Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակցիները պրծան, իսկ երեւանցիները…

Մարտ 02,2000 00:00
Petros makeyan

Բաց նամակ վարչապետ Արամ Սարգսյանին

Վերջերս «Առավոտ» օրաթերթում Շիրակի մարզի ժողովրդի համար ուրախալի տեղեկատվություն հրապարակվեց. ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը փորձել է ներքին զորքերի հրամանատարի պաշտոնում առաջադրել Շիրակի մարզային ՆԳ վարչության պետ Աշոտ Գիզիրյանին։ Եվ երբ դրան հետեւեց այդ պաշտոնում մեկ այլ անձի նշանակումը, Շիրակի մարզի ժողովուրդը հիասթափություն ապրեց։ Պատճառը ոչ թե իրենց կադրին Երեւան չտեղափոխելն է, այլ այն հույսը, որ շիրակցիները վերջապես կազատվեն այդ չարիքից։ Չնայած այսօր Աշոտ Գիզիրյանը ներկայիս ՆԳ նախարարի մտերիմն է եւ Սերժ Սարգսյանի մարդը, ավելի վաղ եղել է Էդվարդ Եգորյանի ընկերը։ Հետագայում, երբ Եգորյանը դարձավ ընդդիմություն, Գիզիրյանն անմիջապես հավատարմության երդում տվեց Վանո Սիրադեղյանին։ Երբ Սերժ Սարգսյանը նշանակվեց ՆԳ եւ ԱԱ նախարար, նրանք շատ արագ իրար հասկացան։

Սկսած 1997 թվականի վերջերից Գիզիրյանը մեծ թափով սկսել է գործեր սարքել իր վաղեմի ընկերների եւ նրանց շրջապատի վրա։ Նույն ակտիվությամբ նա անցկացրեց 1999 թվականի Ազգային ժողովի ընտրությունները՝ կարողանալով ոչ միայն կեղծել իր նախկին ընկերների կուսակցության՝ «Հայրենիք» դաշինքի թվերը, այլեւ ձայներ սարքել «Օրինաց երկրի» եւ «Իրավունք եւ միաբանության» համար։ Սա նրա «քաղաքական» գործունեության մասին։ Սակայն Աշոտ Գիզիրյանն ավելի ակտիվ է եղել տնտեսական ոլորտում։ Սկսած 1998 թվականից մինչեւ 1999 թվականի մայիսի 30-ը, Շիրակի մարզում բոլոր հարցերը լուծվել են իրենով։ Նա փաստացի իր վերահսկողության տակ է վերցրել մարզի բոլոր իշխանությունների գործունեությունը՝ մարզպետարան, դատախազություն, դատարան, հարկային եւ այլ։ Մարզում որեւէ գործարար հնարավորություն չի ունեցել առանց Գիզիրյանի թույլտվության որեւէ գործ դնել՝ բոլորը պետք է անցնեն նրա թրի տակով։ Իրեն է պատկանում մարզի ամբողջ վառելիքի ներկրման եւ իրացման մենաշնորհը։

Իր գործակալ Կառլեն Աբրահամյանի միջոցով նա ոչ միայն համակարգում էր մարզի բոլոր համայնքների անցուդարձը, այլեւ նույնիսկ բուհական ընդունելության քննությունները։ Գիզիրյանը չափից ավելի «ակտիվ» է եղել նաեւ անմիջական իր պարտականությունները կատարելիս։ Այսպես, իր կառավարման ժամանակ սպանության երկու դեպք տեղի է ունեցել անմիջապես միլիցիայի բաժանմունքներում, որոնք մնացել են անպատիժ։ Ցանկացած քաղաքացի անկախ դիրքից ապահովագրված չէր գլխին գործ սարքելու վտանգից։ Օրինակ, Արթիկ քաղաքի բնակիչ Ֆիրդուս Խաչիկի Քարդաշյանը, Փանիկ գյուղի բնակիչ Լարիսա Լյովայի Գրիգորյանը։ Պատմում են նույնիսկ, որ ճանապարհին Գիզիրյանը իր մեքենան վազանցում կատարող մեքենաները կանգնեցնում է եւ տեղում հաշվեհարդար տեսնում վարորդների հետ, իսկ անտեղյակները, երբ փորձում են պաշտպանվել, անմիջապես մեկուսացվում են։ Շիրակում բազմաթիվ աղմկոտ գործեր են փակվել, իհարկե՝ ոչ առանց վարձավճարի։

Այսպես, 1994 թվականին, Երեւանի ոսկերչական գործարանը որոշում է Գյումրիում հաստոցների գործարանի տարածքում իր գործարանի մասնաճյուղը բացել, եւ այնտեղ իբր ներդրում է կատարվել շուրջ 10 մլն դրամի։ Իրականում ոչ մի ներդրում չկար։ Ավելի ուշ 1996-97 թվականներին այդ գործով զբաղվել է մարզային ՆԳ վարչությունը, անձամբ Գիզիրյանը, եւ այն փակվել է խոշոր գումարով։ Այս եւ բազմաթիվ այլ օրինազանցությունների մասին ժամանակին եղել են բողոքներ եւ հրապարակումներ մամուլում, բայց ապարդյուն։ Գիզիրյանի կողմից հասարակությունից թալանված միջոցները որպես կանոն ամրագրվում են հիմնականում հարազատների անուններով։ Առաջիկայում հնարավորությունների սահմաններում փաստերով եւ հասցեներով ես կփորձեմ այդ ամենը հրապարակել։

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ

01.03.2000 թ.

Տպագրելով այդ մեղադրանքները, թերթը, բնականաբար, պատրաստ է հրապարակել նաեւ հակառակ կողմի փաստարկները։ Հավելենք նաեւ, որ պաշտոնական աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ, որ երեկ Աշոտ Գիզիրյանը նշանակվել է Երեւան քաղաքի ՆԳ վարչության պետ։ Այդ պաշտոնից ազատված Աշոտ Ղահրամանյանն առայժմ ՆԳ կադրերի տրամադրության տակ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031