxazutyun text

 Մեղադրյալը ծեծել է տուժողին՝ «նրա օգտին»

Մեղադրողի ճառից Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում տեղեկացանք, որ ստեղծվել են հինգ՝ պետական շահերի պաշտպանության, նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության, պատիժների-հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող եւ քննչական վարչություններ։ Թե ինչպես է իրականացվում դատախազական վերահսկողությունն այս վարչությունների կողմից, 1998 թ. հաշվետվությամբ հանդես եկան գլխավոր դատախազի տեղակալներ Ժ. Խառատյանը, Մ. Բադիրյանը, Ա. Խաչատրյանը, զինվորական դատախազ Գ. Ջհանգիրյանը, քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը։ Պետք է փաստենք, որ սա այն սակավ նիստերից էր, որին հրավիրված էին լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

Ընդհանրապես, նրանց հաշվետվությունները հագեցած էին գերխիտ թվերով ու վիճակագրական տվյալներով։ Հարցադրումներն այսպիսին էին. դատախազության մարմիններն իրենց լիազորություններն իրականացնելիս որքանո՞վ են անկախ, ղեկավարվո՞ւմ են օրենքով, ինչպե՞ս են գործում նոր մրցակցային իրավիճակներում՝ փաստաբան-պաշտպանների հետ «գոտեմարտում»։ Աղվան Հովսեփյանի հարցադրմանն էլ, թե քաղաքացիների բողոք-գանգատները արդյո՞ք նվազել են, «շարժը» այս հունվարին ներկայացվեց այսպես. «Հաշվետու տարվա առաջին ամիսների ընթացքում դիմում-բողոքների մեծ տարափ չի նկատվել», իսկ փետրվարի առաջին տասնօրյակում «բավականին մեծ է հոսքը։ Շարունակում են հսկողական կարգով բողոքներ բերելու հարցադրումներով վիճարկել անգամ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման հիմնավորվածության վերաբերյալ»։ Հասկանալի էր՝ քաղաքացիները։

Ըստ դատարաններում մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազի, լուրջ կողմնորոշման խնդիր է առաջացել. բողոքարկման ենթակա՞ են, արդյոք, անցյալ տարվա երկրորդ կիսամյակում Վճռաբեկ դատարանի կողմից կայացված կոնկրետ քաղաքացիական գործերով որոշումները։ Ինչպես գիտենք, Վճռաբեկ դատարանի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ Դատախազության տեսակետի համաձայն, ասվածը ընդունելի կլիներ այն ժամանակ, երբ որոշումը կայացվեր քաղաքացիական դատավարության օրենսդրության պահանջների շրջանակներում, եռաստիճան դատական համակարգի պայմաններում։ Դա է պատճառը, որ այս հարցի վերաբերյալ նախապատրաստվում է մասնագիտական եզրակացություն։

1998 թ. ժողդատարաններում քննվել եւ դատավճիռ է կայացվել 5186 քր. գործերով, 6420 մարդու նկատմամբ (նախորդ տարվա համեմատությամբ 227 գործով եւ 321 մարդով պակաս)։ Առավել մեծ թիվ են կազմել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (1372 գործ, դատապարտվել է 1874 մարդ)։ Կաշառակերության վերաբերյալ քննվել է 17 գործ՝ 21 անձի նկատմամբ, իսկ «յուղոտ» գործերի մասին այդպես էլ չակնարկվեց։ Մտահոգիչ կարող են լինել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները։ Տեղեկացանք, որ քննվել է 460 գործ՝ 510 մարդու նկատմամբ։

Չշրջանցվեց ազատազրկման դատապարտյալների թեման։ Պարզվեց, որ նրանց քանակը նվազել է։ 1997-ին այն կազմել է 48%, 1998-ին՝ 44,8%։ Առանձին թեմա էր նրանց վաղաժամկետ ազատման վերաբերյալ միջնորդությունների հարցը։ Արդյունքում միջնորդություններ չեն արվել «որեւէ խախտում չարած, ուղղման ճանապարհն ընտրած» կալանավորների համար։ Մերժված միջնորդությունների (71) ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ դատարանների «կողմից կայացվել են ակնհայտորեն չհիմնավորված որոշումներ», որոնք որոշ դեպքերում մերժվել են օրենքով չնախատեսված պատճառաբանություններով։ Այս պահին չորս հարյուրից ավելի թոքախտավորներ են գտնվում ազատազրկման վայրերում, ինչի կապակցությամբ գլխավոր դատախազը դիմել է վարչապետին՝ նրանց համար հիվանդանոց կառուցելու եւ, սակայն, «գործնական միջոցներ չեն ձեռնարկվել»։ Ըստ դատախազի, նվազել էր դատարաններից լրացուցիչ նախաքննության վերադարձված գործերի թիվը։ Հանրապետության դատարանների կողմից «անորակ եւ թերի» քննություն կատարելու հիմքով լրացուցիչ քննության են վերադարձվել 37 գործ՝ 43 անձի նկատմամբ։

«Սրանք մեծ թվեր չեն,- հանգստացնելով դահլիճում նստածներիս, հայտնեց դատախազը,- սակայն քննության որակի բարձրացումը միշտ մեզ համար մնում է մշտական խնդիր»։ Ընդլայնված նիստին հաշվետվություն տվողները չթաքցրին, որ իրենք նախկին իներցիայով քր. գործերի լրացուցիչ քննության վերադարձնելու պատճառը կապում են նախաքննության որակի հետ, մինչդեռ մրցակցային դատավարության պայմաններում քր. գործի ընթացքի հաջող լուծումը պայմանավորված է մեղադրանքի պաշտպանության հետ։ Ինչին գլխավոր դատախազը հավելեց. «Դուք պետք է դատարան մտնեք հաղթելու համար»։

Ընդսմին, խոսվեց նաեւ դատարանների «սխալ իրավական գնահատման» որակումների, անհիմն կայացված «արդարացման դատավճիռների» մասին։ Ցնցող օրինակը նախկինում հինգ անգամ դատապարտված Աշոտ Բաբոյանի օրինակն էր, որը Արթիկի դատարանի դատավճռով դատապարտվել է վեց ամիս ազատազրկման՝ խնջույքի ժամանակ դիտավորությամբ ձեռքով հարվածելու, տուժող Անահիտ Հակոբյանին մարմնական վնասվածք պատճառելու համար, մինչդեռ առկա են եղել բացառիկ ցինիզմով չարամիտ խուլիգանություն, բռնաբարություն եւ այլ հանցանքներ կատարելու մասին բավարար տվյալներ (գործն այս պահին վերադարձվել է լրացուցիչ նախաքննության)։

Պրոբլեմը սակայն, դատախազների կողմից օրենսդրությունը չուսումնասիրելն է, դատական նիստերին, մինչեւ դատական փուլում ձեռք բերված ապացույցների, քր. գործի տվյալների չիմացությունը։ Դատախազներ կան, որոնք դատական նիստի ժամանակ են, մեր տպավորությամբ, ծանոթանում գործին։ Ահա թե ինչու, կարող են առանց անհարմար զգալու ասել այնպիսի ճառեր, որի մի օրինակը նախընտրեցինք բերել վերեւում։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728