Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԿՏՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԺԱՊԱՎԵՆԸ

Նոյեմբեր 02,2000 00:00
japaven

2000 թվի փետրվարի 9-ից Երեւանում՝ Զեյթուն թաղամասում, գործում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների ընդունման եւ կողմնորոշման» կենտրոնը։ Ըստ էության, այն այժմ էլ իրականացնում է այն աշխատանքները, որ մինչ այդ անում էր ՀՀ ՆԳՆ Անչափահասների ընդունման-տեղաբաշխման կայանը։ Իհարկե, անհամեմատելի տարբերությամբ։

Մինչ եւ հետո 1999 թ. ապրիլի 21-ին ՀՕՖ-ը եւ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի, ՆԳՆ տնօրինության տակ գտնվող Անչափահասների ընդունման-տեղաբաշխման կայանի մասնաշենքը առանց վարձավճարների հանձնվեց ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղին։ Վերջինս՝ ամերիկահայ բարերարուհի Բարբարա Լորինսիի նվիրատվությամբ, հիմնովին նորոգել եւ բարեկարգել է շենքը, բակը եւ հարող տարածքը։ Չեմ կարող ենթադրել, թե ինչպիսին էր այդ շենքը ՆԳՆ ենթակայության տակ եղած ժամանակ, բայց հիմա… խաղասենյակները՝ որակյալ խաղալիքներով լի էին, ննջասենյակները՝ գեղեցիկ եւ հարմար կահույքով, դասասենյակները՝ սովորելու տրամադրող նստարաններով։ Հոգատար ձեռքի առկայությունը զգացվում էր ամեն քայլափոխի։ Կենտրոնում այս պահին բնակվող 13 երեխաներն էլ մաքուր էին, կոկիկ եւ խաղաղ։ Չգիտեմ, նրանք միշտ են այդպիսին, թե ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի, Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ ՀՀ նախագահի այցելությունն էր նրանց ձգվածության ու զգաստության պատճառը, բայց կենտրոնը ապահովում է նրանց առողջության, սննդի, մտավոր զարգացման եւ դաստիարակության հարցերը։

Բացումը

Թեեւ կենտրոնը գործում է արդեն 8 ամիս, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Երեւանում են ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամները, երեկ տեղի ունեցավ ՀՕՖ-ի «Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի» պաշտոնական բացումը։ ՀՀ նախագահը հերթական կարմիր ժապավենը կտրելու հաճույքը կիսեց ՀՕՖ-ի ատենապետ Գեւորգ Հովնանյանի հետ։ Այդ անգնահատելի առաքելությունը կատարելուց հետո պրն նախագահը՝ կաթողիկոսի, ՆԳ նախարարի, ԳԱԱ նախագահի, քաղաքապետի, ՀՕՖ-ի հոգաբարձուների ուղեկցությամբ մի լավ ուսումնասիրեց կենտրոնի շենքը, դեռ տեղի երեխաներին էլ մի երկու հարց տվեց։ Այդքանը բավական չէր, սրամտեց էլ. երբ 7 տարեկան մի փոքրիկ ասաց, որ իրեն «մըլիցեքն են Կիրովականից բերել», պրն նախագահն իրեն հատուկ դիմախաղով ժպտաց. «Ուրեմն դրանք լավ գործ էլ են անում, հա՞»։ Ի պատասխան, ՆԳ նախարարը լայնաբերան ծիծաղեց։ Տեսնես ինչի՞ վրա։

Երեխաները

Գործունեության 8 ամիսների ընթացքում կենտրոնը հասցրել է ընդունել, ապաստան, սնունդ, բուժում, կրթություն տալ թվով 210 երեխայի։ Այստեղ հնարավորություն ունեն ապաստան տալ 30 երեխայի, որոնք հիմնականում 3-18 տարեկան թափառաշրջիկ, լքված, մուրացիկ եւ տարբեր պատճառներով խնամքից զրկված երեխաներ են։ Ինչպես ասաց կենտրոնի դաստիարակներից մեկը՝ Ռուզաննա Սարաֆյանը, հոգեբանների, սոցիալական աշխատողների, դաստիարակների աշխատանքի արդյունքում ուսումնասիրվում է երեխայի խնամքից դուրս մնալու պատճառը եւ նրա կյանքի հետագա կազմակերպման վերաբերյալ առաջարկություն ներկայացվում Անչափահասների գործերով համայնքային հանձնաժողով։

Ընդհանուր հաշվով՝ կենտրոն բերված երեխաների «67%-ը, կողմնորոշվել է դեպի ընտանիք, իսկ 33%-ը՝ մանկատներ, հատուկ կրթական հաստատություններ»։ Երեխաների ընտանեկան դրության ընդհանուր պատկերը հետեւյալն էր. միածնող ընտանիքից են եղել 92 երեխա, կազմալուծված ընտանիքից՝ 94, ներընտանեկան կոնֆլիկտներ ունեցող միջավայրից՝ 68, տնտեսապես անապահով ընտանիքներից՝ 116, իսկ երկկողմանի ծնողազուրկ է եղել ընդամենը 1 երեխա։ 210 երեխայից խնամակալության է վերցվել ընդամենը 1-ը. 5 տարեկան աղջնակին որդեգրելու ցանկություն է հայտնել կենտրոնի աշխատակիցներից մեկը։ Ցավոք, որդեգրման ինստիտուտը դեռ ձեւավորման փուլում է, եւ շատ երեխաներ, որ կարող էին իրենց ապագան գտնել երեխայի մասին երազող, բայց սեփական երեխան ծնելու հնարավորությունից զուրկ ընտանիքներում, այսօր նա՛եւ այդ ինստիտուտի բացակայության պատճառով, անօթեւան են։ Ինչեւէ, կենտրոնն անում է աստվածահաճո եւ բարեգութ աշխատանք, ինչի համար արժանի էր օրհնության։ Օրհնությունը չուշացավ եւ եկավ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930