Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը Հայաստանի ամ

Մայիս 18,2001 00:00

Ջրիկ մոտեցում՝ ջրին ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկայացնելով «ՀՀ ջրային պաշարները, դրանց օգտագործման կառավարման ներկա իրավիճակն ու հեռանկարները» թեմայով դասախոսությունը՝ նշեց, որ Հայաստանը սակավաջուր երկիր է։ Մեր հանրապետությունում յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող ջրի քանակը տարեկան կազմում է 2600խմ (այն 6-7 անգամ պակաս է ԱՊՀ մյուս երկրների միջինից), մակերեւութային հոսքը չափազանց անհավասարաչափ է բաշխված։ Ըստ 1961-1995թթ. հիդրոլոգիական ուսումնասիրությունների, Հայաստանում մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 17-18 մլրդ խմ, իսկ գոլորշիացումը՝ 11,5 մլրդ խմ։ Գ. Մարտիրոսյանի խոսքերով, Հայաստանում ջրի նկատմամբ ընդհանրական մոտեցման բացակայությունը հանգեցրել է ջրի կառավարման չափազանց մասնատված ու խառնաշփոթ համակարգի։ «Ջրամբարների, ջրանցքների, խողովակաշարերի, պոմպակայանների, կոյուղու համակարգերի կառուցումը, շահագործումն ու պահպանումը բաժանված են վարչական բազմազան ստորաբաժանումների միջեւ։ Եվ դա այնքան չհիմնավորված ու անհստակ է կատարվել, որ Հայաստանում ջրային բնագավառը, որպես այդպիսին, գոյություն չունի»,- ասաց նա։ Այնինչ, աշխարհը 21-րդ դարը համարում է ջրի դար, իսկ Հայաստանում ջրի կառավարումը «կորել է բնագավառային շահերի մեջ»։ Մինչ այսօր, ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի, ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի գործունեությունն իրականացվել է ոչ թե առեւտրային սկզբունքներով, այլ համայնավարական եղանակներով, հաշվառման խնդիր դրված չի եղել, ինչի հետեւանքով ո՛չ խմելու եւ ո՛չ էլ ոռոգման ջուրը որպես ապրանք, առեւտրային գործունեության առարկա չի դիտվել։ Սակայն պրն Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ այժմ հստակեցվել է պետական քաղաքականություն իրականացնող, ռեսուրսների օգտագործման կառավարման եւ տնտեսական գործունեությամբ զբաղվող մարմինների գործառույթները։ Գ. Մարտիրոսյանի հավաստմամբ, Ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է զբաղվի ջրային ռեսուրսների օգտագործման կառավարումով եւ հասարակության ջրային պահանջարկի ապահովման խնդրով։ Առաջիկա 10 տարվա համար պատրաստվել է ներդրումային ծրագիր՝ 200 միլիոն դոլարի սահմաններում։ Մեկ շաբաթ առաջ Գերմանիայի կառավարության հետ փաստաթուղթ է ստորագրվել 57 միլիոն մարկ ծրագիրն իրականացնելու վերաբերյալ, հունիսին կսկսվի 2-րդ ծրագիրը՝ Համաշխարհային բանկի հետ՝ 31 միլիոն դոլար արժողությամբ։ Թեեւ սրանք հուսադրող ծրագրեր են, այդուհանդերձ, Գ. Մարտիրոսյանն ինքն է փաստում, որ մատուցված ծառայությունների ցածր մակարդակը, ջրի վճարների հաշվառման ու գանձման անբավարար վիճակը, ջրի կորուստների բարձր տոկոսն այսօր հանգեցրել են ջրամատակարարման համակարգերի տեխնիկական ու ֆինանսական ճգնաժամային վիճակի։ Միայն «Ոռոգում» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերություններում, Ջրային պետական կոմիտեի նախագահի հավաստմամբ, 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ, կուտակվել է աշխատավարձի, սոցիալական վճարների եւ այլ մատակարարների գծով շուրջ 27 միլիարդ դրամ պարտք։ Այժմ կառավարությանն առընթեր նորաստեղծ Ջրային տնտեսության պետական կոմիտեն լուրջ ձեռնարկումներ պետք է կատարի համակարգը այս վիճակից դուրս բերելու համար։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել