Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Սեպտեմբեր 18,2001 00:00

«ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԱԿ ՁԳԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ» Հարցազրույց նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ -Ռուսաստանի նախագահը վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Ստորագրվեցին մի շարք կարեւոր պայմանագրեր։ Որպես նախկին վարչապետ, բացատրեք այդ պայմանագրի նշանակությունը։ – Վ. Պուտինի այցից եւ կնքված պայմանագրերից հետո տպավորություն ստացա, որ նախագահ Քոչարյանը հիմա ինձ ավելի շատ է հարգում, քան մինչ այդ։ Եթե պաշտոնազրկվելուս գլխավոր ենթատեքստն այն էր, որ ես հիմնականում մեղադրվում էի ռուսամետ լինելու մեջ, այսօր Ռ. Քոչարյանը ցույց տվեց, որ ինքը ոչ թե ռուսամետ է, այլ ամբողջությամբ ռուս է։ Կուզեի, այո, անդրադառնալ կնքված պայմանագրերին։ Ասեմ, որ դեռեւս իմ պաշտոնավարման ժամանակ խնդիր էր առաջացել նույն ռուսական պարտքը վերադարձնելու մասին։ Գումարային պարտքը վերցնելիս մենք գրավ էինք դրել ատոմակայանի բաժնետոմսերի 20%-ը եւ «Նաիրիտի» բաժնետոմսերի 20%-ը։ Ես փորձում էի նախագահ Քոչարյանին համոզել, որ ճիշտ կլինի բաժնեմասերը ուղղակի տրամադրել Ռուսաստանին, քանի որ գումարներ չկան։ Հիմնավորումը հետեւյալն էր՝ այսպես թե այնպես, մեր էներգետիկայի 50 %-ը Ռուսաստանի ձեռքում է, կոշտ վառելիքը եւ գազը մենք բերում ենք Ռուսաստանից։ Ռ. Քոչարյանը կտրականապես դեմ էր։ Այսօր ինքը միանշանակ համաձայնեց, հայտարարեց, որ դա ճիշտ քայլ է եւ վերագրեց իրեն։ Ռազմարդյունաբերական համալիրի մասով ասեմ, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է իմ ձեռքով։ Փաստաթուղթը նախապատրաստել էր Վաղարշակ Հարությունյանը Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ։ ներկայացված էր 22 հիմնարկ-ձեռնարկություն։ Այն ժամանակ Վլ. Պուտինը վարչապետ էր, եւ համաձայնություն ձեռք բերվեց 18-ի մասով։ Ինչո՞ւ մենք գնացինք դրան։ Որովհետեւ, ուզենք թե չուզենք, իսկ ավելի լավ, որ ուզում ենք, մեր ռազմական համալիրի 50%-ը պիտի համարենք ռուսական։ Այստեղ սերտաճումը ես միանշանակ տեսնում եմ դրական։ – Արդեն հայտնի է, որ ռուսական երեք ընկերություններ կմասնակցեն Հայաստանի ԲԷՑ-երի մասնավորեցման մրցույթին։ Ձեր վարչապետության օրոք այդ բանը հնարավոր չեղավ։ – Իմ ժամանակ ԲԷՑ-երը սոսկալի քաղաքականացվեցին։ Ինձ մոտ եկավ ՀԲ-ի ներկայացուցիչ Ջուդդի Օ254Կոները, որը ուղղակիորեն պահանջում էր, որպեսզի ռուսական «Իտեռա» ընկերությանը չթույլատրվի մասնակցել մրցույթին։ Այս առումով պրն Քոչարյանը հրաշալի աշխատեց ԿԲ-ի օգտին։ Իմ կառավարությունը չկարողացավ դիմադրել եւ մերժեց ռուսական կողմին։ Սա էր պատճառներից մեկը, որ ես ուզում էի իմ համագյուղացի էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանին ազատել աշխատանքից։ Սակայն, չմոռանանք, որ խնդիրը ԲԷՑ-երը չսեփականաշնորհելն է եւ ոչ թե Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին տալը։ ԲԷՑ-երը ստրատեգիական նշանակություն ունեն, իսկ դա որեւէ երկրին տրամադրելը համարում եմ խիստ վտանգավոր։ ԲԷՑ-երի մասով ես ուղղակի խոսել եմ Վլ. Պուտինի հետ, եւ համաձայնության եկանք, որ եթե ԲԷՑ-երը չենք մասնավորեցնում, Ռուսաստանն էլ օժանդակում է՝ մեզ ավելի էժան էներգետիկ ռեսուրսներ տրամադրել։ Դրանից անմիջապես հետո ես ազատվեցի վարչապետությունից։ Այսօր, ռուսական երեք ընկերություն է մասնակցում մրցույթին։ Հստակ գիտեմ՝ ՀԲ-ի վերաբերմունքը ինչպիսին է լինելու, նաեւ՝ Եվրախորհրդինը եւ ԱՄՆ-ինը։ – Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները կտրուկ շրջվեցին դեպի Ռուսաստան։ – Պատճա՞ռը. ճնշումներն են։ Այսօր միանգամից զիջումների գնացին, եւ Ռուսաստանին խոստումներ տրվեցին։ Խոստումները փաստաթղթով չամրագրվեցին, ուղղակի նախագահը եւս մեկ ամիս ժամանակ ձգեց։ Ես համարում եմ, որ ինքը արդեն ժամանակ ձգելու խնդիրներ է լուծում։ Բայց Ռուսաստանի նախագահ Պուտինը եւ փոխվարչապետ Կլեբանովը շատ ամուր են տրամադրված իրենց խնդիրները լուծել։ – Հանդիպումների ժամանակ նշվեց, որ Հայաստանի արդյունաբերության չափով աճ է գրանցվել։ Իսկ ձեզ ազատեցին նաեւ այն մեղադրանքով, թե տնտեսությունը չի զարգանում։ – Սկսեմ նրանից, որ նախագահ Քոչարյանը դեմ էր «Նաիրիտի» գործարկմանը եւ դա բոլորին էր հայտնի։ Ես ինձ վրա վերցրի խնդիրը՝ ընդունելով, որ եթե «նաիրիտը» վնասով աշխատի, ես ուղղակի հրաժարական կտամ։ Այս պայմանով է թույլատրվել, որ ես «Նաիրիտը» վերագործարկեմ։ Մինչեւ այս տարի «Նաիրիտն» աշխատում էր 4% շահութաբերությամբ։ Հիմա աշխատում է վնասով, այն պարզ պատճառով, որ կաուչուկի վաճառքով զբաղվում է ոչ թե գործարանը, այլ՝ նախագահական ապարատը եւ նրա մերձավոր շրջապատը։ Նույնը վերաբերում է նաեւ Ագարակի կոմբինատին, որի գործարկումը նախագահը վերագրեց իրեն։ Եթե նախագահը կարդա այս հարցազրույցը, կվերհիշի, թե ինչպես էր ինքը դեմ այդ գործարանի վերագործարկմանը։ Հետեւաբար, տնտեսության զարգացմանը իմ վարչապետության շրջանում Ռ. Քոչարյանը միայն խանգարել է: Նա ամբողջությամբ կողմ էր միայն տուրիզմի եւ սպասարկման ոլորտի զարգացմանը։ Կտրականապես դեմ էր արդյունաբերության ոլորտի զարգացմանը։ Այսօր, եթե նա փոխել է իր դիրքորոշումը, ուրեմն համաձայնել է ինձ հետ։ Ես դա դրական եմ ընդունում եւ ողջունում եմ։ Լավ է ուշ, քան երբեք։ – Այս օրերին զուգահեռներ են անցկացվում «Հոկտեմբերի 27»-ի եւ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների միջեւ։ – Այո, այդ բանն արվեց նույնիսկ նախագահամետ լրատվամիջոցների կողմից։ Սակայն համաձայն չեմ արված համեմատությունների մասով։ ԱՄՆ-ում նախագահի վարկանիշը բարձրացավ մի պարզ պատճառով՝ ինքը երեք ժամվա ընթացքում վեց հարցազրույց տվեց, անմիջապես ոտքի հանեց ամբողջ ռազմական համալիրը եւ պատերազմ հայտարարեց ահաբեկչությանը։ Մեզ մոտ դա տեղի չունեցավ։ Մեզ մոտ ժամանակի ընթացքում նախագահը սկսեց հովանավորել տեռորիստներին եւ ոչ թե գնաց դրանց պատժելու ուղիով։ Համոզված եմ, եթե Բուշը որեւէ քայլ չանի, պատկերացնո՞ւմ եք՝ հովանավորի ահաբեկիչներին, նրա վարկանիշը կհասնի Քոչարյանի վարկանիշին։ Վարկանիշը չի ձեւավորվում պետական մտածողության մասին դատարկ խոսքերով, այլ՝ կատարած գործով։ Բուշը հավաքում է նույնիսկ պահեստայիններին, իսկ մեզ մոտ բանակը ինքնուրույն պաշտպանեց երկիրը հեղաշրջումից, որից հետո նախագահը խնդիր դրեց պաշտպանության նախարարին ազատել։ Այսինքն, այն ֆունկցիաները, որ ինքը պիտի կատարեր՝ իր վարկանիշը բարձրացնելու համար, կատարեց Վաղարշակ Հարությունյանը, եւ ինքը, խանդելով, խնդիր դրեց նրան հեռացնել։ Քոչարյանը պիտի սովորի Բուշից, եթե ուզում է վարկանիշը բարձրացնել։ – Մի փոքր շեղվելով. ձեր կուսակցության, ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության համագործակցության մասին։ Ըստ որոշ պնդումների, այդ համագործակցության յուրաքանչյուր կողմի ղեկավար հավակնում է ՀՀ նախագահի պաշտոնին։ Դուք ուզում եք նախագա՞հ դառնալ։ – Ես երբեք չեմ ասել, որ ուզում եմ նախագահ դառնալ։ Երբեք այդ թեմայով չի արտահայտվել Ստեփան Դեմիրճյանը, նաեւ՝ Արտաշես Գեղամյանը։ Այդպիսի ցանկություն է հայտնել միայն նախագահ Քոչարյանը։ Եվ մեղադրել մեզ՝ նախագահական մրցավազքը սկսելու մեջ, կարծում եմ, անհիմն է։ Մենք խնդիր ենք բարձրացրել իշխանափոխության եւ ոչ թե իշխանության հասնելու։ Ընտրարշավը սկսել է Ռ. Քոչարյանը եւ ոչ թե մենք։ Նույնիսկ նախագահամետ լրատվամիջոցները հասկացան, որ նախագահի կողմից իր թեկնածությունը դնելու մասին հայտարարությունը կոպիտ սխալ էր եւ նրբանկատորեն չանդրադարձան դրան։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել