Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԷՐ. ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԵՐԻՑ

Մարտ 16,1999 00:00
evraxorhurd

Մարտի 11-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Ղարաբաղի մասին, առաջին «ընթերցումից» կարելի է գնահատել ավելի շուտ հօգուտ «մեզ», քան՝ ի վնաս։ Սակայն մեր քաղաքական գործիչները, կուսակցությունների ղեկավարներն ունեն իրենց տեսակետները, որոնք միշտ չէ, որ համընկնում են։

Վազգեն Մանուկյան (ԱԺՄ նախագահ)– Որոշումը բավականին լավ է հնչում։ Կարեւոր են հատկապես երկու կետ։ Մի կետում, ճիշտ է, նշվում է, որ 1998 թ. մեր ընտրությունները կասկած են առաջացնում (իհարկե, բոլորս դա գիտենք), բայց այդ ընտրությունների հետ համեմատած Ադրբեջանի նախագահական ընտրությունները այնքա՜ն դաժան էին… Այս հանգամանքը ցույց է տալիս, որ կեղծված ընտրությունները ինչ-որ նշանակություն ունեն։ Եվ այդ կետը կազդի նաեւ 99-ի իշխանությունների կեցվածքի վրա։ Հուսով եմ։ Եվս մեկ կարեւոր կետ. այնուամենայնիվ, նշվում է Ղարաբաղի անկախության պահը։ Առաջարկությունը մնացել է նույնը, բան չի փոխվել։ Բայց շեշտադրումների մեջ էմոցիան ավելի դրական է, քան մինչ հիմա է եղել։

Արա Սահակյանը (ՀՀՇ վարչության անդամ) իր կարծիքը ներկայացրեց առանց աչքը կոմպյուտերից կտրելու (խաղում էր. «շարիկ» էր հավաքում)։ (Ընթերցել դանդաղ եւ յուրաքանչյուր բառի վրա երկարացման նշան դնելով- Լ. Ա.)։ «Ժամանակն է, որ մեր իշխանությունները պետություն չունեցող եւ արտաքին քաղաքականություն չունեցող էթնիկ ամբողջություններին բնորոշ օտարների հավակնություններով շատ չոգեւորվեն եւ զբաղվեն ամենօրյա, լուրջ քաղաքականությամբ։ Շնորհակալություն»։

Անդրանիկ Մարգարյան (Հանրապետական կուսակցության նախագահ)– Բոլոր դեպքերում Եվրախորհրդարանի որոշումը համարում ենք առաջընթաց քայլ։ Ամենակարեւորն այն է, որ հաշվի է առնվում 1998-ից հետո Ղարաբաղի անկախությունը։ Այսինքն, սա առաջին դեպքն է, երբ ինքնավար հանրապետության ստատուսը հավասարեցվում է մնացած այն հանրապետությունների ստատուսին, որոնք անկախություն էին ստացել։ Դե ֆակտո՝ սա իրողությունների ճանաչման առաջին քայլն էր, որը երեւաց միջազգային փաստաթղթում։ Եվ երկրորդ՝ կան մտավախություններ, թե հարցը մտել է փակուղի եւ Հայաստանը գտնվում է միջազգային մեկուսացման մեջ (այսպես ասում են մեր այսօրվա ընդդիմադիրները)։ Սա լուրջ փաստարկ է, որ մեր արտաքին քաղաքականությունը, մեր իշխանությունների վարած քաղաքականությունը Ղարաբաղի ուղղությամբ դրական վեկտոր է աշխատում։

Ալբերտ Բազեյան («Երկրապահ» խմբի նախագահ)– Շատ դրական է մեր դիրքորոշումը Եվրախորհրդի այդ որոշման վերաբերյալ, որովհետեւ, ըստ էության, փաստվել է հետեւյալը. 91-ին Խորհրդային Միության հանրապետությունները անկախություն ստացան եւ անջատվեցին։ Այդ թվում՝ նաեւ Արցախը։ Փաստաթղթում չի շեշտվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը։ Եվ համանախագահների վերջին առաջարկների վերաբերյալ մարդիկ գտնում են, որ դա ընդունելի տարբերակ է եւ կարող է խաղաղ բանակցությունները սկսելու հիմք դառնալ։

Իրենց խոսքը հարգելի պատճառներով չասացին Սերգեյ Բադալյանը (խորհրդարանում չէր), Ռուբիկ Հակոբյանը (խոստացավ երկու օր անց խոսել) եւ Դավիթ Շահնազարյանը (տես՝ Ռուբիկ Հակոբյանի խոստումը)։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031