Այսօր Խոսրով Հարությունյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Փարիզից Երեւան կվերադառնա։ Ճիշտ է, այս 4-օրյա այցի ընթացքում արարողակարգային բնույթի մանր-մունր միջադեպեր եղան (ասենք, Ֆրանսիայի ԱԺ նախագահ Լորան Ֆաբիուսը չդիմավորեց եւ չճանապարհեց հայաստանցի իր գործընկերոջը։ Նախատեսվածի համաձայն, նրանց հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ հարցուպատասխան չեղավ եւ այլն), բայց ընդհանուր առմամբ, Հայաստանի պատվիրակությանն ամեն տեղ ջերմ ընդունելություն էին ցույց տալիս։ Ֆրանսիացիներն ընդհանրապես խիստ բարեհամբույր մարդիկ են։
Գալ տարի եւս՝ Փարիզում
Հայաստանի ԱԳՆ եվրոպական երկրների վարչության կազմած հուշագրում, որ վաղօրոք տրամադրվել էր լրագրողներին, նշված էր. «Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը չի կարող բավարար գնահատվել»։
Կարդացեք նաև

Հարավային Կովկասի երեք պետությունների խորհրդարանների ղեկավարների այս հանդիպումը ծրագրում են ամռանը կամ աշնան սկզբին անցկացնել։ Այնպես որ, արձանագրելուց զատ, որ ֆրանսիացիներն առավել մտահոգված են ոչ մեր եւ իրենց միջեւ հարաբերություններով, այլ այս երեք հարեւանների փոխհարաբերություններով՝ նշենք, որ Խոսրով Հարությունյանն, այնուամենայնիվ, լավ անակնկալ պատրաստեց Կարեն Դեմիրճյանի համար (եթե իրոք այսօրվա ծրագրերն իրականանան, եւ նա դառնա ԱԺ հաջորդ նախագահը)։ Կարեն Սերոբիչն էլ հնարավորություն կունենա Ստրասբուրգ, Փարիզ եւ այլուր հասնել՝ Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանավորների հետ հանդիպելու համար։
Հարկ է նշել, որ որոշ հանդիպումներ լրագրողների աչքից հեռու էին անցնում։ Ապրիլի 1-ին այդպես էր տնտեսական հարցերին նվիրված հայ-ֆրանսիական սեմինարի դեպքում, որին մասնակցել էին AMYOT-ի, ALCATEL-ի, CASTEL-ի, PEUGEOT-ի, Gaz de France-ի եւ այլ ընկերությունների ներկայացուցիչները։ Այդպես անցավ եւ ապրիլի 2-ին «Պեռնո Ռիկարի» տնօրեն Թիերի Ժակիայի հետ հանդիպում-նախաճաշը, որի ընթացքում կոնյակի գործարանի վաճառքի անխոնջ հակառակորդ Խորեն Թռչունի Սարգսյանը պիտի որ հնարավորություն ունենար հենց ուղիղ հասցեատիրոջը հայտնել իր նկատառումները մեր ազգային արժեքների թալանի վերաբերյալ։
Ահա նման այլեւայլ սպիտակ բծերի իմաստով էլ կարեւոր էին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի պարզաբանումները, որոնք նա ներկայացրեց ապրիլի 1-ին Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցած ասուլիսում։
Սենատի հայ-ֆրանսիական բարեկամության խմբի հետ աշխատանքային ժողովի ընթացքում նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այս տարվա սեպտեմբերին այդ խումբը Հայաստան է այցելելու։ «Այսուհետ այդ հանդիպումները, բարեկամական խմբերի այցելությունները եւ համատեղ նիստերը թե՛ Ֆրանսիայում եւ թե՛ Հայաստանում տեղի են ունենալու կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- Խոսրով Հարությունյանի բացատրությամբ՝ սա քաղաքական հետաքրքրությունները նաեւ գործադիր իշխանությունում անցկացնելու համար է արվելու։ Ծրագրում են առաջիկայում նման եռակողմ հանդիպում անցկացնել։
