Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ Հայաստանում համաներում եղել է ընդամենը 5 անգամ՝ 1990, 1992, 1995, 1997 եւ 1998թթ.։ Վիկտոր Դալլ

Մարտ 09,2001 00:00

Փոքր համաներում կլինի՞, թե՞ ոչ. կորոշի ՀՀ նախագահը Անկախ Հայաստանում համաներում եղել է ընդամենը 5 անգամ՝ 1990, 1992, 1995, 1997 եւ 1998թթ.։ Վիկտոր Դալլաքյանի եւ Արթուր Բաղդասարյանի հեղինակությամբ խորհրդարանին ներկայացվեց «ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Ըստ էության, նախագիծը կարելի է գնահատել որպես փոքր համաներում, քանի որ, եթե ՀՀ նախագահը ստորագրի եւ նախագիծը օրենքի ուժ ստանա, ապա համաներումը կտարածվի շուրջ 900 դատապարտվածների վրա։ Որոշ պարզաբանումներ է ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը։ Վերոհիշյալ օրենքի ամենակարեւոր կետը, ըստ Վիկտոր Դալլաքյանի, հոդված ութն է. «Սույն օրենքի հետ կապված օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատավճիռները եւ որոշումները եռամսյա ժամկետում վերանայվում են դատապարտյալի դիմումի կամ դատախազի միջնորդության հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-408 հոդվածներով սահմանված կարգով»։ Հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է, որ պետաիրավական հանձնաժողովի մշտական հանձնաժողովը լուրջ վերահսկողություն է սահմանելու, որ անօրինականություններ չլինեն։ Ըստ օրենքի նախագծի, այսպես կոչված փոքր համաներումը տարածվում է հասարակության համար նվազ վտանգավոր հանցագործությունների վրա, որոնք հիմնականում պայմանավորված են սոցիալ-տնտեսական ծանր վիճակով. «մենք գիտենք, թե այսօրվա դատարաններում ինչպիսի վիճակ է տիրում, եւ կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ փոքրիկ զանցանքների համար հայտնվում են ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում»։ Օրենքի նախագծի հեղինակները այն դիտարկում են որպես մարդասիրական քայլ։ Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, ՀՀ նախագահը կհարգի պատգամավորների խնդրանքը (հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերին, 60 պատգամավորի ստորագրությամբ, խնդրանք էր ուղարկվել ՀՀ նախագահին՝ համաներում անցկացնելու համար) եւ կհայտարարի համաներում։ Պրն Դալլաքյանին հիշեցրինք, որ ամիսներ առաջ մտավախություն կար, որ համաներման մասին տեղեկության արտահոսք կլինի, չեն բացառվում նաեւ կաշառակերության հնարավոր փաստերը։ Այս մասին մեր թերթը ժամանակին գրել է։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ընթացակարգն այնպիսին կլինի, որ կբացառի նման դեպքերը. «ՀՀ նախագահի աշխատակազմում ստեղծվում է համաներման տեքստ, այդ մասին ոչ ոք չի իմանում, դա ուղարկվում է ԱԺ, պետաիրավական հարցերի հանձնաժողովում փակ նիստով ծրարը բացվում է եւ ԱԺ-ի փակ նիստում էլ համաներման հարցը քննարկվում է»։ Արդեն երեք տարի հանրապետությունում համաներում չի եղել։ Փոխարենը՝ 2000թ. մեծ համաներումներ են հայտարարվել Չինաստանում, Ռուսաստանում, անգամ՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Մենք ումի՞ց ենք պակաս։ Մարտի 6-ին խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, հաջորդ խոսքը նախագահ Քոչարյանինն է։ Եթե նախագահը ստորագրի օրենքը 21 օրվա ընթացքում, ուրեմն՝ ոչ մեկից էլ պակաս չենք լինի եւ իր նախագահության երեք տարիների ընթացքում առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը համաներում կանցկացնի։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել