Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկայի

Սեպտեմբեր 19,2001 00:00

«ՓԵՇՍ ՊԻՆԴ ԲՌՆԵՔ» Ֆիզիկայի ինստիտուտի մշակույթի պալատում երեկ տեղի ունեցավ ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության» եւ «Հանրապետության» ղեկավարների հանդիպումն ինստիտուտի աշխատակիցների եւ թաղամասի բնակիչների հետ։ Հանդիպման նախաձեռնողն Արտաշես Գեղամյանն էր, եւ նրա առաջարկով էին Արամ Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը, Ստեփան Դեմիրճյանը, Վաղարշակ Հարությունյանը միացել հանդիպմանը։ Այսպես թե այնպես, այս հանդիպումը կարելի է համարել համագործակցող կողմերի առաջին համատեղ հանդիպումը։ Դահլիճը լեցուն էր։ Մարդիկ անմիջականորեն արձագանքում էին ցանկացած կոչի։ Արտաշես Գեղամյանի խոսքի հիմնական լեյտմոտիվն իշխանափոխությունն էր։ Պրն Գեղամյանն անդրադարձավ երկրի տնտեսությանը, սոցիալական վիճակին եւ արտաքին քաղաքականությանը։ Նրա պնդմամբ, օրվա իշխանություններն այս բոլոր ոլորտներում պարտություն են կրել։ Ըստ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարի, այս տարի երկրում շահութահարկի գծով հավաքվել է մոտ 9 մլրդ դրամ, որը 12 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Եկամտահարկի գծով հավաքվել է 5,9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 17,8 տոկոսով. «Եթե այս ամենը մենք համադրում ենք հանրապետության նախագահի այն պերճախոս խոստումներին, համաձայն որոնց 45 հազար աշխատատեղ պետք է ստեղծվեր, ապա ստախոսության բացահայտ լինելն այսպիսով ապացուցվում է»։ Պրն Գեղամյանը հարկ համարեց անդրադառնալ նաեւ որոշ լրատվամիջոցների՝ Գեղամյանին եւ ընդդիմությանն ուղղված գնահատականներին. «Սկսվել է բառիս իսկական առումով լրատվական ահաբեկչություն։ Մի կողմից՝ քարոզչամեքենան, հիշատակելով «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» եւ Ժողովրդական կուսակցությունները, ասում է՝ ընդդիմություն չկա, մյուս կողմից՝ փորձում են արատավորել թվարկածս յուրաքանչյուր կուսակցության լիդերներին։ Փաստա՞րկ… փաստարկներ ամենեւին պետք չի»։ Արտաշես Գեղամյանի կարծիքով, ոմանք «փոխանակ մայր խնդիրը վեր հանեն, այդ մայր խնդիրը վեր հանողներին են քարկոծում։ Ավելին, արդեն սպառնալիքների լեզվով են խոսում հետներս։ Հանրային հեռուստատեսությունը հանրապետության նախագահը դարձրել է սեփական բոստանը։ Արդեն գուշակներ են այնտեղ հայտնվել։ Գուշակում են՝ ինչպիսի ճակատագիր կունենա Ա. Գեղամյանը։ Լրագրողի շուրթերով երբ ասում են՝ այստեղ է, որ Ա. Գեղամյանը ճակատագրական սխալ գործեց։ Պրն Քոչարյան, իմ բախտը տնօրինողը դուք չեք եւ ոչ էլ ձեր գրչակները։ Երկու օր անց իրենց մեկ ուրիշ լրատվամիջոց հիշում է իր հարեւան Լիպարիտին, որը լյարդի ցիռոզ ուներ, խոց ուներ, բայց մեծամտությունից մահացավ։ Ճիշտ եւ ճիշտ ինձ է հիշատակում, բայց գրում է իր շեֆի մասին՝ Ռ. Քոչարյանի մասին»։ Նույնիսկ այսքան անձնավորված խոսելուց հետո, պրն Գեղամյանը փորձեց դահլիճին համոզել, որ հանդիպումը չի փորձում տեղափոխել անձնական խնդիրների դաշտ։ Իր ասելով, ինքը «այստեղ վտանգավոր միտում» է տեսնում։ Ըստ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարի՝ հանրապետության նախագահն իր որոշ քայլերով «ուզում է բոլոր հանցավոր տարրերին համոզել, որ եթե Գեղամյանը, Դեմիրճյանը, Սարգսյանը, Բազեյանը գան իշխանության, ձեզ փրկություն չի լինի, փեշս պինդ բռնեք»։ Անցնելով արտաքին քաղաքականությանը, պրն Գեղամյանը պնդեց, թե լորդ Ռասել Ջոնսթոնը պատահաբար չէր եկել, այլ՝ նախագահ Քոչարյանի խնդրանքով, որպեսզի հայ հասարակությանն արցախյան հիմնախնդրի մասին ասի այն, ինչ ինքը՝ Ռ. Քոչարյանը, ըստ Ա. Գեղամյանի, չի համարձակվում ասել։ Իշխանափոխության անհրաժեշտության մասին Գեղամյանի խոսքերին դահլիճն անմիջապես արձագանքում էր։ Ալբերտ Բազեյանն էլ, իր հերթին, դիմեց դահլիճին. «Հասունացե՞լ է իշխանափոխության պահը»։ Պատասխանը դրական էր, ոմանք նույնիսկ կարծիք հայտնեցին, թե ուշացած է։ Թերեւս, Գեղամյանն էլ դեմ չէր լրատվամիջոցներին ուղղորդել եւ իրեն իրավունք վերապահեց բեմից դիմել ներկա լրագրողներին եւ շեշտել՝ լսեցիք, ոմանք նույնիսկ գտնում են, թե ուշացած է։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը եւս խոսեց իշխանափոխության մասին, ասելով, որ իրենց նպատակը եթե պարզապես իշխանության հասնելը լիներ, իրենք ունեին այդ իշխանությունը, կհարմարվեին եւ կպահպանեին այն։ Բայց իրենց նպատակը, ըստ պրն Բազեյանի, ոչ թե իշխանության գալն է (կամ՝ ոչ այնքան), այլ՝ այս իշխանություններից ազատվելը։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին։ Զուգահեռներ անցկացնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության եւ «Հոկտեմբերի 27»-ի միջեւ, պրն Դեմիրճյանն ասաց, որ ահաբեկչությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել։ ՀԺԿ նախագահն ասաց նաեւ, որ եթե ԱՄՆ-ի նախագահը պատերազմ է հայտարարել ահաբեկչության դեմ, ապա Հայաստանի նախագահը զբաղված է ահաբեկիչներին հովանավորելով. «Մենք ասել ենք եւ մեկ անգամ եւս շեշտում ենք՝ իշխանությունները հովանավորում են ահաբեկչությունը եւ ահաբեկիչներին»։ Պրն Դեմիրճյանի կարծիքով, մինչեւ չհաստատվի արդար իշխանություն, այնպիսի իշխանություն, որին մարդիկ կհավատան եւ կվստահեն, դրական տեղաշարժերի հասնելն անհնարին կլինի. «Իսկ մեր քայլերը կլինեն հետեւողական եւ հաստատակամ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել