Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ ՉՊԵՏՔ Է ԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՋՈՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

Մայիս 28,1999 00:00
Toto

Գերմաներեն լեզվի 1999 թ. Հանրապետական օլիմպիադան տեղի ունեցավ… Ձեռնպահ ենք մնում որոշակի վայր նշելուց, որովհետեւ հնարավոր չեղավ կողմնորոշվել՝ այն վերագրել Հայաստանում գերմանական ուսումնական եւ մշակութային կենտրոնի՞ն, որտեղ կատարվեցին բացման եւ փակման արարողությունները, Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի՞ն, որտեղ ընթացան քննությունները, թե՞ «Օլիմպիոս» դպրոցին, որտեղ երեխաները ցանկության դեպքում կարող էին մնալ։

Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցում էին 42 դպրոցականներ՝ 8,9 եւ 10-րդ դասարաններից, որոնք ներկայացնում էին բոլոր մարզերն ու Երեւան քաղաքը։ Իսկ այժմ թերությունների մասին; Հայտարարվել էր, որ օլիմպիադան տեւելու է երեք օր՝ մայիսի 7-9-ը։ Ըստ այդմ էլ ենթադրվում էր, որ այն հագեցած կլինի մի շարք հետաքրքիր, երեխաների մեջ անջնջելի հիշողություններ թողնող միջոցառումներով՝ հանդիպումներ ԿԳՆ-ում եւ գերմանական դեսպանատանը, էքսկուրսիաներ Էջմիածին, Գառնի-Գեղարդ, օրվան համահունչ այցելություններ Եռաբլուր եւ «Հաղթանակ» հուշահամալիր… Բայց…

Օր առաջին կամ Գողգոթա

Մասնակիցներն իրենց Երեւան բերած ծնողների ուղեկցությամբ, ով ինչպես կարող էր, ստիպված էին բարձրանալ Նորքի «քարքարոտ սարերը» (երեխաների բնորոշումն է – Ա.Դ.), ինչ է թե՝ այնտեղ նրանց ասեն, որ եթե քաղաքում բարեկամներ ունեն, ապա ցանկության դեպքում կարող են գնալ նրանց մոտ։ Կարծես թե հնարավոր չէր նախապես հայտարարել, որ միայն մնալու տեղ չունեցողներին է վերաբերում «Օլիմպիոս» բարձրանալը։ Օլիմպիական առաջին օրվա «ծրագիրը» սրանով ավարտվեց։

Օր երկրորդ

Բացումը տեղի ունեցավ Գերմանական կենտրոնում։ ԿԳՆ-ի ներկայացուցիչ պրն Նուրիջան Մանուկյանը, ողջունելով դպրոցականներին, նշեց, որ նրանցից շատերը դառնալու են միջազգային հարաբերություններում մեր վաղվա գործիչները, որ պետությունը մեծ հույսեր է կապում նրանց հետ, եւ որ ըստ այդմ էլ նախարարությունն այս անգամ կարողացել է պատշաճ ձեւով ֆինանսավորել օլիմպիադան՝ լավ արդյունք ցույց տվողներին սպասվում են «շատ թանկարժեք նվերներ» (խնդրում եմ ուշադրություն դարձնել չակերտների մեջ առնված ուղղակի խոսքին, որովհետեւ ընդամենը մեկ օր հետո այն այլեւս ոչ եւս է)։

Ողջույնի խոսք ասացին նաեւ հանձնաժողովի անդամները։ Այնուհետեւ օլիմպիադային առնչվող բոլոր անձինք, արդեն արշավախմբի տեսքով, մեկնեցին թիվ 19 դպրոց։ Նախ պարզվեց, որ հարցերին պատասխանելու համար երեխաներին տրվել է երեք ժամից էլ պակաս ժամանակ (համեմատության համար ասենք, որ հրաշալի կազմակերպված պատմության օլիմպիադային տրված էր չորս ժամ), այնուհետեւ 8-րդ եւ 9-րդ դասարանցիներին ստիպեցին մաքառելու 10-րդցիների համար կազմված հարցաթերթիկների վրա։ Թե այս հանճարեղ գաղափարն ո՞ւմ ուղեղի ծալքերում էր ծնվել, հնարավոր եղավ կռահել միայն հաջորդ օրը, երբ այդ հարցի կապակցությամբ ծնողների եւ երեխաների վրդովմունքին փորձեց պարզաբանում տալ նախարարության ներկայացուցիչը։

Օր երրորդ

Ըստ հայտարարվածի, մասնակիցները ժամը 12-ին հավաքվեցին դպրոցի մոտ, բայց վերջինիս դռներն այնդպես էլ չբացվեցին։ Ծնողներից մեկը որոշեց գնալ Գերմանական կենտրոն, իմանալու՝ «в чем дело» եւ մյուսներին խորհուդ տվեց. «Եթե չգամ, եկեք իմ հետեւից»։ Հավանաբար մարդը քաղաքական պայքարի փորձ ուներ։ Գերմանական կենտրոնում եւս կես ժամ սպասեցնել տալուց հետո վերջապես եկավ ներկայացուցիչը եւ սկսվեց օլիմպիադայի արդյունքների ամփոփման, հետեւաբար եւ հաջողակներին ներկայացուցչի կողմից նախօրյակին խոստացված «ԿԳՆ-ի թանկարժեք նվերներով» պարգեւատրելու արարողությունը։ Բայց… նախ պարզվեց, որ թանկարժեք նվերներն այնքան էլ թանկարժեք չեն՝ ընդամենը երեք հաստափոր եւ մի քանի ոչ հաստափոր գրքեր։ Հետո էլ պարզվեց, որ նույնիսկ դրանք ԿԳՆ-ի հետ կապ չունեն՝ Գերմանական դեսպանատունն էր նվիրել։ Ամենավերջում էլ բացահայտվեց, որ նախապես խոստացած 7 գրքի փոխարեն դեսպանատունը փոշմանել եւ ընդամենը երեքն է տվել, իսկ մնացածը Գերմանական կենտրոնի աշխատակիցների գրքերից են (հիմնականում հանձնաժողովի քարտուղար Կոլյա Սիմոնյանի գրքերն էին)։ Վերջում մի քանի մտքեր՝ տարբեր դիրքերից.

Մանուշ Հարությունյան – հանձնաժողովի նախագահ – Շրջանից եկած երեխաները ավելի ուժեղ էին, քան Երեւանի երեխաները։

Մելանյա Աստվածատրյան – հանձնաժողովի անդամ, Գերմանական կենտրոնի տնօրեն

– Մենք գտնում ենք, որ ըստ դասարանների պետք է հարցերը կազմվեն։ Նախկինում այդպես էլ անում էինք, բայց դա նախարարության կողմից ոչ միայն չխրախուսվեց, այլեւ մերժվեց։ Եվ այժմ կանգնեցինք այսպիսի փաստի առջեւ։

Լեւոն Սարգսյան – հանձնաժողովի անդամ, ԵՊՀ ավագ դասախոս

– Թեեւ մարդը սուբյեկտիվ է, բայց մենք օբյեկտիվ ենք եղել։ Ինչ վերաբերում է տարբեր դասարանցիների հետ կապված պրոբլեմին, օլիմպիական խաղն էլ մի խաղ է՝ փոքրերը թող շատ չվշտանան։

Լեւոն Քոչարյան – ծնող, Կոտայքի մարզ

– Եթե օլիմպիադան ըստ դասարանների կազմակերպելը ֆինանսների հետ կապված հարց էր, որը նախարարության ուժերից վեր էր, թող նախապես հայտնեին, մենք՝ ծնողներս գումար կհավաքեինք։

Ն. Մանուկյան – ԿԳՆ-ի ներկայացուցիչ

– Ինչ որ մեկը թույլ չտվեց, որ նախարարության կողմից նախատեսված թանկարժեք նվերները կանխիկ գումարով գնվեն։ Երեւի փողը փոխանցվի մի խանութի վրա, բայց դրա մոտ 50 տոկոսը կկորչի եւ փոքր արժեքի նվերներ կլինեն։ Ինչ վերաբերում է օլիմպիադան ըստ դասարանների անցկացնելուն, մենք դրան դեմ ենք։ Եթե ութերորդցիները չեն կարողանում տասերի հետ մրցել, թող օլիմպիադային չմասնակցեն…

Այստեղ, ինչպես մեծ երգիծաբանը կասեր՝ «ալ ասելիք չմնաց»։

Բայց, այնուամենայնիվ, չեմ կարող չասել, որ.

ա) Քանի որ պրն Մանուկյանը ԿԳՆ-ի ներկայացուցիչն է, ուրեմն պետք է արտահայտի նրա տեսակետը։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ, մասնավորապես, պատմության եւ աշխարհագրության օլիմպիադաներն ըստ դասարանների անցկացվեցին, իսկ գերմաներենը չի կարելի՝ «նիխտ»։

բ) Մարզային օլիմպիադաներում հաղթած երեխաների ծնողները ընկնում են բավականին անհարմար դրության մեջ, նախ առնվազն երեք օրով կտրվում են իրենց բանուգործից, եւ ապա չնախատեսված ֆինանսներ ծախսում հանրապետականին իրենց երեխաներին բերել-տանելու վրա։ Այս ուղղությամբ նույնպես մտածել է պետք։

գ) Մի՞թե հնարավոր չէր, որ գերմաներենի օլիմպիադան մի այլ օր անցկացվեր, որովհետեւ, ինչպես հանձնաժողովի անդամներից մեկը նկատեց՝ «հաղթանակի օրը գերմանացիների համար այնքան էլ լավ օր չէ։ Եվ նրանց չմասնակցելը գուցե այդ ենթատեքստն ուներ։ Մի փոքր նրբանկատությունը չէր խանգարի։

դ) Վերը թվարկածները գուցե մանրուք թվան ոմանց, բայց այդ թվացյալ մանրուքներն այս օլիմպիադայում գումարվելով, ցույց տվեցին, թե ինչպես չպետք է կազմակերպվի հաջորդ օլիմպիադան։

ԱՇՈՏ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31