Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԿՈՒՍԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻՆ

Մայիս 06,1999 00:00
Sergey Badalyan

Հայ կոմկուսը հրավիրել էր լրագրողներին իր տասնօրյա քարոզարշավի մասին հաշվետվություն տալու եւ տպավորությունները կիսելու։

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, պատգամավորության թեկնածու Սերգեյ Բադալյանը շարունակ շփոթվում էր եւ ասուլիս ասելու փոխարեն լեզվից դուրս էր թռչում հանրահավաք բառը։ Հավանաբար այն պատճառով, որ վերջին օրերին ընկեր Բադալյանը շրջել էր հանրապետության գրեթե բոլոր մարզերում (նրա ասելով՝ շրջաններում), մասնակցել էր իր ասելով բազմամարդ հանրահավաքների եւ հիմա միայն դրանց մասին էր մտածում։ Ընկեր Բադալյանի գնահատմամբ 5 շրջաններում, գյուղական վայրերում կոմունիստները ձայների, եթե չասենք բացարձակ մեծամասնություն, ապա 80 տոկոսը հաստատ կհավաքի։ Կոմունիստներն այս ընտրություններում արդեն խիստ հարձակողական են տրամադրված ու բացարձակապես չեն ընդունի, եթե ինչ-որ դաշինքի խելքին փչի մեծ թվով ձայներ հավաքել կամ՝ որ նույնն է՝ սարքել շրջաններում։ Գյուղական շրջանները կոմունիստները առանց մարտի չեն զիջի։ Փակագծերի մեջ ասեմ նաեւ, որ գյուղական ընտրազանգվածի հետ մեծ հույսեր են փայփայում նաեւ «Օրինաց երկիրը»՝ իր Սերգեյ Երիցյանով եւ «Միասնությունը»՝ իր Կարեն Դեմիրճյանով։

Կոմկուսը հանձին Սերգեյ Բադալյանի, արդեն այցելել է Ամասիա, Աշոցք, Չարենցավան, Ճամբարակ, Արագած, Ապարան, Ստեփանավան, Կապան, Սպիտակ, Մեղրի, Գորիս, Սիսիան, Վայք, Եղեգնաձոր եւ այլն։ Շրջաններում 13 հանրահավաք է անցկացվել, ամեն տեղ ընկեր Բադալյանին իրենց համագյուղացի են կոչում (նույն ընկեր Բադալյանի ասելով), իսկ ինքը՝ կոմունիստների առաջնորդը կարմրել էր հայրենի արեւից եւ ինչպես ինքն ասաց իր մասին մայիսմեկյան հանրահավաքում՝ դարձել էր «կարմիր դրոշը մեր հպարտ»։ Կոմունիստները քարոզում են, որ մարդիկ անպայման գնան ընտրությունների։ Կոմունիստները «անվերապահորեն հավակնում են համամասնական ընտրակարգով՝ առաջին տեղին»։ Ու եթե այսպես չլինի, «Հայաստանի կոմկուսը երբեք չի լռել, այս անգամ, առավել եւս. ժողովրդի հետ միասին պայթեցնել իրավիճակը»։ (՞) Ընկեր Բադալյանի ասելով, ամեն տեղ կոմկուսի կողմից առաջադրվածները հպարտ կանգնում էին եւ ներկայացնում էին իրենց կենսագրությունը։ Գրեթե բոլոր գյուղապետերը բանավոր խոստովանել են, թե իրենց արդեն զգուշացնում են, թե ում օգտին աշխատել։ Մարդիկ իրենց անունները չեն հայտնել, քանի որ չեն ուզում աշխատանքից զրկվել։ ՆԳ մարմինները նույնպես ամեն տեղ ներկա են եղել կոմունիստների հանրահավաքներին, բայց «ոչ թե կարգ ու կանոն հաստատելու, որովհետեւ մեզ համակրող ժողովուրդը կարգ ու կանոն ունի, այլ գալիս են, որ բացահայտ դրսեւորեն իրենց աջակցությունը»։ Անուններ դարձյալ չասվեցին։

Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում անձնագրերի կուտակում կա՝ փոխելու պատրվակով։ Ընկեր Բադալյանն ասաց, թե իրենք ուշադրություն են դարձնում, որ մարդկանց ժամանակին վերադարձվեն անձնագրերը, որ հնարավորություն ունենան ընտրությանը մասնակցելու։

Մտահոգիչ է, որ թեկնածուների միջեւ սկսվում են վեճեր։ Այս բանը կոմունիստների սրտովը չէ եւ նրանք արդարացիորեն բողոքում են սրա դեմ։ Մի տեղ Սերգեյ Բադալյանի ասելով արդեն 3 տոննա բենզին են բաժանել։ Եղեգնաձորում էլ շուտափույթ ասֆալտապատում էր սկսվել։ Ոչ, կոմունիստները չէ, ուրիշները։ Ընտրակաշառքն արդեն գործում է, չնայած ժողովրդին արդեն հասել է ընկեր Բադալյանի կոչը. վերցրեք, այս դեպքում բարձր բարոյականությունը դատարկ խոսք է, վերցրեք ու արեք ձեր ուզածը։ Սա նաեւ մեր կարծիքն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31