Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանցից

Մայիս 05,2001 00:00

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՈՒՂԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ Սրանցից մեկն ընտրել է նախագահ Քոչարյանը, մյուսը՝ փորձում էին իրականացնել նախկին վարչապետներ Վազգեն եւ Արամ Սարգսյանները Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները այն տեսակետին էին, թե նախագահ-վարչապետ ընդհարումը երկար շարունակվել չէր կարող, եւ վաղ, թե ուշ հանգուցալուծումը պետք է գտնվեր։ Կոնկրետ դեպքում այդ հանգուցալուծումը գտավ ավելի կազմակերպված եւ սառը հաշվարկներ արած նախագահ Քոչարյանը։ Պաշտոնանկությունն անհնարին կլիներ, եթե դավաճաններ չլինեին «Սոցիալիստական Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Աշոտ Մանուչարյանը փորձեց նախկին վարչապետի պաշտոնանկության պատճառները փնտրել քաղաքական ավելի խոր պրոցեսների ենթատեքստում։ Դրանք քիչ են առնչվում զուտ ներքաղաքական զարգացումներին։ Ըստ պարոն Մանուչարյանի, Արամ Սարգսյանի պաշտոնանկության իրական պատճառն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում պետք է փնտրել։ Բայց, Ա.Մանուչարյանի հավաստիացմամբ, այդ պաշտոնանկությունն անհնարին կլիներ, եթե չլիներ Ա.Սարգսյանին շրջապատած մի շարք անձանց դավաճանությունը։ «Կան մարդիկ, ովքեր ուզում են բարեկեցիկ կյանքով ապրել, բարձր պաշտոններ զբաղեցնել, կամ, պարզապես, փառասեր են։ Դրա համար նրանք պատրաստ էին զոհաբերել ամենաթանկ բանը, նույնիսկ իրենց զոհված ընկերոջ եղբորը։ Բայց Ա.Սարգսյանը նրանց նկատմամբ էլ մեծահոգի գտնվեց եւ ներեց նրանց՝ ովքեր զինվորական են եղել, ովքեր իրենց արյամբ պաշտպանել են հայրենիքը։ Կարծում եմ, նա ճիշտ վարվեց։ Այլ է, երբ հանուն իրենց ճղճիմ եւ անձնական շահերի, նրան դավաճանեցին եղբոր այն զինակիցները, ովքեր քաղաքական եւ պետական գործիչներ են։ Այստեղ խոսք չկար սկզբունքային տարաձայնության, գաղափարական վեճի մասին։ Մարդիկ հակառակ ճամբար անցնելով պարզապես պարգեւատրություն էին ակնկալում»,- նկատեց պարոն Մանուչարյանը։ Նա ընդգծեց, թե բոլոր այդ մարդիկ այսօր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Արամ Սարգսյանն ընտրել էր Վազգենի որդեգրած ուղին Անդրադառնալով Արամ Սարգսյանի պաշտոնանկության գլխավոր պատճառին, պարոն Մանուչարյանն ասաց. «Ա.Սարգսյանի պաշտոնանկությունը քաղաքական տեսանկյունից եւ երկրի ճակատագրի իմաստով շատ ավելի խորն է։ Նա Արամ Սարգսյան չէր միայն։ Դա Հայաստանի զարգացման համար ընտրված որոշակի ուղղություն էր։ Այդ ուղին ընտրել էր Վազգեն Սարգսյանը»։ Իբրեւ Հայաստան պետության զարգացման այդ ուղու պատկերավոր խորհրդանիշ՝ պարոն Մանուչարյանը մատնանշեց 98 թվականին Պեկինի օդակայանում Չինաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների համատեղ հանդիպումը։ «Այսինքն, այդ ուղու արգասիքը լինելու էր մի այնպիսի Հայաստան, որն էական գործընկեր է գերտերությունների համար։ Այդպիսի ուղին ծանրագույն է, բայց միակ ընդունելին մեր ժողովրդի համար, մեր պատմության միակ ճիշտ ամբողջացումը։ Այդ ուղու մյուս խորհրդանիշն էլ մեր թշնամիների դիմադրությունն է՝ «Հոկտեմբերի 27»-ի կրակոցներով»,- ընդգծեց պարոն Մանուչարյանը։ Քոչարյանի որդեգրած ուղին «քիուեսթյան» Հայաստանն է Հայաստանի զարգացման մյուս ուղին, ըստ պարոն Մանուչարյանի, «քիուեսթյան» Հայաստանն է։ «Մենք տեսանք, թե ինչպես մի քանի օր «քաղաքակիրթ Ամերիկայի տասներորդական չինովնիկներ թելադրում էին «վայրագ» երկրների նախագահներին, թե ինչպիսի պահվածք պետք է դրսեւորեն այսօրվա աշխարհում։ Այդ ճանապարհը նվաստացուցիչ եւ փակուղային է մեր երկրի համար, սակայն խիստ արգասաբեր՝ այն իրականացնող ղեկավարների համար։ Վերջիններիս այդ ճանապարհին սպասում են ոչ թե Նաիրի Հունանյանի դավադիր կրակոցներ, այլ Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշան։ Ամեն ոք ինքն է ընտրում իր ճանապարհը։ Վազգենն ընտրեց փառքը՝ Հայաստանի ու կրակոցները՝ իր համար»։ Ի՞նչ հասցրեց անել Արամ Սարգսյանը «Արամ Սարգսյանը գնաց եղբոր ճանապարհով։ Սուտ է, երբ Վ.Սարգսյանի նախկին զինակիցները, որոնք դավաճանեցին նրա եղբորը՝ մնալով իշխանության մաս, հայտարարում են, թե իրականացնում են Վ.Սարգսյանի ծրագիրը։ Նրանք իրականացնում են իշխանության միակ՝ «Քի Ուեսթի» ծրագիրը, որը Վազգենի ընտրած ուղու հետ որեւէ կապ չունի։ Նրա ձգտումը գիտաարդյունաբերական խոշորագույն ներուժ ունեցող Հայաստանի կառուցումն էր, եւ նա սկսել էր այդ ուղղությամբ աշխատել։ Այդ ծրագիրը կիրականացվեր, եթե Վ.Սարգսյանը չսպանվեր, եւ, եթե Ա.Սարգսյանը պաշտոնանկ չարվեր»։ Ի պատասխան մեր այն հարցին, թե ի՞նչ էր հասցրել անել նախկին վարչապետ Ա.Սարգսյանն այդ ուղղությամբ, պարոն Մանուչարյանն ասաց. «Նա փորձեց վերականգնել այն Հայաստանի նկարագիրը, որի խորհրդանիշը Պեկինի օդակայանի հանդիպումն էր։ Շատ կարեւոր էին նրա կառավարության աշխարհաքաղաքական հստակ քայլերը։ Ա.Սարգսյանի կառավարության հաստատած հարաբերությունները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հենց Վ.Սարգսյանի ծրագրի տրամաբանության շարունակությունն էին։ Փորձ կատարվեց վերականգնել Հայաստան-Ռուսաստան իրական ռազմավարական դաշնակցի հարաբերությունները, եւ դրանք լիակատար ըմբռնում գտան Ռուսաստանում։ Ինչ պետք է աներ նախագահն ու մյուս քաղաքական ուժերը, երբ Ա.Սարգսյանը նման արդյունքով վերադարձել էր Ռուսաստանից։ Իհարկե՝ թիկունք կանգնել նրան։ Բայց եղավ հակառակը»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել