Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության

Հոկտեմբեր 13,2001 00:00

«ԱրմենՏելային» սերիալ Հանրապետության մեծ ու փոքր համայնքները շուտով կարթնանան մի մեծ ցնցումից, որի էպիկենտրոնը մայրաքաղաքի Շենգավիթի թաղապետարանն է։ Վերջինս, «ԱրմենՏելի» գործունեությունից 6 տարի անց, հանկարծ գլխի է ընկել, որ մասնավոր այդ կազմակերպությունն օգտագործում է հողի ընդերքն իր մալուխային գծերի համար, բայց չի վճարում սահմանված պետական հարկ։ Չնայած, որպես հողօգտագործող սուբյեկտ, ձեռնարկությունը գրանցված է Շենգավիթի տարածքային հարկային տեսչությունում եւ բարեխղճորեն ամեն տարի վճարել է իր կայանների զբաղեցրած 0,11 հա-ի հողի հարկը՝ 51,7 հազար դրամ։ Իսկ հեռախոսակապի գծերը (ստորգետնյա) «ԱրմենՏելի» կարծիքով, հաշիվ չեն, այսինքն՝ տարածք չեն զբաղեցնում։ Հասկանա՞նք, որ ով ուզի, կարող է օգտագործել գետնատակի այդ հատվածը, առանց «ԱրմենՏելի» հետ պրոբլեմ ունենալու։ Իհարկե՝ ոչ, բայց չեն էլ վճարում, որովհետեւ այդպիսի հարկ մինչ օրս ոչ մեկը չի պարտավորեցրել վճարել։ Անշուշտ, մինչեւ «ԱրմենՏելի» հայտնությունը կապն էլ էր պետական, հողն էլ, հիմա՝ ուրիշ։ Եվ ահա, վեցտարյա լռությունն առաջինը ճեղքեց Շենգավիթի թաղապետարանը, «ԱրմենՏել» ՀՁ ՓԲ ընկերությանը հողի հարկ վճարելուն պարտավորեցնելու մասին հայցով դիմելով Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան։ Դատական երրորդ նիստում «ԱրմենՏելի» ներկայացուցիչ Նվեր Սերոբյանը փորձեց բացատրել պահանջի անհիմն լինելը՝ կառչելով հողային, հարկային ու քաղաքացիական օրենսգրքերի որոշ հոդվածներից։ Օրինակ, հողի հարկի մասին օրենքի մի հոդվածում նշվում է, որ «հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են շենքերի, շինարարությունների զբաղեցրած հողերը եւ տեխնիկական ու մյուս գոտիները»։ Օրենքն իրավունք է վերապահում հողի հարկից ազատել ընդհանուր օգտագործման հողամասերը, այն է՝ հրապարակ, փողոցներ, անցումներ եւ այլն։ Ըստ պատասխանողի, իրենց մալուխագծերը հենց այդ տարածքներում են։ Ն. Սերոբյանի կարծիքով, ոչինչ նշված չէ ստորգետնյա մասի օգտագործման համար վճարի մասին։ Բայց հայցվոր կողմի ներկայացուցիչ Ռուզաննա Մարգարյանն էլ հիմնավորեց հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով՝ «հողամասը հողի ինչպես վերգետնյա, այնպես էլ՝ ստորգետնյա տարածքն է, իսկ հեռախոսագծերը, որպես կապի շահագործման միջոց, մտնում են վերը նշված տեխնիկական եւ ուրիշ գոտիների մեջ»։ Այսպիսով, վճիռը կայացվեց հօգուտ Շենգավիթի թաղապետարանի։ «Բողոքարկելո՞ւ եք» հարցիս «ԱրմենՏելի» ներկայացուցիչը պատասխանեց. – Թող որոշի ղեկավարությունը, բայց իմ կարծիքով, վիճելի տեղեր շատ կան։ Արդյո՞ք այս «հայտնաբերումը» կապ ուներ րոպեավճարի կիրառման հետ։ Այս հարցին Շենգավիթի թաղապետարանի ներկայացուցիչը պատասխանեց. – Ոչ, անշուշտ՝ ոչ, մենք մինչեւ 2001 թիվը բազմիցս դիմել ենք «ԱրմենՏելին» այս խնդրով, իսկ 2001-ի հունվարից էլ՝ գրավոր։ Բայց 2 դեպքում էլ պատասխան չենք ստացել, ուստի հայցով մտանք դատարան։ Ի դեպ, նրա պատմելով, գրավոր դիմումներ են եղել շատ համայնքներից, եւ այժմ չի բացառվում, որ այս հայցով դատավարությունների «սերիալ» սկսվի։ Գումարն էլ փոքր գումար չէ, եթե հաշվարկվի ողջ հանրապետության մասշտաբով։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել