Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՀԱՐՑ ՊՐՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Ապրիլ 05,2000 00:00
Vaxarshak Harutyunyan

ՀՀ նախագահի հայտնի հրամանագրից հետո պաշտպանության նախարարը միայն ՀԱՀ-ով կարճ արձագանքեց, որ այդ հրամանագրերին վերաբերվում է «շատ նորմալ»։ Վարչապետի եւ կառավարության՝ Սյունիք կատարած արտագնա նիստից հետո, այսպես ասած՝ հանգստի ժամին, կարծելով, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն առավել խոսքաշատ կլինի եւ կպատասխանի վաղեմության ժամկետն անցած, բայց ոչ անկարեւոր հարցերի, մոտեցա նրան։

– Պրն Հարությունյան, համամի՞տ եք արդեն Ձեր նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի այն մտքին, որ նախագահի հրամանագրերը, ՊՆ-ի փոխհրամանատարներին աշխատանքից ազատելն ու նոր փոխնախարարներ նշանակելը վաղօրոք պլանավորված դավադրություն էր։

– Չէ, ես չէի ասի էդպես։ Դա նորմալ երեւույթ է. փոփոխությունները հօգուտ բանակի են արվում, այնպես որ, ես դա չեմ համարում դավադրություն։

– «Դավադրություն» ասվածը հիմնավորվում էր նրանով, որ ո՛չ վարչապետ Արամ Սարգսյանը, ո՛չ Դուք, տեղյակ չեք եղել, ասենք, գեներալ Մանվելի՝ պաշտպանության փոխնախարար նշանակելու մասին։ Խոսքը նշանակմա՛ն օրվա մասին է. Դուք այդ ժամանակ Մոսկվայում էիք։

– Չէ, էդպես չէ, ես Մոսկվայում չէի, Երեւանում էի, եւ այդ ներկայացումը եղել է իմ գիտությամբ։ Ես Երեւանում էի, նախագահը եկել է, այդ արարողությունն անցկացրել ենք միասին։

Մինչ հարցազրույցը պրն Հարությունյանից խնդրել էի պատասխանել իմ «մի երկու հարցի»։ Սա ուղղակի ընկալվեց։ Հետեւաբար, ավելին իմանալ չկարողացա։

Լ. Ա.

ԳԱՂՏՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ավելի քան 10 տարի անց Կովկասյան անկլավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման ուղիներ են նշմարվում։ Ադրբեջանում գտնվող, սակայն մեծամասամբ հայերով բնակեցված այս տարածքի շուրջ արյունոտ վիճաբանությունը բռնկվեց դեռեւս ԽՍՀՄ փլուզումից առաջ. ավելի քան 2 տարի տեւած պատերազմից հետո 1994 թվին Հայաստանը դե ֆակտո իրեն միացրեց այդ շրջանը։ ԵԱՀԿ-ն միջնորդության զուր փորձեր էր անում։ Ամենաբարձր մակարդակում տեղի ունեցած գաղտնի երկխոսություններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը, պետք է որ համաձայնության եկած լինեն տարածքների փոխանակման հարցում. Հայաստանը ազերիներին է զիջում Իրանին սահմանակից Մեղրու շրջանը եւ Ղարաբաղի մի փոքր մաս, որի դիմաց նա ստանում է լեռնային այդ շրջանի մնացած մասը՝ միջանցքի հետ միասին։ Այսպիսով, Ադրբեջանը նորից կապ կունենա Նախիջեւանի հետ (Հայաստանով շրջապատված իր մի հատվածի)։ Փոխզիջումը կայացել է ԱՄՆ ճնշման ներքո, որը, ինչպես եւ Թուրքիան, շահագրգռված է Հարավային Կովկասում եղած բոլոր կոնֆլիկտների վերացմամբ (Կասպից ծովի նավթի պաշարների պատճառով)։ Եթե Ղարաբաղում խաղաղություն տիրի, ապա հնարավոր կլիներ ծրագրված նավթուղին Բաքվից Միջերկրական ծով անցկացնել Հայաստանի վրայով։

Այս գործարքում պարտություն կկրեր Ռուսաստանը, որը մինչ այժմ օժանդակում էր հայերին՝ Թուրքիայի դաշնակից ազերիների դեմ եւ հնարավորին չափ հրահրում թշնամացած երկրների միջեւ եղած հակամարտությունը։ Խաղաղության պայմանագրից եւ հայ-թուրքական մտերմությունից հետո Ռուսաստանը կկորցնի իր վերջին ամրոցը Կովկասում։

«Շպիգել»,

06.03.2000 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930