Պայմանավորվածություն կա նաեւ, որ Ֆրանսիայի Սենատն աջակցելու է Հայաստանի ԱԺ-ի աշխատանքների կազմակերպմանը, «օրենսդրական պրոցեսի կատարելագործմանը, ֆրանսիական փորձառությունը Հայաստանի ԱԺ-ում ներդնելու» եւ այլ հարցերում։ Փաստորեն, այս ծրագրով էլ, մասնավորապես, Խոսրով Հարությունյանն այստեղ էր եկել։ Նման տեխնիկական եւ այլ աջակցության ծրագիր Սենատն արդեն իսկ Վրաստանում իրականացնում է։
Խոսրով Հարությունյանը նաեւ հայտնեց, որ Քրիստիան Պոնսըլեի նախաձեռնությունն իր հովանու տակ է վերցրել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը։ Ի դեպ, մեկ օրվա ընթացքում Վրաստանի խորհրդարանի ղեկավարն արդեն իսկ համաձայնել էր Փարիզում հավաքվելու նախաձեռնությանը (еще бы)։ Թերեւս մեր ԱԳՆ-ն չէր սխալվել, երբ մեզ բաժանված տեղեկանքում նշել էր, որ Պոնսըլեն անձնական լավ հարաբերություններ ունի Էդվարդ Շեւարդնաձեի հետ։

Ասուլիսում հայտարարել էր Խոսրով Հարությունյանը։ «Օրագրի» իմ գործընկերները վարչապետ Քոչարյանի հենց այս այցով են պայմանավորում Հայաստանի ապագա նախագահի ընտրությունը։ Գուցե այդ համոզվածության հիմքն այն է, որ այն ժամանակ Ժակ Շիրակը Քոչարյանի համար մեծ ապագա էր կանխատեսել։ Չգիտեմ, գուցե այժմ էլ որոշ լրագրողներ Խոսրով Հարությունյանի այցը նախագահական հավակնություններով բացատրեն։ Սակայն փաստ է, որ Ժակ Շիրակն ընդունել էր Հայաստանի վարչապետին, բայց չընդունեց խորհրդարանի ղեկավարին։ Ի՞նչ դրդապատճառներ են ներկայացվել։ Սա զուտ արարողակարգայի՞ն հարց էր, թե՞ պայմանավորված էր Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հնարավոր հետագա շահարկումներից խուսափելու մտահոգությամբ։ «Առավոտի» այս հարցերին ի պատասխան Խոսրով Հարությունյանն ասաց. «Անկեղծ ասած, ինձ երբեք թույլ չէի տա իմ գործընկերներից հարցնել, թե ինչպես պատահեց, որ Շիրակը չհամաձայնեց, կամ չհաջողվեց այդ հանդիպումը։ Ոմանց համար շատ անհասկանալի կլիներ այդ հարցը, եթե անգամ հնչեցնեի այն։ Կարելի է որոշակի ենթադրություններ անել։ Համենայնդեպս, հիմնականում սա պայմանավորում եմ Կոսովոյի շուրջ ստեղծված լարված իրավիճակով, որն անընդհա՛տ, ամենատարբեր շփումներ է պահանջում։ Եթե չեմ սխալվում, նման իրավիճակում իմաստ եւ քաղաքական ողջամտություն կա, որ փորձում են զերծ մնալ այն շփումներից, որոնք կարող են լրացուցիչ մեկնաբանությունների տեղիք տալ հետագայում»։
Ի դեպ, Խոսրով Հարությունյանն իր հանդիպումներից հետո ենթադրություն հայտնեց, որ էլի Բալկաններում իրավիճակով էր պայմանավորված, որ ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումներից առայժմ զերծ կմնան, այս խնդիրն առժամանակ կհետաձգվի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Փարիզ





















































