Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ի

Մարտ 15,2001 00:00

Փաստաբանները՝ թակարդում ՍԻՄ-ի «Ազդակ» ակումբը երեկ տրամադրվել էր Հայաստանում գործող երեք փաստաբանական միություններին։ Քննարկվելիք թեման էլ «ԼՂՀ դատարանակազմության մասին» օրենքն էր, որն ընդունվել է Արցախում 2000 թ. հունվարից (ստորագրել է Արկադի Ղուկասյանը), սակայն այդ մասին, ինչպես վկայեցին մասնավորապես «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությանը ներգրավված փաստաբանները, իմացել են դատավճռի կայացումից հետո։ Ըստ այդ օրենքի, դատարանն այդ կազմով իրավունք չուներ քննության առնելու վերոնշյալ քրգործը։ Այդ օրենքով ժողատենակալների ինստիտուտ նախատեսված չէ։ Փաստորեն, 2000 թ. հունվարից ԼՂՀ-ում եւս գործել է եռաստիճան դատական համակարգը, մինչդեռ Գերագույն դատարանն առաջին ատյանի կարգով է քննել վերոնշյալ գործը՝ կայացնելով դատավճիռ։ Փաստաբանները հայտնվել են փակուղու առաջ. եթե բեկանվելու է ԳԴ կայացրած դատավճիռը, ապա՝ ո՞ւմ կողմից։ Հայաստանի փաստաբանների միության անդամ Հենրիկ Բաղդասարյանն ահա թե ինչու էր հետաքրքրվում, թե մասնավորապես 2000 թ. հունվարից հետո որքան գործ է լսվել ԼՂՀ Գերագույն դատարանում։ (Կամ լսվե՞լ է արդյոք)։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր հերթին հայտարարեց, որ փաստորեն ԳԴ մինչ այդ կայացրած դատավճիռները անօրինական են։ «Չենք խոսել մինչեւ այս, որովհետեւ հակահայրենասիրական երեւույթ կարող էր համարվել»։ Նա միաժամանակ առաջարկեց Հայաստանի փաստաբանների միությանը (նախագահ՝ Միշա Փիլիպոսյան), Հայ փաստաբանների միջազգային միությանը (նախագահ՝ Տիգրան Տեր-Եսայան) եւ Միջազգային փաստաբանների միությանը (նախագահ՝ Տիգրան Ջանոյան) եզրակացություններն իրենց տալու «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործով ԳԴ-ի կայացրած դատավճռին՝ վերոնշյալ օրենքի «լույսի» ներքո։ Նախկին ԱԺՄ-ական, փաստաբան Վովա Հախվերդյանը՝ լսելով իր գործընկերների գնահատականները՝ եզրակացրեց՝ նախ. որ «փաստաբանները շատ սրտաճմլիկ են խոսում» եւ ապա՝ հիշելով իրենց ոչ վաղ հեղափոխական անցյալը՝ կոչ արեց հասարակական կարծիք ստեղծել, «հատ-հատ ասել՝ ովքեր են այդ քննիչները», ինչին տեղից հետեւեց. – Աղվան Հովսեփյանը… Սերգեյ Սարդարյան անուն-ազգանունով մեկն ասաց. «Քոչարյանի պոչը Ղարաբաղում է, գլուխը՝ Հայաստանում եւ, եթե Քոչարյանը չուզեր, չէր լինի այն, ինչ եղել է»։ Նրա ելույթից հետո իրավապաշտպան Արմեն Ջավադյանն առաջարկեց իրավաբանական կազմակերպություններին՝ հանդիպել նախագահ Քոչարյանի հետ։ Երեկ երկրորդ սենսացիան գրանցվեց կլոր սեղանի ժամանակ. փաստաբանները հիշատակեցին Մարատ Փոդրատչյանի քրեական գործը, երբ այն լսվել է ԼՂՀ զինտրիբունալում, ԼՂՀ Գերագույն դատարանի դատական կոլեգիայի որոշումով էլ դատավճիռը թողնվել է առանց փոփոխության, վճռաբեկ գանգատն՝ առանց բավարարման։ Այս դեպքում… ՀՀ, ճիշտ եք կարդում՝ Հայաստանի վճռաբեկ դատարանի Քրեական եւ զինվորական գործերի պալատը որոշում է բեկանել իրեն անկախ հորջորջող դատարանի դատավճիռը։ Ավելին, Հայաստանի վճռաբեկ դատարանի որոշման գործի քննությունը «վերահանձնարարվել» է Ավան-Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանին։ Հիշո՞ւմ եք, թե քանի անգամ Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը դատարանի ընդդատության հարցը բարձրացրեց, քանի անգամ միջնորդվեց, որ Հայաստանի պաշտպանության բանակի սպա, դիվանագիտական անձնագիր ունեցող, ՀՀ քաղաքացի Ս. Բաբայանի եւ մյուսների քրգործի դատաքննությունը տեղի ունենա Հայաստանում։ Եվ… չգտնվեց ոչ վճռաբեկ, ոչ վերաքննիչ դատարան, որ… «հանձնարարական-որոշում» իջեցներ ԼՂՀ փառապանծ Գերագույն դատարանի վրա։ «Հարցի էությունը հետեւյալն է. որ դատարանակազմության մասին ԼՂՀ օրենքի համաձայն՝ այսպես կոչված, ընդհանուր իրավասության դատարանները, որ գործելու էին, չեն գործում հիմա, որ վերաքննիչ դատարանը պետք է գործեր, չի գործում, եւ, որ պետք է Գերագույն դատարանը հանդես գա վճռաբեկության կարգով՝ միայն որպես 3-րդ աստիճանի դատարան, չի գործում»,- ասաց Ժուդեքս Շաքարյանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել