Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու

Ապրիլ 04,2001 00:00

ԵՎՐՈՊԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ ԿԴԻՄԵՆ ՆԱԵՎ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐՈՎ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կանոնակարգը» Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության կողմից վերջերս բաժանվեց դատավորներին եւ իրավական թեմաներով զբաղվող լրագրողներին։ Ինչպես դատավորները, այնպես էլ ԶԼՄ-ները կծանոթանան կանոնակարգի 4 բաժինների, 10 գլուխների եւ 104 կանոնների հետ։ Եվրոպական դատարանի (ԵԴ) նստավայրը Եվրոպայի խորհրդի նստավայրն է, որը գտնվում է Ստրասբուրգում։ Չի բացառվում «շրջիկ» նիստերի անցկացումն այլ վայրերում, որը պարտադիր պետք է լինի Եվրախորհրդի անդամ պետություններից որեւէ մեկի տարածքում։ ԵԴ կանոնակարգի տրամաբանությամբ, հետեւաբար, նիստեր կարող են գումարվել նաեւ Եվրախորհրդին անդամակցած Հայաստանի տարածքում։ ԵԴ պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը։ Ընդ որում, «բանավոր փաստարկների կամ գրավոր հայտարարությունների» անգլերեն կամ ֆրանսերեն բանավոր կամ գրավոր թարգմանությունն ապահովելու եւ թարգմանության ծախսերը կրելու համար պատասխանատու է «խնդրանքով դիմած կողմը»։ Սա ասում եմ, որպես ի գիտություն, եւ որպեսզի Պեպո անունով մեկը դատի տա Զիմզիմով ծնած պետությանը, ապա պարտավոր է կամ այդ 2 լեզուներից մեկն իմանալ, կամ էլ ձեռքը իր գրպանը տանել։ Իհարկե, չի բացառվում, որ Գավառի կամ Ապարանի մայրենին հնչի Եվրոպական դատարանի պատերի ներքո, քանզի սահմանված է. «Ցանկացած վկա, փորձագետ կամ դատարան ներկայացած այլ անձ կարող է օգտագործել իր մայրենի լեզուն, եթե նա բավարար չափով չի տիրապետում պաշտոնական լեզուներից որեւէ մեկը»։ Դիմումատուի ներկայացուցիչը պետք է լինի փաստաբան, փաստաբանական գործունեությամբ զբաղվող մեկը։ Անհրաժեշտության դեպքում դիմումատուն կօգտվի ոչ միայն, ասենք, հայտնի փաստաբաններ Շալիկո Դարբինյանի կամ, Սաֆար Խաչատրյանի օգնությունից, այլ՝ «հավանության արժանացած մեկ այլ անձի»։ Թե Շալիկո Դարբինյանը, թե Սաֆար Խաչատրյանը, թե «հավանության արժանացածը» բավարար չափով պետք է տիրապետեն ԵԴ պաշտոնական լեզուներից որեւէ մեկին (կարեւոր չէ իրավաբանական լեզուն իմանալը։ Երկու երնեկ Ստրասբուրգում հաստատ չի լինի- Ռ. Մ.)»։ Դատաքննության ժամանակ սեփական նախաձեռնությամբ Պալատը կարող է ձեռք բերել ցանկացած ապացույց, որը նրա կարծիքով կպարզի գործի հանգամանքները։ Իսկ քննության ցանկացած փուլում Պալատի կամ դատարանի մի քանի անդամներ կարող են գործուղվել «տեղում հետաքննություն կատարելու» կամ «այլ կերպ ապացույցներ հավաքելու համար»։ Կողմերը Պալատին կամ նրա պատվիրակությանն աջակցում են ապացույցների հավաքման ցանկացած միջոցառում իրականացնելու գործում։ Դիմումատուն պետք է իր գանգատում «մատնանշի» իր անունը (ազգանունը չի պահանջվում), ծննդյան թիվը, քաղաքացիությունը, սեռը, զբաղմունքը եւ հասցեն։ Ներկայացուցչի անունն է կրկին պահանջվում (ազգանունը՝ ոչ), նրա զբաղմունքը, հասցեն, փաստերի համառոտ շարադրանքը, «ենթադրյալ խախտումների» համառոտ շարադրանքը, մասնակից պետության անունը եւ «արդարացի փոխհատուցման ցանկացած պահանջի ընդհանուր մատնանշումը»։ Ի դեպ, ԵԴ դիմումատուն կարող է «իր ինքնությունը հրապարակել չցանկացողին»։ Պալատի նախագահը կարող է թույլատրել, որպեսզի բացառիկ եւ հիմնավոր դեպքերում «անանունությունը» պահպանվի։ Հայտնի է, որ մեր քաղաքացիներից (հատկապես՝ ճանաչվածներից) շատերը գերադասում են մականունները՝ անունների փոխարեն, ուստի չի բացառվում, որ քննության դրվեն այս կարգի գործեր. «Չուգունն՝ ընդդեմ Հայաստանի», «Լեղպատռողանց Հռիփսիմեն՝ ընդդեմ…», «Թոշակի գող Աշոտն՝ ընդդեմ…»։ ԵԴ կարող են կանչվել վկաներ, որոնց ծախսերը հոգում է Եվրոպայի խորհուրդը (պատկերացնո՞ւմ եք, շուտով շատերը վկա «կաշխատեն»)։ Հետաքրքիր է վկայի երդումը. «Իմ պատվով ու խղճով երդվում եմ, որ կասեմ ողջ ճշմարտությունը եւ ուրիշ ոչինչ, ճշմարտությունից բացի», ինչն արձանագրվում է։ Ի դեպ, կեղծ ցուցմունքներ տալու մասին հիշատակվում է կանոն 69-ում, սակայն պարզ չէ, թե ինչ է սպասվում վկային երդմնազանց լինելու դեպքում… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել