Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևին, որն ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, երկու նոր մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:
Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, և 340-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի մաքսանենգության: Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին»,- հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
2026 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի:
Կարդացեք նաև
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:
Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան: Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը և չէր բացառել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Այդ մասին հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։



















































