Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ

Սեպտեմբեր 08,2001 00:00

Թատրոնն առանց սահմանների Իմ լավ բարեկամ եւ գործընկեր Արմեն Էլբակյանն ամիսներ է, ինչ ղեկավարում է այդ թատրոնը, բայց ստացվեց այնպես, որ ես առաջին անգամ էի այցելում։ Թեեւ արդի իրականության պայմաններում դա այնքան էլ զարմանալի չէ։ Խոստովանենք, որ մեզանում վաղուց են մոռացել ժամանակին «Խամաճիկների» կոչված թատրոնը։ Ավելորդ չեմ համարում նկատել, որ «խամաճիկ» հասկացությունն այս դեպքում այնքան էլ տեղին չի օգտագործվել, քանի որ կնշանակի ընդհանրապես «տիկնիկ»։ Մինչդեռ «մարիոնետ» անվանում են հատկապես այնպիսի տիկնիկները, որոնք խաղարկվում են թելերի օգնությամբ, եւ նրանց կախյալ լինելը խաղարկող դերասանից բնավ չի էլ քողարկվում։ Ինչեւէ, թատրոնի ճակատին փակցված էր «մարիոնետ» բառը։ Եվ դա գոհացրեց նաեւ այն պատճառով, որ այդ անվանումն իր բովանդակությամբ շատ պատկերավոր է. չէ՞ որ մեր կյանքն ինքնին մի մեծ, լայնատարած մարիոնետային թատրոն է։ Չշփոթենք հանրածանոթ՝ «Կյանքը թատրոն է» արտահայտության հետ։ Սրանք տարբեր իմաստներ են կրում։ Մի դեպքում՝ կյանքը դիտվում է որպես խաղահրապարակ, ուր յուրաքանչյուրն իր դերն ունի, իսկ մյուս դեպքում՝ ասպարեզ են դուրս բերված անհոգի տիկնիկներ, եւ «տերերը» (դերասանները) խաղարկում են նրանց ինչպես կամենան՝ անհրաժեշտ թելերից քաշելով։ Ես ենթադրում էի, որ Արմենն այդ հանգամանքն անպատճառ հաշվի է առել, երբ եկել է թատրոն։ Եվ չսխալվեցի։ Իրեն հատուկ հեգնաժպիտ հումորով ասաց. – Ամբողջ թատրոնը մի մեծ ճամպրուկի մեջ տեղ կանի… Վերցրու եւ ուր ուզում ես գնա։ Պարզվեց, սա նաեւ ծրագիր է, ընդ որում՝ իրական։ Հաճելի զարմանքով իմացա, որ շատ խոստումնալից նախագիծ է մշակել՝ «Թատրոնն առանց սահմանների»։ Իսկ թե ի՞նչ է դա նշանակում, այսպես բացատրեց. – Ընտրում եմ մի քանի ներկայացում, վարձում եմ համապատասխան մեքենա եւ շրջում աշխարհով մեկ։ – Եվ այդպիսով վերականգնում ես միջնադարյան թատրոնի բարի ավանդույթնե՞րը,- հարցրի ես։ – Իսկ ինչո՞ւ ոչ։ Դրանք այսօր էլ շատ կենսունակ կարող են լինել։ Իսկական թատերախաղը բացօթյա հրապարակում է երեւում։ Բայց այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան։ – Է՞լ ինչ ստեղծագործական ծրագրեր ունես։ – Առաջիկայում նախատեսում եմ բեմադրել, ըստ Աթաբեկ Խնկոյանի՝ «Մկների ժողովը» երաժշտական ներկայացումը, որը վերածելու եմ քաղաքական պամֆլետի։ Այս գործն ինձ շատ է ոգեւորում, թեեւ գիտեմ, որ այդ թեմային արդեն անդրադարձներ եղել են։ Դե, իսկ իբրեւ իսկական հայ, պատրաստվում եմ նաեւ նշել Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակը։ Իհարկե, չեմ մոռանում Էդգար Էլբակյանի անվան թատրոնը եւս։ Մեր հանդիսատեսն անշուշտ ծանոթ է այդ թատրոնին։ Վերջին տարիներին այն հանդես էր գալիս զանազան թատերախմբերում, իսկ այս ամռանը Սունդուկյանի անվան թատրոնում խաղարկեց Արմեն եւ Աննա Էլբակյանների «Ուշացած թռչուն» հեղինակային ներկայացումը։ – Ի դեպ, ինչպե՞ս այն ծնվեց։ – Սովորական զրույցից։ Երեւի թե ի վերուստ նախախնամություն կար, որ ես եւ Անկան այդ գործը ստեղծենք։ Չէ որ, ըստ էության, հիմքում ոչ թե պիես է, այլ պարզապես սցենար՝ ներկայացվող խաղի ուրվագիծ։ Երկխոսությունները ծնվում են ներկայացման ժամանակ՝ հանպատրաստից։ Այդ իսկ պատճառով էլ հնչում են բնական ու երեւի թե վարակիչ են։ Համենայնդեպս, թե Ամերիկայում, ուր կայացավ առաջնախաղը, թե այստեղ՝ դահլիճները լեփ-լեցուն էին։ – Այդ ներկայացումն, ինչպես երեւում է, հոգու ներկայացում է, այդպես չէ՞։ – Նույնիսկ այնքան, որ շատ հաճախ մենք էլ ենք բեմում հուզվում։ Լռություն տիրեց։ Երբեմն, ինչպես ասում են, լռությունն ավելի արտահայտիչ է։ Հետո, որպես օրինակելի ծայրահեղական, Արմենն ասաց. – Գիտե՞ս, ես սկսել եմ չսիրել թատրոնը… Ավելի շուտ, չեմ սիրում նրա սուտը։ Իսկ ինչո՞ւ եմ զբաղվում այս գործով։ Դե, որովհետեւ սա է իմ փեշակը։ Կանեմ ինչ-որ կարող եմ, մարդկանց մի քիչ սեր, մի քիչ էլ ուրախություն պարգեւելու համար։ Էլ ի՞նչ է մնում… ԳՐԻԳՈՐ ՕՐԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել