Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Սեպտեմբեր 01,2001 00:00

ԼՐԱԳՐՈՂ ԼԻՆԵԼԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է Հարցազրույց ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանի հետ – Ազգային ժողովում, հավատարմագրման նոր կարգով, յուրաքանչյուր լրատվամիջոցից հավատարմագրվում են երկուական լրագրողներ։ Ի՞նչ նպատակով է հավատարմագրումը գրեթե կրկնապատկվել։ – Հավատարմագրումը միայն առաջին հայացքից է կրկնապատկվել, իրականում խորհրդարանի աշխատանքն ամբողջ ծավալով լուսաբանելու համար ոչ բոլոր լրատվամիջոցներից, բայց հեռուստաընկերություններից ու օրաթերթերից, հաստատ, հավատարմագրվածներից բացի, անցագրերով ու հայտերով խորհրդարան են եկել նաեւ չհավատարմագրված լրագրողներ։ Իսկ այս պարագայում ե՛ւ լրատվամիջոցը, ե՛ւ վարչությունը հնարավորություն են ստանում ավելի ճկուն աշխատանքի՝ լրատվամիջոցը միշտ կարող է փոխարինել աշխատակցին, վարչությունն էլ ազատվում է համարյա ամեն օր լրացուցիչ հայտեր գրելուց։ Իսկ ամենաշահողն այս տարբերակից լինելու է տեղեկատվություն ստացողը, որովհետեւ խորհրդարանում լինելու են խորհրդարանի աշխատանքն օր առ օր ու ժամ առ ժամ տեղյակ լրագրողներ, այլ ոչ թե նրանք, ովքեր այդ պահին իրենց աշխատանքի վայրում ազատ են։ Հավատարմագրվելը շատ հաճախ ընկալվում է՝ իբրեւ խորհրդարան մուտքի ու ելքի ազատ արտոնագիր ստանալ։ – Հիմնականում դա էլ նշանակում է, ուրիշ ի՞նչ պիտի նշանակի։ – Ուրիշ պիտի նշանակի, որ խորհրդարանում հավատարմագրված յուրաքանչյուր լրագրող, ըստ էության, իմաստավորի իր աշխատանքը։ Օրվա վազքի մեջ շատ հաճախ կարեւորագույն ճշմարտություններ են շրջանցվում։ Բնականաբար՝ բոլոր լրատվամիջոցներն էլ ունեն որոշակի խնդիրներ, ոչ ոք դա չի անտեսում, բայց երկիրը մեկն է, եւ այս մի ափ երկրում բոլորս ունենք մեր պատասխանատվությունը մեր գրածի ու չգրածի համար։ – Դա պարզ է բոլորին, հետո… – Ես ուզում եմ, որ բոլոր լրագրողներս (ինձ չեմ կարող ու չեմ ուզում զատել լրագրողներից) ամեն տողը գրելիս ու արտաբերելիս հիշենք մեր մասնագիտության համար ամենակարեւորը՝ ստորագրության պատիվը։ Լրագրողները միշտ իրադարձությունների առաջին գծում են, սա պատկերավոր խոսք չէ, սա ճակատագիր է, եւ վտանգավոր ճակատագիր, որ նույնիսկ չենք խոստովանում, երբեմն չենք էլ զգում։ Վտանգավոր՝ իր անհամեմատելի պատասխանատվության առումով։ Գրված բառը հինգ րոպե հետո էլ, հինգ հարյուր տարի հետո էլ մնում է անփոփոխ։ Իսկ մենք հիշում ու մտածում ենք միայն հինգ րոպեի մասին։ – Ավելի որոշակի՝ ի՞նչ է նշանակում խորհրդարանական լրագրող։ – Դա հասկացություն է, որ մեր դեպքում դեռ պետք է ձեւավորվի։ Խորհրդարանում հավատարմագրված յուրաքանչյուր լրագրող ոչ միայն իրավունք է ստանում ներկա լինել խորհրդարանի աշխատանքին, այլեւ պարտավոր է այդ աշխատանքը լուսաբանել անաչառ ու հստակ, առանց մոտավորության ու ենթադրությունների։ Առանց չափազանցության՝ մեզ լսում, տեսնում, կարդում է ամբողջ երկիրը, իսկ դա պարտադրում է աշխատանքի որոշակի կանոններ։ Ավելին՝ խորհրդարանի աշխատանքն ուշադրության կենտրոններից մեկն է երկրից դուրս, որն առավելեւս խստացնում է աշխատանքի այդ կանոնները։ Եթե կուզեք՝ վարքագծի նորմերը։ Այլ երկրների խորհրդարաններում խորհրդարանական լրագրողի իրավունքներն ու պարտականությունները խստորեն սահմանագծված են։ Աշխատանքի կազմակերպման առումով դա բավականին հստակություն է բերում։ Բայց եւ այլ երկրներն ունեն խորհրդարանական, եթե ոչ հարյուրամյա, տասնամյակներով հաշվվող ավանդույթներ, մենք այդ ճանապարհը դեռ պիտի անցնենք։ Կարծում եմ, այս առումով պիտի մտածել, թե՛ պատգամավորների էթիկայի կանոնների ստեղծման, թե՛ լրագրողների էթիկայի կանոնների սահմանման մասին։ Շահողը լինելու է խորհրդարանի՝ որպես պետական կառավարման մարմնի, հեղինակությունը։ – Ի՞նչ խնդիրներ են ծագում աշխատանքի ընթացքում պատգամավորների հետ։ – Վարչությունն ունի իր կանոնակարգը, որով բոլոր հնարավոր խնդիրների լուծումները նախատեսվում են։ – Ի՞նչ է դա նշանակում ոչ պաշտոնական լեզվով։ – Ընդամենն այն, որ վարչության խնդիրն է խորհրդարանի աշխատանքի լուսաբանումը, որ ընդգրկում է ոչ միայն նստաշրջանի աշխատանքները, այլեւ խորհրդարանի ղեկավարության, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների, խմբեր- խմբակցությունների աշխատանքը՝ պատգամավորների օրենսդրական եւ քաղաքական, պաշտոնական գործունեությունը։ Մենք ներկայացնում ենք առանց գնահատականների ու մեկնաբանությունների։ – Իսկ ի՞նչ խնդիրներ են ծագում լրագրողների հետ։ – Հիմնականում՝ տեխնիկական. տեղեկացնել ինչ է կատարվելու եւ ապահովել այս ու այն օրինագծով, քվեարկության արդյունքներով եւ այլն։ – Դա համարում եք բավարա՞ր։ – Եվ այո, եւ ոչ։ Ամեն ինչ կախված է խնդրից։ Եթե կա գործունեության ընդլայնման անհրաժեշտություն, բնականաբար, վարչությունը պիտի զբաղվի այդ խնդրով։ Առայժմ ոչ մի լրագրող չի ներկայացրել այնպիսի խնդիր, որը հընթացս չի լուծվել։ Ուղղակի մեզ խորհրդարանում, ինչպես եւ ամենուր, պակասում է ոչ միայն հաղորդակցության, այլեւ աշխատանքի կուլտուրան։ Անհեթեթ է, չէ, ամեն անգամ կրկնել՝ նիստի ժամանակ դահլիճում լրագրողը պիտի իրեն պատշաճ պահի՝ չաղմկի, տեղի-անտեղի ելումուտ չանի։ Օպերատորներն ու լուսանկարիչները նիստի ընթացքում չպիտի վերուվարեն անընդհատ։ Յուրաքանչյուր նիստի սկզբում հատկացվում է որոշակի ժամանակ՝ նկարահանումների համար, որից հետո օպերատորը պիտի մի տեղում մնա, որովհետեւ ետուառաջ անելով խանգարում են ոչ միայն նիստը, այլեւ՝ միմյանց։ Խորհրդարանի նիստը պատասխանատու աշխատանք է: Ինչպես իրեն կզգար մեզնից յուրաքանչյուրը, եթե աշխատելիս անվերջ ինչ-որ մեկը պտտվեր շուրջը՝ տեսախցիկն ու լուսանկարչական սարքը ձեռքին։ Կամ ասուլիսի ժամանակ լրագրողին ասել, որ բարեկիրթ մարդիկ նստելու համար լուսամուտագոգից նախընտրում են աթոռը։ Ամենակարեւորը՝ առաջնորդվելով տարբեր խնդիրներով ու շահերով, «մոռանում ենք», որ խորհրդարանը պետության ղեկավար մարմին է եւ հայելու պես արտացոլում է հասարակության պատկերը։ Սա է այս պետության խորհրդարանը, ավելին չի լինելու, քանի այսպիսին ենք մենք։ Մեր մեծ ու մանր շահերով թելադրված՝ օրը մեկ խորհրդարանի լուծարում պահանջելը, պատգամավորների ներկա-անցյալ-ապագան քչփորելն ընդամենը մեկ օրվա սենսացիա է, բայց հակադարձ հարվածով խփում է պետականության գաղափարին՝ էս ինչ պետություն է, որի խորհրդարանը պիտի ցրել, էս ինչ պատգամավորներ են, որ իրենք իրենց չեն վստահում ու չեն հավատում… Ի՞նչ երաշխիք, որ նորից ընտրվածը պիտի կարգին լինի։ Ի՞նչ չափանիշով է այդ կարգինը որոշվում։ Ո՞վ է ընդունելու, որ ինքը ժողովրդի շահը չի պաշտպանում։ Այդ ի՞նչ վերացական շահ է, որ բոլորը պաշտպանում են, բայց անպաշտպան է… Աշխարհի ամենաբարդ հարցերը հռետորական հարցերն են, որոնք սովորաբար մնում են անպատասխան եւ ձեւավորում են հակասություններ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել