Լրահոս
Օրվա լրահոսը

1998

Մարտ 03,2001 00:00

ՈՐՏԵ՞Ղ Է Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ» 1998 թվականի փետրվարի սկզբին իշխանափոխության ջատագովները Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության 1997 թ. դեկտեմբերի առաջարկների փաթեթը պարտվողական էին համարում։ Այս մասին իր տեսակետը հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ, «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Արա Սահակյանը։ Պարոն Սահակյանի պնդմամբ. «Առաջին հերթին աչքի է զարնում դիլետանտիզմը։ Միայն այն, որ 98 թ. փետրվարյան հեղաշրջման մասնակիցները բանակցությունների նյութ հանդիսացող փաստաթղթերին ծանոթ էին, ընդհանուր առմամբ, խոսում է այդ շրջանակների անլրջության մասին։ Ցավոք, ամբողջատիրության վերացումից հետո մեր հասարակության մեջ չարմատավորվեց այն պարզ համոզումը, որ ինչպես վարորդի, հյուսնի կամ մասաժիստի մասնագիտությունը, դիվանագիտությունը նույնպես մասնագիտություն է, մանավանդ, եթե դիվանագիտական բանավեճը դրվում է իշխանության համար պայքարի հիմքում»։ Պարոն Սահակյանը մեր զրույցի ժամանակ հարց տվեց. «Ի՞նչ են ուզում քաղաքականությամբ զբաղվել փորձող մեր հայրենակիցները՝ դատապարտել հայերին եւ ադրբեջանցիներին 50-ամյա հակամարտությա՞ն, որի ընթացքում տարբեր մեծ ու փոքր պետություններ իրենց ձեռքե՞րը պետք է տաքացնեն։ Իհարկե, վտանգներով է հղի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը։ Բայց պետք է անցնել այդ ճանապարհը եւ ոչ թե դա օգտագործել պատրվակ՝ իշխանության հասնելու համար»։ Այս պահին հնարավո՞ր է՝ կրկին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առիթ դառնա հերթական իշխանափոխության, քանի որ վերջին շրջանում աշխուժացում է նկատվում հարցի շուրջ։ Պարոն Սահակյանի կարծիքով. «Քոչարյանը եւ այս վարչախումբը հակամարտության կարգավորման որեւէ պլան չի ստորագրելու։ Նրանց տեսակետը տարիներ առաջ եղել եւ այսօր մնում է նույնը՝ սառեցնել ստեղծված իրավիճակը։ Այն ժամանակ պարտվողական համարվող «Փուլային տարբերակին» հակադրվեց ահա այդ խմբի կողմից առաջադրված մի ավանտյուրիստական ծրագիր։ Այդ փաստաթուղթը մեր տրամադրության տակ կա՝ ռուսերեն լեզվով բացատրությունը եւ կից քարտեզ։ Ըստ այդ փաստաթղթի, Քոչարյանը եւ նրա զինակիցները գտնում էին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի հետեւյալ հիմքով՝ միջազգային իրավունքի սուբյեկտ, ըստ էության անկախ ԼՂՀ-ն համաձայնում է իր զորքերը դուրս բերել գրաված որոշ տարածքներից, պահպանելով նախկին ԼՂԻՄ-ի վարչական տարածքը, դրան գումարած Քելբաջարի եւ Լաչինի շրջաններն ամբողջությամբ, Կուբաթլիի շրջանի կեսը, Ջեբրաելի, Ֆիզուլիի, Աղդամի որոշ հատվածներ, ընդամենը 8 հազար քառ. կմ։ Հարց՝ ո՞ւր է այդ առաջարկը։ Այս երեք տարիների ընթացքում միջնորդներին ներկայացվե՞լ է այդ «հաղթական» նախագիծը։ Եվ ինչո՞ւ այժմ այդ նախագիծը չի ներկայացվում։ Դաշնակցության լիդերներն իրար ոտի տակ տալով հեռուստաստուդիայից հեռուստաստուդիա են վազում եւ գովերգում են «Ընդհանուր պետությունը»։ Բայց չէ՞ որ դա սկզբունքորեն նույնն է, ինչ որ «Փաթեթայինը», ինչ որ «Փուլայինը»։ Պահպանվում է մեկ կարեւոր սկզբունք՝ Ղարաբաղը ստանում է ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Սա է գլխավոր չափորոշիչը։ Բայց 98 թ. հունվարի 8-ի անվտանգության խորհրդի նիստում մեզ առաջարկվեց ուրիշ նախագիծ, վերոհիշյալ չորրորդ նախագիծը, որը հետագայում հասարակությունից գաղտնի պահվեց եւ այսօր էլ գաղտնի է պահվում։ Մենք այն հրապարակելու ենք։ Թող ե՛ւ քաղաքական ուժերը, ե՛ւ հասարակությունը իմանան, որ հակամարտության կարգավորման սկզբունքների կամ դետալների շուրջ բանավեճ չի եղել։ Ասվել է հետեւյալը. այն, ինչ բանակցվել է, պարտվողական է, անընդունելի է եւ մենք կարող ենք համաձայնել միայն անկախ Ղարաբաղին, նշված տարածքով»։ Արա Սահակյանի պնդմամբ երեք տարի անիմաստ կորավ ժամանակը. «Երկիրը մաշվեց, մարդիկ հեռացան, տեղի ունեցավ այս ողբերգությունը, պետությունն ավելի թուլացավ, եւ այլն»։ Վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած աշխուժացումը ղարաբաղյան հակամարտության շուրջ չի՞ նշանակում արդյոք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Արա Սահակյանի կարծիքով. «Ադրբեջանը միշտ է պատրաստվել պատերազմի, ե՛ւ երեք տարի առաջ, ե՛ւ յոթ տարի առաջ, ե՛ւ այսօր։ Պատերազմի վտանգը չի բացառվում։ Եվ բանակցությունները վերսկսելու, միջնորդների առաջարկած պլաններից որեւէ մեկի հիման վրա բանակցությունները սկսելու մեր պահանջը եւ համոզումը, որ այսօր էլ է ուժի մեջ մնում, լավագույն երաշխիքն է պատերազմական գործողությունները չսկսելու։ Թող ստորագրի Քոչարյանը եղած փաստաթղթերից որն ուզում է, այդ մանդատն ինքն ունի։ Բայց չի ստորագրի»։ Ինչո՞ւ չի ստորագրի։ Ըստ Արա Սահակյանի՝ չստորագրելն ավելի շատ էմոցիոնալ բովանդակություն ունի, քան հիմնված է քաղաքական հաշվարկի վրա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել