Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՀԱՄԱԳՈՒՄԱՐՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս 05,2001 00:00

ՆԱԽԱՀԱՄԱԳՈՒՄԱՐՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ա. Կուսակցական մեծ առօրյայով Երկիրն ապրում է կուսակցական մեծ առօրյայով։ Հայաստանում անկուսակցականներին արդեն մատով են ցույց տալիս։ Միանում են, դաշինք կազմում, ապա բաժանվում, ասուլիսներ տալիս, հրավիրում համագումարներ։ Պայքար է գնում յուրաքանչյուր թիզ հողի, ամեն մի աթոռի համար։ Ձեռքից ձեռք են անցնում գյուղեր ու քաղաքներ, նախարարություններ ու գյուղապետարաններ, թատրոններ ու ստեղծագործական միություններ, անգամ մարդիկ, այդ թվում՝ գրողներ, քննադատներ ու բանաստեղծներ։ Եվ ոչինչ չկա զարմանալու, որ գրականության ու արվեստի կուսակցական ղեկավարմանը կարոտած մեր գրչեղբայրները հախուռն կերպով մտնում են կուսակցությունների մեջ։ Չէ՞ որ, նրանցից շատերը, քաջ գիտակցելով հանդերձ գրականության դերն ու նշանակությունը կոմունիզմի կառուցման վեհ գործում, այդպես էլ չկարողացան անցնել կոմկուսի շարքերը։ Հերթ չհասավ։ Երեկվա գրողները գրում էին սրտի թելադրանքով, իսկ սիրտը պատկանում էր միայն հարազատ կուսակցությանը։ Այլ է վիճակը այսօր, բազմակուսակցական համակարգի պայմաններում։ Այսօր ավելի քիչ գրող կա, քան կուսակցություն, ոմանք անգամ անդամագրված են մի քանի կուսակցության։ Միայն թե պլատֆորմն ընդունելի լինի։ Ինչ-որ բան տան կամ խոստանան։ Ինչ էլ լինի՝ չկա նախկին էնտուզիազմը եւ գլխավորը՝ հայրական հոգատարությունը, որով շրջապատված էին առաջներում։ Բ. Վիոլետ Գրիգորյանը՝ որպես հայկական հեղափոխության հայելի Երեկ մեկ ուրիշն էր, իսկ այսօր մեր կուսակցությունների սեւեռուն ուշադրության առարկան են դարձել Վիոլետ Գրիգորյանն ու իր բանաստեղծությունները։ Ոմանք հրապարակավ արտահայտվել են, ոմանք դեռ հստակեցնում են իրենց դիրքորոշումը, ոմանք էլ, անշուշտ, սպասում են, որ նախ մրցակից կողմն արտահայտվի, որպեսզի իրենք հակառակ կարծիքը պնդեն։ Ահա ռամկավար-ազատականները, որ ըստ ավանդույթի լավ են հասկանում գրական հարցերի լուծմանը մասսաների մասնակցության կարեւորությունը, Վիոլետի պոեզիայի քննարկմանը ներգրավել էին լայն հասարակայնության ներկայացուցիչներին։ Տարվա ընթացքում Գրողների միության իրավակազմակերպական հարցերի, արդի գրականության կենսական խնդիրների շուրջ բացառիկ հետեւողականությամբ հանդես եկավ ՍԻՄ-ը։ Մինչեւ այն պահը, երբ հանրությանը հայտնի կդառնար երբեմնի մաքուր ձեռքերում հայտնված խոշոր ընտրակաշառքի պատմությունը։ Այդ հողի վրա պահ մի կրքերը հանդարտվեցին, մինչեւ որ գործը շեղվեց իր ուղուց, իսկ մեկ այլ գործ էլ կարճվեց իրավիճակի փոփոխության պատճառով։ Իսկ «Հայկական ժամանակի» դրական կարծիքը Վիոլետի մասին կանխորոշեց ՀՅԴ շրջանակների խորհրդավոր լռությունը։ Դա իր հերթին առիթ տվեց որոշ կոմունիստների Վ. Գրիգորյանի բանաստեղծությունների վրա նկատել պրոլետարական մեծ բանաստեղծ Հ. Հակոբյանի բարերար շունչը։ Այս պարագայում օրինաչափ կլիներ, եթե դեմկուսը հակված լիներ տեսնել վաղ Կապուտիկյանի ազդեցությունը։ Տակավին լուռ է ժողովրդական տրիբուն Ա. Սադոյանը, չնայած Վիոլետ Գրիգորյանի բառապաշարը ուղղակի մարտահրավեր է ժողովրդի շահերի արթուն պահապանին եւ նրա հիմնադրելիք կուսակցությանը։ Առայժմ չեն արտահայտվել նաեւ խոր ընդհատակ անցած ազգային հեղափոխական Ա. Վարդանյանը եւ ազգային պայծառատես Ա. Մանուչարյանը։ Գ. Խոսք ըստ էության Իսկ եթե լուրջ, ապա Վիոլետ Գրիգորյանի վիճահարույց գործերում անհնար է չտեսնել տվածուրիկ տաղանդին բնորոշ նշանները՝ անկեղծությունը, մտածողության անկախությունը գրական եւ քաղաքական ըմբռնումներից։ Աննախապաշար ընթերցողը (էլ ուր մնաց՝ Հրանտ Մաթեւոսյանը) չէր կարող չնկատել ոսկու ցոլցլանքը ավազում. դա մի պղտոր հեղեղատ է, որ պետք է զուլալվի ժամանակի հետ։ Եվ, որ կարեւորն է, այն բանաստեղծական համարժեքն է մի իրականության, որում գերիշխողը կյանքի նսեմ կողմն է, որի բանաստեղծականացումը բնավ էլ դրա պանծացումը չէ, այլ գրականության դիրքորոշում-դատավճիռը։ Եվ տաղանդի առաջնային իրավունքն է՝ չգնալ փոխզիջման ու չեղծել կյանքից եկող ձայները։ Նրա անսանձ անկեղծությունը, գռեհկության բանաստեղծականացումը (որ նույնքան բնական է, որքան կյանքում գեղեցիկը տեսնելն ու պատկերելը), մորեմերկ պարզախոսությունը, որ բարկացրել է շատերին, այլ բան չեն, քան ստեղծագործական արարչություն, որ չի հանդուրժում կոմպրոմիս ոչ ոքի եւ ոչինչի հետ։ Բայց մեր խոսքն այս մասին չէ, այլ ճ շմարիտ բանաստեղծի հայտնության հարուցած աղմուկները շահարկելու կուսակցական նկրտումների։ Իսկ կուսակցությունների համար, հայտնի բան է, որ լավագույն տաղանդը իրենց ղեկավար ցուցումներին հետեւող տաղանդներն են։ Դ. Քննադատության այլակերպությունը Պետք է արժանին հատուցել Ա. Ափինյանին, որ «Նոր դար» հանդեսում (թիվ 1, 1998թ.) տպագրել է Վիոլետ Գրիգորյանի «Քաղաքը» շարքը։ Բայց ահա երեք տարի անց սկսել է շանթ ու որոտ թափել բոլոր նրանց գլխին, ովքեր բանաստեղծուհու այդ արտասովոր, անգամ արտառոց ստեղծագործություններից մի նոր շարք են տպագրել։ Դրանց հրապարակումը նա համարում է «ցավալի, շատ ցավալի երեւույթ», որ «պատիվ չեն բերում հեղինակին եւ գրականությանը»։ Այսպիսին է Ափինյանի վերակողմնորոշված կարծիքը։ Իրեն հատուկ ամոթխածությամբ մերժելով ԳԹ-ի տպագրած շարքի գռեհկաբանությունները, օրինակ, թող թույլ տրվի հիշեցնել, «թսան տնփեսան», չգիտես ինչու Ափինյանը նախապատվությունը տալիս է իր տպագրած շարքի «ճաղատ ցռանին» կամ «բոզոտ Կառային»։ Ինչո՞վ են նախընտրելի՝ չես հասկանում։ Ա. Ափինյանի թամադայությամբ Վ. Գրիգորյանի «գործը» անգամ ԳՄ «կլոր սեղանին» քննարկելով ու դատափետելով չավարտվեց։ Թերեւս այն արծարծվել է Ծաղկաձորի վերջին գաղտնաժողովում, ուր հընթացս որոշվել է՝ առաջիկա համագումարում ում օծել ԳՄ կառույցի ղեկավարներ։ Այսպիսով, ավելորդ անգամ պարզ է դառնում, որ քննադատի ճաշակը եւ գեղարվեստական կողմնորոշումները պայմանավորված են ոչ թե գեղագիտական պատկերացումների որոշակի համակարգով, այլ բոլորովին ուրիշ հետաքրքրություններով։ Ե. Ափինյանի գլոբալ նկրտումները եւ ՀԳՄ-ն Նախահամագումարյան այս օրերում Ափինյանն այլեւս անուշիկ ժպիտով էն կոմերիտ ջոկատավարը չէ։ Նա կրկնեց հայկական Բենդերի՝ Պռոշյանի Բղդեի կենսուղին։ Մասին տիրանալով՝ անմիջապես սկսեց իրագործել ամբողջն ունենալու գաղափարը եւ այդ ճանապարհին, դասական գրականության կանոններով, առաջին զոհ ընտրեց իր բարերարին ու ձեռնադրողին։ Քարտուղարի պոստում Ափինյանի հերկուլեսյան կյանքին քիչ թե շատ ծանոթ մարդիկ կարող են վկայել, որ հետեւելով նրա գործելակերպին՝ կորցրել են իրենց հավատը մարդկության հանդեպ, սակայն, դեռ ոչ ոք իր հավատի կորստյան համար նրանից մեկ միլիոն հատուցում չի պահանջել։ Եվ դա այն դեպքում, երբ ԳՄ-ում նրա պահպանման ծախսերը մի քանի անգամ գերազանցում են կազմակերպության իրական հնարավորությունները։ Այս ունիկալ իրավիճակի, գործող անձերի ու դերակատարների կերպարի գրական համարժեքի կերտումը թողնելով գալիքի Պարոնյաններին՝ հույս հայտնենք, որ առաջիկա համագումարը կարեւոր քայլ կանի այդ ճանապարհին։ ՌԱԶՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել