Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում

Մայիս 18,2001 00:00

ԳԵՏՆԱՆՑՈՒՄԸ «ՓՐԿԵԼՈՒ» ԱՀԱԶԱՆԳ Երեւանում ավարտվեց մաքրությանը նվիրված միամսյակը։ Եվ քաղաքապետը մրցանակներ շնորհեց բոլոր համայնքներին, որոնք կարողացան այդ մի ամսվա ընթացքում տեղը տեղին զարդարել ու գեղեցկացնել իրենց տարածքը։ Թեեւ շաբաթօրյակը, ինչպես քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Լեւոն Ղազազյանն է ասում, նվիրված էր քաղաքի ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին բարեկարգմանն ու մաքրությանը, բայց, ինչպես կարողացանք պարզել, վերջինը այնքան էլ կարեւոր նշանակություն չի ունեցել պաշտոնյաների համար։ Բաղրամյան փողոցի (Կամոյի դպրոցին հարակից) գետնանցումը, ուր բնակիչների խնդրանքով գնացինք, աննկարագրելի վիճակում էր, բայց կփորձենք ներկայացնել։ Նշված գետնանցումը թերեւս քաղաքի միակ գետնանցումն է, որտեղով անցնել, կարելի է ասել, անհնար է։ Գուցեեւ դա է պատճառը, որ այդ անցումից շատ քչերն են օգտվում՝ միայն մեծահասակները եւ նրանք, ովքեր երեխաների հետ են։ Տեղի բնակիչներ Արեւիկ Ավագյանի եւ Նազիկ Ղազարյանի պատմելով, որոնք 75-76 տարեկան կանայք են, որոշել էին ինքնուրույն շաբաթօրյակ անել, մաքրել գետնանցումը աղբից ու գարշահոտությունից։ Ծնողները երեխաների ձեռքներից բռնած այդտեղով վազելով են անցնում, որովհետեւ աղբից առաջացած գարշահոտությունը խեղդում է (նշենք, որ այդ գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի)։ Գետնանցումի տակ տեղադրված ջրատար խողովակը լցված է աղբով։ Դրա պատճառն այն է, որ խողովակը ծածկող չուգունե ցանցերը գողացել են, իսկ դրսից քամիների եւ անձրեւի ջրերի հետ միասին փողոցների աղբը աստիճաններով հոսել եւ խցանել է մոտ 50 սմ տրամագծով բացված խողովակը։ Բնակիչներ Ա. Ավագյանի եւ Ն. Ղազարյանի հավաստմամբ, այդ խողովակը տարուց ավել այդ վիճակում է, եւ ոչ ոք չի մտածում այդ մասին։ Իսկ թե ինչու են հենց իրենք՝ ծերության դուռը հասած միայնակ կանայք մտահոգվում այդ խնդրով, տիկին Արեւիկն ասաց. «Ինձ սարսափեցնում է անտարբերությունը։ Մարդիկ կարող են անցնել եւ չնկատել։ Իսկ եթե մենք էլ անտարբեր լինենք, ի՞նչ կլինի մեր քաղաքի վիճակը։ Չէ՞ որ սա մեր հայրենիքն է, մեր տունը»։ Տիկին Արեւիկը, երբ մեղադրեց գետնանցումի հարեւանությամբ ծաղիկ վաճառող տղամարդուն՝ ծաղկի հնացած եւ նեխած ջրերը անցումի տակ թափելու համար, վերջինս փորձեց արդարանալ. «Մեզանից ինչ հասնում է, անում ենք։ Հավաքարարը ամեն օր գալիս մաքրում է։ Ամեն օր լամփուշկա եմ գցում, երեխաները խփում-ջարդում են, էլ չեմ ասում, որ զուգարան են սարքել։ Որ ես էլ չջրեմ, գարշահոտությունը կխեղդի մարդկանց»։ Տիկին Արեւիկը զարմանում է. «Ով է տեսել մաքրության միամսյակ անեն։ Ինչի նման կլինի, եթե տան տիկինը մի ամիս մաքրություն անի, 11 ամիս կեղտոտ թողնի»։ Ըստ նրա, մենք արաբների չափ էլ չկանք։ Նրան, որ վիճակվել է «սովետական իշխանության օրոք» գնալ արաբական երկիր, զարմացած է մնացել. «Այնպիսի մաքրություն էր տիրում փողոցներում, որ պատմելու բան չէ։ Նրանք կարող են այդպիսի երկիր պահել, մենք՝ ո՞չ»։ Գետնանցումը «փրկելու» համար երկու ծեր կանայք բազմիցս դիմել են «Արտակարգ իրավիճակին» եւ տարբեր լրատվամիջոցների, բայց անարդյունք։ Միշտ արժանացել են անտարբերության. «Նման հարցերով մենք չենք զբաղվում, գնացեք՝ ձեր թաղապետին ասեք»,- ասել են ամենուր։ Անշուշտ, այդ կանայք բնավ էլ չէին կարող պարզել, թե որ համայնքին է պատկանում այդ տարածքը կամ, թե որ կազմակերպությունն է զբաղվում այդ գետնանցումով (եթե հաշվի առնենք այն, թե ինչ դժվարությամբ կարողացանք դա անել)։ Թեեւ տարածքը պատկանում է Արաբկիր համայնքին, բայց, ինչպես մեզ հաղորդեցին Արաբկիր համայնքի Կոմունալ վարչությունից՝ դա իրենց ենթակայության տակ չէ եւ այդ հարցով զբաղվում է քաղաքապետարանի Բարեկարգման վարչությունը։ Վերջինս էլ մատնանշեց Կոմունալ վարչությանը։ Վարչության պետ Լեւոն Ղազազյանը մեր հարցին պատասխանեց, որ մաքրության միամսյակը նվիրված էր քաղաքի կանաչապատման, սանմաքրման եւ ամեն տեսակի բարեկարգումներին ու գետնանցումները չեն տարանջատվում այդ բոլորից։ Պրն Ղազազյանը խնդրի վերաբերյալ փորձեց մեզ հանգստացնել՝ ասելով, որ մարդիկ այսօր գետնանցումից չեն օգտվում։ Ապա շուտ գլխի ընկնելով խոսքերի նշանակությունը՝ ավելացրեց. «Բայց դա չի նշանակում, որ պետք է կեղտոտ թողնեն»։ Վերջապես կարողացանք պարզել, որ գետնանցումների հարցերով զբաղվում է «Բարեկարգում եւ շինարարություն» ՓԲԸ-ն։ Տնօրեն Սամվել Հարությունյանը հայտնեց, որ հիշյալ գետնանցումը վարձակալությամբ տրվել է «Անդերգրաունդ» ֆիրմային։ Ըստ պրն Հարությունյանի, մոտ 2-3 ամիս առաջ ֆիրմայի փոխտնօրենի հետ կնքվել է պայմանագիր՝ գետնանցումը մաքրելու եւ շինարարություն անելու նպատակով։ Ս. Հարությունյանի կարծիքով, գետնանցումների մաքրությունը հիմնականում ոչ թե իրենցից է կախված, այլ նրանից, որ քաղաքում հասարակական զուգարաններ չկան։ Պրն Հարությունյանը տեղեկացրեց, որ շուտով այդ գետնանցումը վերանորոգվելու է եւ խոստացավ արագացնել գործընթացը։ «Մաքուր անցում» դուստր ՓԲԸ-ի տնօրեն Զավեն Մկրտչյանն էլ իր հերթին ասաց, որ իրենք չեն կարող ամեն րոպե հսկել մարդկանց. «Ինչքան տաքսու վարորդ, առեւտուր անող, ձուկ վաճառող կա, որպես զուգարան օգտագործում են գետնանցումները»։ Վերը նշված բոլոր մարդիկ, որոնց հետ կարողացանք զրուցել, միանշանակ ընդունում էին, որ բարձրացված հարցը «շատ ցավոտ է», որը պահանջում է անհապաղ լուծում։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել