Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի մասնավորեցման վերաբերյալ խնդիրների շուրջ երեկվա մամո

Մայիս 12,2001 00:00

Աղքատ բյուջեն, առողջացած զինվորներն ու մասնավորեցումը Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի մասնավորեցման վերաբերյալ խնդիրների շուրջ երեկվա մամուլի ասուլիսին հրավիրված էին նաեւ առողջապահության եւ պետական գույքի կառավարման նախարարությունների ներկայացուցիչները, որոնք սակայն չէին եկել։ Այլապես ցանկանում էինք նրանցից հետաքրքրվել, թե ինչու են դեմ, որ ինստիտուտը մասնավորեցվի աշխատանքային կոլեկտիվին կամ թե ինչու է նպատակահարմար ԳՀԻ-ի պրոֆիլը փոխելը, ինչն, ըստ ենթադրությունների, մասնավորեցումից հետո տեղի կունենա եւ այլն։ ԳՀԻ-ի աշխատողները համոզված են, որ բուժհիմնարկը մասնավորեցման ենթակա չէ, որովհետեւ, համաձայն օրենքի, ինստիտուտը զբաղվում է հիմնարար հետազոտություններով։ Ընդ որում, այս փաստը հաստատում է ԳԱԱ բժշկակենսաբանական բաժնի ակադեմիկոսների գրությունը։ Աշխատակիցները նշեցին ինստիտուտի նվաճումները, ընդգծելով վիրավոր ազատամարտիկների, ողնաշարային ծանր հիվանդների բուժման, հաջող իրականացված վերականգնողական թերապիայի, ճապոնացիների ու գերմանացիների հետ արդյունավետ համագործակցության մասին։ Ֆունկցիոնալ ախտորոշման բաժնի վարիչ Գոհար Էլբակյանը վիրավորված է, որ չի հարգվում ԳՀԻ-ի 71-ամյա գործունեության փաստը եւ այդ ընթացքում իրենց կատարած աշխատանքը։ Ինստիտուտի տնօրեն Յուրի Թունյանի ներկայացմամբ, ԳՀԻ-ն մի քանի անգամ ընդգրկվել է մասնավորեցման տարբեր տարիների ցուցակներում, հետո դուրս մնացել՝ օրենքը չեղյալ համարվելու պատճառով։ Այժմ կոլեկտիվն անհանգստացած է, որովհետեւ 2001- 2003թթ. մասնավորեցվելիք օբյեկտների ցանկ է կազմվել, որի վերաբերյալ օրինագիծն ԱԺ-ն առաջիկայում կքննարկի։ Իսկ ինստիտուտը, աշխատակիցների համոզմամբ, ոչ միայն չի կարելի մասնավորեցնել, այլեւ ավելին՝ մտադրություն էլ չկա գոնե կոլեկտիվին առաջնություն տալ։ Իսկ պատճառն, ըստ նրանց, այն է, որ «ԳՀԻ-ի դիրքը կոմերցիոն արժեք է ներկայացնում, ինչն աղքատ բյուջե ունեցող երկրի համար մեծ նշանակություն ունի»։ Այսպիսի տեսակետ է հայտնել պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը, մոռանալով, որ մասնավորեցումից ստացված գումարներն ամենեւին էլ պետբյուջե չեն մուտքագրվում, այլ ԿԲ հատուկ հաշվեհամարին, որտեղից, ինչպես պարզվեց, արդեն արտաքին պարտք էլ է մարվում։ Ինչեւէ, աշխատակիցներն արդեն լսել են նաեւ ինչ-որ արգենտինահայ գնորդի մասին։ Այնուամենայնիվ, կարծում են, որ նախապատվությունը պետք է կոլեկտիվին տրվի։ Սա չանելու համար օրենքը չորս կետ է նշում. երբ կոլեկտիվը միահամուռ (միակարծիք) չէ, երբ շենքը այլ գերատեսչության է պատկանում, երբ գործունեության արտոնագիր չունի կոլեկտիվը եւ երբ սնանկ է հիմնարկը։ Պրն Թունյանի հավաստմամբ, առաջին երեք պայմանը գոյություն չունի, չորրորդն էլ խնդիր չէ, որովհետեւ եթե պետությունը մարի ինստիտուտին իր ունեցած 71 մլն դրամ պարտքը, ապա այն սնանկ չի կարելի համարել, որովհետեւ, պետպատվերից բացի, նաեւ վճարովի աշխատանք է կատարում եւ եկամուտ ստանում։ Վերջում ԳՀԻ-ի աշխատակից Ջուլիետա Ստեփանյանը հպարտությամբ մի դեպք հիշեց. «Հիմա վերին ատյաններում ընդունված չէ Վազգեն Սարգսյանի անունը տալը, բայց մենք հպարտությամբ ենք հիշում, երբ նա մի օր եկավ մեր ինստիտուտ եւ գովաբանելով մեր աշխատանքը՝ ասաց, որ բանակը մենք նորից կազմավորեցինք՝ առանց որեւէ վիրահատական միջամտության այդքան զինվորների ոտքի կանգնեցնելով»։ Դե ինչ, կարծում ենք, տիկին Ստեփանյանի հպարտությամբ արած հայտարարությունն ամենեւին էլ երկրորդական դեր չի խաղա ինստիտուտի մասնավորեցման սուբյեկտի ընտրության հարցում։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել